ԿԱՐՈՏԱԲԱՂՁ ՎԻՐՈՒՍ՝ ԸՆԴԴԵՄ ԹՇՆԱՄՈՒ
Թունդ հայրենասեր էր ու բոլոր հայրենասերների նման՝ դժբախտ ու ձախողակ: Շարունակ գյուտեր էր անում թշնամի երկրները քայքայելու համար, սակայն ոչ մի գյուտ չէին արտոնագրում, ավելին՝ ծաղրում էին ու ներվայնացնում նրան: Վերջին անգամ երկու օր առաջ տեսա փողոցում: Ջղաձիգ շարժումներով գնում էր ու քիչ էր մնում ընկներ մեքենայի տակ: Մոտեցա ու տարա դեպի մայթ.- Ի՞նչ է պատահել:- Սրիկաները վերջին երկու գյուտս էլ չգրանցեցին:- Ի՞նչ գյուտեր էին:- Դրանցով կարելի էր ամենակարճ ժամկետներում կործանել Թուրքիան ու Ադրբեջանը, բայց սրանց ուղեղները ոչինչ չի մտնում:- Հանգստացիր ու պատմիր:- Ո՞ր մեկը պատմեմ:- Առաջինը:- Դրանով ես առաջարկում էի վարակվածներին ու վիրուսակիրներին ոչ թե անիմաստ մեկուսացնել ու պարարտացնել, այլ, քանի աշխարհը խառն է, օգտագործել թշնամիների դեմ:- Այդ ո՞նց:- Շատ պարզ: Հիվանդներին շարում ենք մեր սահմանների երկայնքով ու ,,կրա՛կ,, հրամանից հետո նրանք սկսում են կազմակերպված հազալ, փռշտալ ու թքել թշնամիների ուղղությամբ:- Դա ի՞նչ կտա մեզ:- Ո՞նց թե՝ ինչ: Հաշված օրերի ընթացքում թշնամիները կվարակվեն ու կսկսեն կործանվել:- Բա ինչո՞ւ մերժեցին:- Ասացին, որ սահմաններին մեր հիվանդները կհայտնվեն թշնամու դիպուկահարների տեսադաշտում ու չեն հասցնի փռշտալ: Նաև պատճառաբանեցին, որ քամին կարող է դիմացից փչել ու վիրուսը հակառակ ուղղությամբ կտարածվի:- Բայց ոնց որ խելոք բան են ասել:- Ես էլ դա ընդունեցի ու երկու գիշերում կատարելագործեցի գյուտս: Այդ մեկը իսկական գլուխգործոց է, բայց սրիկաները դա էլ չընդունեցին:- Հապա դա պատմիր:- Ես պարզեցի, որ վիրուսը տարածվում է ոչ միայն օդակաթիլային ճանապարհով, այլև կարոտելու միջոցով:- Ապշելու բան ես ասում: Ո՞նց թե՝ կարոտելու միջոցով:- Այ հենց այդտեղ է հանճարեղությունը: Դա շատ անվտանգ ու հազարապատիկ արդյունավետ միջոց է: Հիվանդը թաքնվում է մի ապահով տեղում ու սկսում կարոտել թշնամիներին: Եթե ամեն վիրուսակիր օրական հինգ թշնամու կարոտի, ապա մինչև արտակարգ իրավիճակի ավարտը Թուրքիայից ու Ադրբեջանից բան չի մնա: Իսկ մենք հիմարաբար միայն մեր հարազատներին ենք կարոտում ու կարոտի միջոցով նրանց փոխանցում մեր բոլոր ցավերն ու հիվանդությունները:- Բայց դու վստա՞հ ես, որ կարոտելով կարելի է վարակել:- Այն էլ ոնց: Չէ՞ որ կարոտն էլ է տարածվում օդի միջոցով ու տարածվում է լույսի արագությունից էլ արագ: Չես նկատե՞լ, երբ մարդ ուժգին կարոտում է՝ հուզմունքից նրա քիթը խոնավանում է ու առատ փսլինք է արտադրվում, այսինքն՝ լիքը վիրուս:- Ցնդելու բան է: Ասում ես՝ դա էլ մերժեցի՞ն:- Բա ինչ արեցին: Դեռ ասացին, որ էլ իրենց կողմերը չերևամ:- Թշվառ սինլքորներ: Բա հիմա ի՞նչ պիտի անես:- Պիտի տրամադրվեմ ու Գյուտերի գործակալության բոլոր աշխատողներին թունդ կարոտեմ: ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԵրգիծաբան, անդրանիկագետ2020թ.