Կարինե Ավագյան. Հաղթանակները կերտվում են միասնական ներուժով, ճիշտ դիվանագիտությամբ, ազգասիրությամբ, հզորանալով՝ անգամ ցավի միջից
Մղկտալով ու լացելով հայրենիք չեն պահում. մղկտացինք, երբ Շուշին ու Հադրութը հանձնվեցին, և բյուրավոր լույս տղաների կորցրեցինք, բնականաբար, այդպես պիտի լիներ, մղկտացինք, երբ 180-ից շատ գյուղեր, քաղաքներ տրվեցին թրիքներին, մղկտացինք Խծաբերդի, Փարուխի համար, հիմա էլ մղկտում ենք Բերձորի, Աղավնոյի, Սուսի համար, որոշ ժամանակից կսկսենք մղկտալ այլ տարածքների հանձնման համար…մեկից պրծնում, անցնում ենք մյուսի ցավն ու կորուստը ողբալուն… Սուրմալուի համար մղկտացինք և այլ կերպ հնարավոր չէր, հետո (Աստված չանի), եթե լինեն ուրիշ դեպքեր, էլի կսկսենք մղկտալ… Երբեմն թվում է, թե կենցաղում գոյատևելու ելքերի փնտրտուքով զբաղված ծանրաբեռնված մարդիկ մոռանում են եղածը, հաշտվում կորուստների հետ… Այդպես չէ. մարդիկ ֆիզիկապես ուժ չեն ունենում այլևս մղկտալու, բողոքելու… Մղկտալով հայրենիք ու հող չենք պահելու, մենք մղկտում ենք, թրիքը, թրիքներն ու նրանց դաշնակիցները, հովանավորները նոր ծրագրեր են կազմում, զինվում, էլի պոկում մեր մի բուռ հողից…Մենք մղկտում ենք, նրանք՝ հրճվում, մենք հուսահատվում ենք, նրանք՝ ոգևորվում… էլ չպետք է մղկտանք, մղկտալով հայրենիք ու հող
չեն պահում, այլ՝ միայն թուլանում մղկտոցից: Հաղթանակները կերտվում են միասնական ներուժով, ճիշտ դիվանագիտությամբ, ազգասիրությամբ, հզորանալով՝ անգամ ցավի միջից:
Սցենարիստ, խմբագիր, բանաստեղծուհի ԿԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻ ֆեյսբուքյան գրառումից