«Ծաղկող իրիկուն». Աշոտ Ավդալյանի բանաստեղծություններից
Բանաստեղծ Աշոտ Ավդալյանը ծնվել է 1948 թ. հունվարի 2–ին: Բանաստեղծի նախնիները Մուշից գաղթելով՝ եկել–հաստատվել են Ջաջուռում։ Պապը՝ Համբարձում Ավդալյանը, քառասուն տարի շարունակ ղեկավարել է Ախուրյանի շրջանի կոլտնտեսությունը՝ իր ժառանգներին թողելով ընդամենը բարի անուն: 1965 -70 թթ. սովորում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը: Որպես ինժեներ-կոնստրուկտոր աշխատել է Լենինականի հղկող հաստոցների գործարանում: 1976-77 թթ. եղել է հայրենի Ջաջուռ գյուղի Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի տնօրենը։ 1978 թ. տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել հուշարձանների պահպանության կոմիտեի նախագծային գրասենյակում։ 1982-83-ին աշխատել է «Պիոներ կանչ» (այժմ` «Կանչ») թերթի խմբագրությունում: Ստեղծագործել սկսել է 1970 թ.՝ քսաներկու տարեկանում։ Չնայած տեխնիկական կրթությանը՝ շատ լավ ծանոթ էր ժողավրդական բանահյուսությանը, ոսկեդարյան պատմիչներին, միջնադարյան գրականությանը, հայ դասականներին, նաև ռուս և համաշխարհային գրականությանը: Աշոտ Ավդալյանը մահացել է 1985 թ. փետրվարի 9-ին՝ 37 տարեկանում։ Կյանքի վերջին րոպեներին բանաստեղծի դեմքը և, հատկապես, աչքերը զարամանալիորեն նմանվել էին Մինաս Ավետիսյանի՝ տարիներ առաջ վրձնած դիմանկարին:
ԾԱՂԿՈՂ ԻՐԻԿՈՒՆ
Օ, դու լավ գիտես՝ ինչպես է ծաղկում
այն իրիկնային ու տաք արևը,
նա գնաց մերժված, հանդարտ հերկերով,
օ, նա գնում է կանացի քայլով,
վերադառնում է երեխայի պես։
Իսկ դու բվաղիր նրա ետևից,
քար նետիր, կամ թե ծաղրածու խաղա,
երբ ծաղիկները ծաղկում են դաշտում՝
մարդը տարված է իր մեղկ հոգսերով։
Եվ քայլիր նորից, թաքուն չես ծնվել,
քեզ կերակրել են անուն ու անցյալ,
որ երբ սխալվես — քո անունը տան,
ու երբ բարձրանաս, անցյալդ հիշեն։
Օ, դու, նահանջի գունավոր շապիկ,
սիրահետում ես քամուն ամեն օր,
նահանջի մեջ է արևը ծնվում՝
վերադառնալով նահանջում է ետ։
Օ, դու լավ գիտես, ինչպես է ծաղկում
այս իրիկնային ու տաք արևը։
0, դու լավ գիտես, քայլող արևը
մեզ ետ կվերցնի երեխաներից,
կտանի երկինք –
որտեղից հողը լավ է երևում։