Խրիմյանը իրան ավելի բանաստեղծ էր համարում, քան կաթողիկոս
Հայ գրականության ապագա պատմագիրն անկասկած չի մոռանալ Խրիմյան Հայրիկի անունը իբրև գրողի, բանաստեղծի թե բանասերի, որը կամենաք:
Ինքը Խրիմյանը իրան ավելի բանաստեղծ էր համարում, քան կաթողիկոս, և գրիչը նրան ավելի էր զբաղեցնում, քան Էջմիածնի գահը:
Ես շատ բաներ չունիմ ասելու Խրիմյանի մասին, որովհետև հազիվ ես մի 10 անգամ տեսնված լինեմ նրա հետ: Բայց թվում է ինձ, որ իմ գիտցած մի քանի գծերը հետաքրքրությունից զուրկ չեն և կարող են մի որոշ նյութ տալ ապագա պատմաբանին այդ բացառիկ մարդու բնավորությունը պատկերացնելու համար:
Խրիմյանը, ինքը լինելով բարձրահասակ, պարթև, մի տեսակ արհամարհանքով էր վերաբերվում դեպի փոքրահասակ մարդիկ: Հիշում եմ հետևյալը: Խրիմյանի առաջին անգամ Կաթողիկոս ընտրվելուց հետո, Թիֆլիս մտնելու օրն էր: Երկաթուղու կայարանը լիքն էր բազմությամբ: Ներկա էին բազմաթիվ պատգամավորություններ, ռուս կառավարության ներկայացուցիչները մի խումբ գեներալներ և պաշտոնյաներ, վրացի իշխաններ և Թիֆլիսի քաղաքային ինքնավարությունը իր ամբողջ կազմով:
Ընդունելության առաջին խոսքն արտասանեց քաղաքագլուխ Պողոս Իզմայլյանը, մի փոքրահասակ մարդ: Ճառը, որ թարգմանեց ռուսերենից հայերեն Խորեն եպիսկ. Ստեփանեն, խորը տպավորություն գործեց Խրիմյանի վրա: Բայց նրա բնությունն ավելի զորեղ գտնվեց, քան տպավորությունը: Նա քաղաքագլխին ոտքից մինչև գլուխ նայեց և հարցրեց.
— Դո՞ւն ես գրել այդ ճառը:
— Այո, Ձերդ Սրբություն, — պատասխանեց Իզմայլյանը հայերեն:
— Դուն այդպես պզտիկ, ճառդ այդչափ աղվոր, շնորհակալ եմ… — ասաց Խրիմյանը:
Քաղաքագլուխը շփոթվեց, մենք, հայերս, նույնպես, որովհետև օտարները պահանջ ունեին, որ Հայրիկի յուրաքանչյուր բառը թարգմանվի ռուսերեն:
Էջմիածնում Խրիմյանին, ի միջի այլոց, ներկայանում է և մեր բանաստեղծներից մեկը իր ամուսնու հետ: Տիկինը փոքրահասակ է:
Խրիմյանը նայելով նրան, դառնում է բանաստեղծին.
— Ա՞դ է քեզ ոգևորում բանաստեղծություններ գրելու:
— Այո՛:
— Զավակս, աղեկ, որ չարիքներեն փոքրագույնն ես ընտրել:
Տիկինը վրդովվում է, բանաստեղծը՝ շփոթվում: