ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՀՔ, ԱՊՐԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔ
Սա համահայոց ընկճախտի հերթական անխուսափելի արարն է: Մենք սրան գնում էինք քայլ առ քայլ՝ թերահաշվարկի ահագությամբ պայմանավորված: Երկիրն ու ժողովուրդը ընկճախտի են մատնվել ոչ այնքան «հանկարծահաս աղետի» հետևանքով, որքան աշխարհում միայնակ մնալու օրըստօրե թանձրացող, հոգեջլատիչ զգացողության բերումով: Ազգային հոգեբանության առումով՝ սա նաև հետևանք է սեփական քաղաքական ապագայի հանդեպ հավաքական հայ մարդու անտարբերության և մտքի ծուլության: Մենք՝ հայերս, չենք ունեցել և չունենք մեր հայրենիքի «տարածքային միասնականության և ամբողջականության գիտակցություն», որովհետև մշակութաբանորեն տարակայացված ու մասնատված ենք եղել և այսօր էլ հիմնականում նույնն ենք մնացել՝ ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի: Մենք չենք ունեցել նաև «արտաքին կյանքի միասնականության գիտակցություն» և, հետևաբար, մենք երբեք չենք հստակեցրել աշխարհում մեր տեղն ու դերը, այլև Հայաստան հասարակապետական միավորի «անհրաժեշտության» հանգամանքը համաշխարհային մեծ ու փոքր խաղացողների համար, քանզի, պահի թելադրանքով, տրվել ենք անհատականացված ու խմբային շահերի բավարարմանը՝ թող որ անգամ մատից ծծած «լավագույն» հայրենասիրական մղումներով: Սակայն պետության ստեղծումն ու հզորացումը ամենևին էլ հայրենասիրական մղում չէ, այլ, ինչպես Իսրայելի օրինակը ցույց տվեց, գիտակցված հաշվարկ: «Գիտակցված»՝ այն առումով, որ կարևորես պիտի քո իսկ քաղաքակրթական նշանակությունը նախ ինքդ քեզ համար, ապա և աշխարհաքաղաքական թատերաբեմում, և «հաշվա՛րկ»՝ այնու, որ բնազդածին համակրանքներդ կարողանաս զսպել, երբ խնդիրը աշխարհում ինքնահաստատման անհրաժեշտությանն է վերաբերում: Չկա՛ միասնական, հավաքական գիտակցություն, չկա՛ արտաքին կյանքի միասնականության գիտակցություն, կունենանք այն, ինչ ունեցել ենք. սեփական կարողությունները թերա- կամ գերագնահատելու, այլև մսխելու և չարյաց փոքրագույն օտարին ապավինելու ոչ մի տեղ չտանող անձնապաստան, ենթագիտակցական թերահաշվարկ: Սա նաև այն դեպքն է, որ սեփական ապագան կերտելու պատրաստ հավաքականությունը ազգային կյանքով ապրելու գաղափարի պահանջարկ պիտի ունենա, այլապես դրա պակասը ուշ թե շուտ ջլատելու է նրա ինքնիշխան կամքը: Մենք մեզ միշտ հարց ենք տալիս. «որտե՞ղ մենք սխալվեցինք», հաստատ իմանալով, որ սխալը սխալի վրա գործելով՝ հրաշքին ապավինելը առավել ևս մեծացնում է իրադրության ահաբեկչությամբ պայմանավորված անդառնալի, հիմնարար սխալի անշրջելիության հավանականությունը: Մենք ամեն օր մեր հավաքական թերկատար գործողություններով մոտեցրել ու ծնել ենք սույն սպառնալից իրավիճակը ու հիմա ցանկանում ենք անկոտրում մենակի ինքնամխիթարիչ, հուսադրիչ խոսքերով բացերը սվաղել… Աշոտ Ալեքսանյանգրականագետ