Կարո Վարդանյան. ՎԱՂՈՆ ՓԱՐԱՏԵՑ
Վեդիում տեղի ունեցածից արդեն ցնդելու վրա էի, երբ Վաղոն դեմս դուրս եկավ ու լուսավորեց միտքս.
— Էդ ինչի՞ ես նորից սփրթնել:
— Բա չիմացա՞ր Վեդիում ինչ եղավ:
— Ի՞նչ եղավ:
— Թուրքերը իրենց պիղծ դրոշն էին պարզել ու քաղաքը իրենցով արել:
— Ուրեմն ձեզ ամեն ինչ կարելի ա, իրենց չի կարելի՞:
— Չեմ հասկանում ինչ ես ասում, Վաղո:
— Բա դուք ո՞նց եք իրենց տարածքներում հայկական դրոշ կախում:
— Էդ ո՞ր տարածքներում ենք կախել:
— Օրինակ, Կառավարությունում ու Ազգային
Ժողովում:
— Չհասկացա, դրանք թուրքերի տարածքներն ե՞ն:
— Բա ի՞նչ էիր կարծում: Դրոշները հլը ոչինչ, բա որ դրանց մեջ ,,թշվառ-անտերն,, եք հնչեցնում, գոնե պատկերացնո՞ւմ եք ոնց եք թուրքերին ստորացնում: Դու որտե՞ղ ես տեսել, որ թուրքական տարածքները թշվառ ու անտեր լինեն:
— Լավ, ասենք թե հիմա թուրքեր են այնտեղ, բայց առաջ մերն էին, չէ՞:
— Առաջ Սասունն ու Մուշն էլ էին մերը, ուրեմն պիտի գնաք դրոշ կախեք ու ,,թշվառ-անտեր,, երգե՞ք:
— Ուզում ես ասել, որ Վեդիում ճիշտ ե՞ն արել:
— Մի բան էլ ուշացրել են:
ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գրող- երգիծաբան