«Ծառա եմ չգրված այն երգին…». Հրաչյա Սարուխանի բանաստեղծություններից
Բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Սարուխանը մի շարք ժողովածուների հեղինակ է` «Եզրագծեր», «Հրաշք օրեր», «Վկայություններ», «Այլ ժամանակներ», «Աստծո առավոտ», «Սիրո հուշապսակ», «Ի տրիտուր»: Արժանացել է «Տարվա լավագույն առաջին գիրք», Հայաստանի գրողների միության ամենամյա, Իսահակյանի անվան մրցանակներին, մշակույթի վաստակավոր գործչի և «Լոռվա ասպետ» կոչումներին, պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:
Ծառա եմ չգրված այն երգին…
Ինչքան էլ մտմտաս անթերի,
Բառերը սրինգ չեն կամ քնար.
Կցնդես՝ ու չես էլ պատկերի
Վաղորդյան գեղգեղանքն անհնար,–
Խորհում եմ կիսանինջ, և դարձյալ
Դայլայլ է, ճռվողյուն, ծլվլոց.
Սևեռուն սույլ ու կանչ, ո՜վ Բարձրյալ,–
Վեր կենամ ու բացեմ դուռս գոց…
Բաց անեմ փեղկեր ու վարագույր,
Զանց անեմ կերպարս կարկամած,
Ըմպելով ձայնառու գույն ու բույր՝
Դա՛րձ անեմ և ուշքի գամ կամաց…
Ու գրվի վերջապես. «Ո՜վ Բարձրյալ,
Ծառա եմ չգրված այն երգին,
Որ կուզեր վերստին ու դարձյալ
Կուտ գնալ թռչնաձայն համերգին»:
Էլեգիա չորս ձայնի, դաշնամուրի և թավջութակի համար
Չգնամ, չանրջեմ դաշտերում.
ճերմակ եմ՝ կանաչը չըողբա…
Հևասիրտ չշրջեմ դաշտերում,–
Դաշտերում ցոլցլանք ու ցող կա։
Չգնամ, չանրջեմ դաշտերում,
ճերմակ եմ՝ կարմիրը չըողբա…
Խևասիրտ չշրջեմ դաշտերում,–
Դաշտերում շոգ շշուկ ու շող կա։
Չգնամ, չանրջեմ դաշտերում,
ճերմակ եմ՝ դեղինը չըողբա…
Դևասիրտ չշրջեմ դաշտերում,–
Դաշտեբում դալկություն ու դող կա։
Չգնամ, չանրջեմ դաշտերում,
ճերմակ եմ՝ ճերմակը չըողբա…
Սևասիրտ չշրջեմ դւսշտերում,–
Դաշտերում հողածին ու հող կա:
Սեպտեմբերյան աղոթք
Տե՛ր իմ,
Երբ ոչ ահել, ոչ ջահել եմ,
Երբ մխում է մեղքիս մղկիտը դեռ,
Թողություն տուր՝ Շո՛ւնչդ թող վայելեմ,
Հույս ու Հավատ որպես և որպես Սեր։
Թողություն տուր՝ թողնեմ ամեն տեղ ու տեղանք,
Ուր մրափ է մտնում միտքս հետին —
Մտմտալով պատճառ ու հետևանք,
Որ համամիտ մնա անհեթեթին…
Հիսունամյա նիրհից վե՛ր թռցրու՝
Թող սավառնի սրտիս Սեպտեմբերը երրորդ,
Թողություն տուր՝ գոնե վերջին, ծրում,
Տե՜ր, ոչ մեղք ունենամ, ոչ էլ ներող,
Որ ապիկար թուլեքն իբրև ուզվորություն
Պոետների միսը շատ չծամեն,–
Զի Քո է արքայութիւն և զօրութիւն
եւ փառք յաւիտեանս,
ԱՄԷՆ: