ՀԱՂԹԵՑ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ
(Երևանի պետական կամերային երգչախումբն առաջին մրցանակի է արժանացել Լեհաստանում «Հայնովա» ուղղափառ եկեղեցական երաժշտական փառատոնում):Լեհական ուղղափառ եկեղեցական երաժշտական «Հայնովա» փառատոնը 40 տարուց ավելի պատմություն ունի։ 2022 թ․-ի սեպտեմբերի 21-25-ը 41-րդ փառատոնային օրերին Երևանի պետ․ կամերային երգչախումբը երեք համերգ ունեցավ, և արդյունքները, որքան անսպասելի էին Հայաստանը ներկայացնող միակ երգչախմբի համար, նույնքան ընդունելի և բնական էին թե՛ փառատոնի մասնակիցների և թե՛ տեղի հանդիսականի համար։ Փառատոնային ծրագրի պահանջն էր՝ երգացանկում ընդգրկել հոգևոր-տաճարական երգեր, ինչպես նաև ժամանակակից հեղինակների՝ քրիստոնեական հավատո ստեղծագործություններ և մշակումներ։ Հայերը Լեհաստան էին տարել Կոմիտասի, Դավիթ Հալաջյանի և Վահրամ Սարգսյանի ստեղծագործությունները։Կոմիտասյան խմբերգերի ընտրությունը պատահական չէր։ Երգչախմբի ստեղծագործական ճանապարհը մեծապես կապված է եղել հոգևոր երաժշտության հետ․ Հարություն Թոփիկյանի խմբավարական շնորհն էր համոզիչ հանգամանքը եղել, որ Հայ Առաքելական եկեղեցու և անձամբ Հայոց կաթողիկոսի հովանավորությամբ նախորդ դարի 90-ական թվականների կեսերին հիմնվել էր Երևանի կամերային երգչախումբը։ Առիթը կոմիտասյան բոլոր խմբերգերը կատարելն ու ձայնագրելն էր, ինչն էլ հաջողությամբ իրագործել էր, և սա էր նաև խմբի հետագա տասնամյակների անընդմեջ ստեղծագործական ուղու հիմքը դարձել։ 2020-ին երգչախումբը Հ․ Թոփիկյանի խմբավարությամբ հանդես է եկել կոմիտասյան բոլոր խմբերգերը ներկայացնող բազմամաս համերգաշարով, իսկ մաեստրո Թոփիկյանի անժամանակ մահից հետո նրա գործն հետևողականորեն շարունակելու հանձանառությունն իր վրա է վերցրել երգչախմբի ներկայիս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Քրիստինա Ոսկանյանը։ Հենց նրա ղեկավարությամբ էլ անցան երեք ելույթները, առաջինը՝Վարշավայի բողոքական եկեղեցում, հաջորդ երկուսը՝ Բելաստոկ քաղաքի ֆիլհարմոնիայի դահլիճում։ Մրցույթի անվանակարգերը սահմանված էին պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ երգչախմբերի համար։ «Պրոֆեսիանալ երգչախմբեր» անվանակարգում մրցանակը միանշանակ շնորհվեց հայ հոգևոր երաժշտարվեստին։ «Ոչ մի ակնկալիք չունեինք փառատոնին մասնակցելիս, անգամ նախապես տեղյակ չենք եղել, որ դրա շրջանակներում մրցույթ է նախատեսված,- ամփոփ ներկայացնում է Քրիստինա Ոսկանյանը։- Բայց կոմիտասյան երաժշտությունը հաղթեց։ Գիտակցում էինք, որ իրոք, հավասարը չունենք, նաև՝ հնչյունաբանության, ձայներանգի որակի առումով, և դրա մասին էին խոսում այնտեղ ներկա, մրցույթին մասնակից խմբավարների անմիջական արձագանքները»։ Համերգներից հետո տարբեր առաջին մրցանակային տեղը «բաշխվել» էր երկու երգչախմբերի միջև՝ հայկականի և մոլդովականի։ Երկրորդ տեղ չկար, երրորդ տեղում պաղեստինյան երգախումբն էր։ (Փառատոնը զերծ չէր քաղաքական որոշակի շեշտադրումներից, և առաջին տեղի «բաժանումն» ակնհայտորեն դրա արտահայտություններից մեկն էր)։ Արդյունքների ամփոփումից հետո մոլդովական «Գլորիա» երգչախմբի ղեկավար Վալերիա Դիաքոնուն Ք․ Ոսկանյանի հետ անձնական զրույցում հավաստել էր՝ «Միևնույն է՝ դուք եք առաջինը»։ Մենք շատ ենք խոսում Կոմիտասի երաժշտության՝ 20-րդ դարասկզբին եվրոպական ճանաչման և այդ առնչությամբ մեծանուն երաժիշտների և երաժշտագետների արձագանքների մասին, սակայն հենց միայն այս փառատոնում բացահայտված իրականությունը խոսում է, որ բնավ բավարար չեն հայ ազգային, հոգևոր երաժշտության և հայ հեղինակների հանրաճանաչելիությանն ուղղված քայլերն ու ձեռնարկումները։ Երևանի կամերային երգչախմբի ելույթները Լեհաստանում հայտնություններ էին փառատոնին մասնակից բոլոր տասներեք մասնակցների համար։ Լեհական երեք, Մակեդոնիայից, Իսպանիայից, Սերբիայից, Ռումինիայից, Բելառուսից, Մոլդովայից, Ուկրաինայից, Եգիպտոսից, Պաղեստինից ժամանած երաժիշտներից ու դիրիժորներից շատերը ցանկացան ունենալ կոմիտասյան երաժշտության նոտաները՝ իրենց երգացանկերում այդ հայ հոգևոր երաժշտական գանձերն ընդգրկելու համար, իսկ ուկրաինական «Զնամենյա» երգչախմբի ղեկավարներ Նատալյա և Վոլոդիամիր Իվանյակների խնդրանքով հայերն իրենց նվիրեցին կոմիտասյան «Պատարագի» նոտաները։Նոտաների բոլոր տրցակները փառատոնի մասնակիցներին ընծայելով՝ խումբը Երևան վերադարձավ՝ համոզված, որ շատ շուտով օտար երկրների հոգևոր օջախներում և աշխարհիկ սրահներում առավել լայնորեն կհնչեն հայ հեղինակները։ Տեղին է այստեղ հիշել 1897-ին Բեռլինից Կոմիտասի գրած նամակը․ «․․․Ուսուցչապետս միշտ կրկնում է՝ դուք ստեղծել եք երաժշտական ազնիվ ու ինքնուրույն ոճ, որ կարմիր գծի պես ձեր ամբողջ գրվածքների և շարադրությունների մեջ պայծառ անց է կենում։ Այդ ոճը ես անվանում եմ հայկական ոճ, ասում է, որովհետև մեր երաժշտական ծանոթ աշխարհի համար նորություն է»։ Այս տողերը գրելուց 125 տարի հետո այդ «նորությունը» եվրոպական բեմում իր ողջ փայլով դարձյալ ներկայացավ կոմիտասյան «Պատարագի» «Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ», «Սուրբ, սուրբ», «Հայր մեր», «Ամենայն հայր սուրբ», «Խորհուրդ խորին», «Մարմին տերունական» հատվածներն արական կազմով կատարելիս, ապա և Մաշտոցի «Անկանիմը», խառը կազմով՝ քառաձայն՝ Դավիթ Հալաջյանի «Տե՛ր, եթե շրթունս իմ բանաս» և Վահրամ Սարգսյանի «Խորհուրդ մեծ», «Սքանչելի» խորագրերով հոգևոր երաժշտական երկերը հնչեցնելիս։«Երկու օր մեր ելույթներն ունկնդրելուց հետո մեզ հուզված մոտեցավ ուկրաինական երգչախմբներից մեկի ղեկավարը՝ ուղղափառ հոգևորական, որը, իր իսկ խոսքերով, պարզապես ցնցված էր, զարմացած,- պատմում է Երևանի կամերային երգչախմբի անդամ Թամարա Մոսինյանը Նա ասաց, որ նկատի առնելով Կոմիտասի ապրած ժամանակաշրջանը՝ մեզնից մեկ-մեկուկես դար առաջ, իր գործերն այնքան զգացմունքային — հզոր են, որ կարողանում են թափանցել ունկնդրի ներսը։ Եվ որ մեղեդիներից ինքը խորապես ցնցված է։ Շատերն էին նշում մեր կատարումների բարձր մշակույթը։ Զուր չէր, որ «Հայնովա» փառատոնի գալա համերգին հայկական երգչախմբին, մյուս մրցանակակիրների համեմատ, հավելյալ գործերով հանդես ունենալու հնարավորություն տրվեց»։«Մեծ պարտավորվածություն կար՝ ներկայացնելու հայ մշակույթը,- ասում է երգչախմբի անդամ, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր Անդրանիկ Մալխասյանը Հարություն Թոփիկյանի առաքելությունն էր Կոմիտասի բոլոր խմբերգերը բեմ հանելը։ Եվ մեր երգչախումբը՝ Ք․ Ոսկանյանի ղեկավարությամբ, շարունակում է այդ առաքելությունը։ Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ փառատոնին մյուս երգչախմբերի «միալար — միապաղաղության» մեջ մեր բազմաձայնանությունն «ականջի բալասան» էր։ Մեր ելույթները լուսաբանվեցին լրատվամիջոցներում, ունեցանք տարբեր երկրներից հրավերներ․Կոմիտասի երաժշտությունը շատերն են ուզում լսել իրենց բեմերում»։ ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ