Ծառը չար մարդու շվաք չի անում
Արմավիրում մի իշխան էր ապրում, որն ուրախանում էր ուրիշների մահերով։ Հենց որ լսում էր այսինչի կամ այնինչի մահվան մասին, ներանձնանում էր իր սենյակում և փայլատակող դեմքով ձեռքը տանում գինու գավին։
Ամռան մի օր այս չար իշխանը ձի է նստում և շարժվում դեպի Երվանդաշատ։ Ճանապարհի կեսին ձին կանգ է առնում, ծառս լինում, փնչացնում, ընկնում գետին ու շունչը փչում։ Իշխանն ստիպված ճանապարհը շարունակում է հետիոտն։
Կեսօրին շոգը սաստկանում է։ Քրտինքը հոսում էր, գլուխը պտտվում։ Մոտենում է ճամփեզրի բարդիների երկար շարանին և փորձում շոգից պատսպարվել որևէ ծառի շվաքի տակ։ Բայց ա՜յ քեզ հրաշք։ Որին մոտենում էր՝ ծառր վեր էր բարձրացնում իր ճյուղերը և այնպես հավաքվում, որ թվում է, թե նրա գլուխը խուզում և կոկլիկ է դարձնում մի անտես վարսահարդար։ Եվ ոչ մի բարդի շվաք չի անում չար մարդուն։
Ասում են բարդու գլխի գողտրիկ սանրվածքր մնացել է այդ ժամանակվանից։