ԿԱՐՈՂԱՆԱԼ ԼՌԵՑՆԵԼ ՑԱՎԸ
Մարդ էր։ Սովորական մարդ էր՝ հանդ գնացող, անտառ գնացող, տարին տասներկու ամիս հող ու գոմի հետ կռիվ տվող, էդ կռվում մեկ-մեկ էլ պարտվող․ անասունի հիվանդանալ կար, երաշտ կար․․․ Ամեն ինչ էլ կար․․․ Ցավ ու մրմուռ էլ կար, երբեմն՝ անտանելի, անդիմանալի։ Բայց մարդ էր՝ սովորական, դժվարության հետ կռիվ տալուն, մեկ-մեկ էլ պարտվելուն սովոր… Ու դիմանում էր։Կյանքի լավն ու վատը դեռ մի կարգին չտեսած, դեռ մի կարգին չապրած ու աղջկա շուրթի համ չառած Գագիկ որդին զոհվել էր․ հերոսաբար զոհվողներից էր։ Որդին իր փառքն առել հավերժին էր տարել, հարազատներին թողել անանց կսկիծը, ճանաչողներին՝ անափ ափսոսանքը։ Քաջ ու լավ կռվող չէր միայն, նաև երևելի տղամարդ դառնալու խոստումնալից արտաքինով «մինիստրացու» տղա էր, իսկ թե տատիս խոսքով ասեմ, իսկական նարկոմացու էր։Մայրը ցավի տեր դարձավ, հայրը ոտքի վրա ճերմակեց։Պատերազմ էր։ Կռվում չամիչ չեն բաժանում, քիչ չէին զոհվողները։ Օջախի ճրագներ էին մարում, ծուխեր կտրվում, լինում էր՝ տնից գնացածներից ոչ մեկը չէր վերադառնում։ Պատերազմ էր, ու էդ պատերազմը իր բաժին տղերքին տանում էր։ Ու էդ արհավիրքոտ օրերին նշանդրեք-հարսանիք էլ էր լինում, ծնունդ-կնունք էլ էր լինում․․․ Նվագ էլ էր լինում․․․Սուրենի սրտի վերքը շատ էր տաք, արնածորող վիշտ էր․ Գագիկ որդին նոր-նոր պիտի դառնար քսան տարեկան․ չբոլորած էր հավերժվել։Համագյուղացի Ելենայի աղջկա նշանդրեքն էր։ Գյուղում անխախտ օրենք կար ու կա․ ուրախություն անելու համար ներողություն և թույլտվություն խնդրել վիշտ ունեցողներից։ Մեծահան, քաղցրով այցելում են օջախ, թույլտվություն խնդրում և հրավիրում մասնակցելու արարողությանը։ Չգրված մի փառավոր օրենքով ներողամտությունն ու բարեմաղթությունները պարտադիր են լինում, մեծ մասամբ նաև՝ մասնակցությունը։Շաբաթ առաջ Գրիգորն ու Ելենան գնացել էին գյուղ՝ Սուրենենց տուն։ Սուրենի կինը ինչ գտել էր իր պատերազմոտ տան պուճախներից, դրել էր սեղանին։ Սուրենի բաժակախոսքից Գրիգորն ու Ելենան ցնցվել էին։ Սուրենը օղի էր լցրել բաժակը, դող առած ձեռքով բարձրացրել, նայել որդու մեծադիր նկարին, աչքի արցունքը բռունցքված ձեռքով սրբել ու ասել․-Շատ բարով եք եկել․ լավ բանի համար եք եկել․ Աստված ձեր բռնած գործին մեծ հաջողություն տա, շնորհավոր լինի․․․ Շատ լավ եք անում։ Մեր կինը կարող է չգա, մի քիչ լավ չի զգում․ հիվանդ է, բայց ես գալու եմ ու առաջինն եմ ձեռք բարձրացնելու ու պարելու։Նշանդրեքի օրը եկավ, ոչ միայն մասնակցեց արարողությանը, այլև հրաշալի թամադայություն արեց։ Ես հաճելիորեն զարմացած էի․ բաժակախոսքերն ասում էր գրագետ գրականով, իմաստնախոսում էր, կենացները համեմում նետաքրքիր բառ ու բանով։ Երևանից հյուրեր կային, հավանաբար ուզում էր նաև արցախյան սեղանի ավանդականության հարգը բարձր պահել։Միայն բացման խոսքից մի հատված կմեջբերեմ․-․․․․Լավ է, որ կարողանում ենք մեր մեջ ուժ գտնել ու մի ձեռքով արցունք սրբել, մյուս ձեռքով պարել․․․ Որովհետև ապրել ցանկանալն է ապրեցնում, իսկ մարդը ապրել ցանկանում է, երբ սպասելիք ու երազանք ունի, նպատակ ու անելիք ունի․․․ Սուգը ապրեցնող չէ, սուգը մաշող-տանող է, դանդա՜ղ մեռցնող է։ Մեր ժողովուրդը խելոք է․ սուգ պահելու արարողություններ ու ժամկետներ է սահմանել․ ո՞վ չգիտի, որ կորստյան ցավը մեղմելու ժամանակ ու ծես չկա․ կյանքը իրենն է անում, ու ինքն էլ տված վերքին ճար անում։ Կա սգալու ժամանակը, և կա սգից դուրս գալու և անսուգ ապրելու ժամանակը։ Պատերազմի օրերին ժողովրդական իմաստնությունը ճիշտ որոշումներ է կայացնում, էդ իմաստնությունն է թելադրում, որ ինչ էլ լինի, օջախներից նշանդրեքներն ու հարսանիքները, ծնունդներն ու կնունքները չպիտի պակասեն․․․ Էս սեղանի շուրջ նստածներից ոչ մեկը անցավ չէ, մեկի հարազատը չկա, մեկի՝ բարեկամն ու ընկերը, հարևանը․․․Խնդրում եմ, ով արցունք ունի, թող ներս տանի ու էսօր ուրախանա մեր աչքի առաջ մեծացած Արմոյի ու Սոֆիի երջանկության համար։ Խմենք նրանց կենացն ու սկսենք մեր քեֆ-ուրախությունը։Լռություն էր, ու էդ լռության մեջ թեթևացող մի ծանրություն կար: Բաժակ բարձրացնողները գլխահակ չէին: Բաժակների զրնգոցը խորհել տվեց. մտածեցի, որ մի օր կգրեմ, և երևի վերջին նախադասությունս կլինի. «Կարողանալ կուչ եկած սրտի ցավը լռեցնել և ուրիշի երջանկությամբ ուրախանալ․․․ Սա հոգու շքեղություն է, ոգու զորություն․․․ Պետք է կարողանալ տեր կանգնել այս մեծ արժեքին»։Ասես թե գրեցի: Զուխրա ԵրվանդյանԳրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ