Խոհ աշխարհի վերջից առաջ
Սկիզբը` Հանճարի և անճարի գուգահեռականներում
Անճարն ու աշխարհը
Դու ստեղծող ես,
իսկ ես… անարգ կավ:
Գրիգոր Նարեկացի
Եվ այսպես — մարդն անշնորհակալ եղավ Տիեզերքի Ճարտարապետին:
Նրան, ով համակարգեց Համաշխարհային Քաոսը, իրարից զատեց լույսն ու խավարը, արարեց կենդանական և բուսական աշխարհը, կերտեց նաև մարդ արարածին` «հանգույն իր անձի և իր պատկերի», ու երազեց տեսնել նրան, իբրև յուրովի մի կիսաստված, որը պիտի ապրեր վասն սիրո և լույսի, վայելեր կյանքը, որպես Վերին Ուժից տրված աստվածատուր պարգև ու պիտի դառնար մոլորակի տերն ու թագավորը:
Տիեզերական համաստեղության մեջ մարդն իբրև ուրույն տեսակ, հիրավի, միակն է իրեն տրված բացառիկ շնորհով` բանականությամբ, և անշուշտ, պիտի ունենար իր պատվավոր տեղն ու դերը Արարչի անդաստանում: Սակայն աստիճանաբար հեռանալով Տիրոջ պատվիրաններից` նա ոչ միայն կորցրեց աստծո դրախտային հովանին, այլև իր ագահության և անհագուրդ ցանկությունների պատճառով դատապարտեց իրեն ընդմիշտ կործանման: Նա ոչ միայն չսթափվեց կամ չզգաստացավ, այլև Երկրի վրա անցնելիք իր ճամփան դեպի progressus` վավերացրեց մարդասպան Կայենի ծնունդով… Առաջին մեղսագործը, ով ձեռք բարձրացրեց իր նմանի, առավել ևս` եղբոր վրա, ու առաջինը տեսավ, թե ի′նչ գույն ունի հողի վրա թափվող մարդկային արյունը:
Ու դարերը, իրար հաջորդելով, փաստորեն, բան չտվին մարդկությանը, բացի իրար հոշոտել-բզկտելուց: «Մարդակեր գազան մարդը», բարձրանալով «էվոլուցիոն» սանդուղքի լոկ առաջին աստիճանը, ստացել է ընդամենը մարդասպանի status cvo-ն… Եվ հայոց հանճարը լակոնիկ չորս տողի մեջ պիտի ամփոփեր ասուն-արարածի կերպարը ժամանակի բոլոր չափումների մեջ.
Բերանն արնոտ մարդակերը էն անբան,
Հազար դարում հազիվ դառավ մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու… հեռու է մինչև Մարդը իր ճամփան:
Հովհ..Թումանյան
Ինքս փակեցի ելքը ճամփեքիս,
Կամովին բացի վիհս կորստյան:
Գրիգոր Նարեկացի
Մարդու միտքը փակուղի մտավ դեռ «էն գլխեն», երբ երջանկության իր գերագույն իմաստը տեսավ «ոսկե հորթի» պաշտամունքի մեջ: Նա շեղվեց իրեն վերապահված բնականոն ընթացքից և յուր բարօրության բանաձևը լուծեց լոկ «պլուտոսյան» ձևակերպումների մեջ` ստրկանալով ու քծնելով Մամոնային:
Գրեթե բոլո՜ր-բոլո՜ր դարերում շահի տենդն է ծնել կործանարար հետևանքներ` պատճառ դառնալով աղետալի պատերազմների, բազում պատուհասների ու չարիքների: Չեն վերջանում տևական բնույթ կրող ճգնաժամերն ու լճացումները, ամենուր ելումուտ է անում մա′հը, սո′վը, որբությու՛նը, թշվառությու՛նը, աջ ու ձախ մոլեգնում են ախտածին համաճարակները: Իսկ ամեն մի էակի մահով ոչնչանում է մի աշխարհ:
Խղճմտանքից և ողջախոհ բանականությունից զուրկ` ցնդած, շահամոլ, մոլագար «հանճարները», իշխելով ու առաջնորդելով բազմաքանակ մարդկային «մսեղեն» զանգվածների, տենդագին մրցավազքի մեջ, առանց շունչ քաշելու, հևասպառ պատառոտում-բզկտում են երկրի որովայնը, դուրս թափում նրա փորոտիքը, պատրաստ են անգամ հօդս ցնդեցնելու այն` հանուն մի բուռ ոսկու: Եվ ի՜նչ ամոթ… Այս ամենը, ի վերջո, աղեստամոքսային տրակտի անհագուրդ պահանջները բավարարելու համար: Իրենց անասնական բնազդները «շոյելու» համար, նրանք գործի են դնում ամենաբազում հնարանքներ՝ մարդակեր, բարբարոս ձևերից մինչև ժամանակակից «արտիստիկ» խաղեր, ագգային գենոտիպի վերացումից մինչև եղեռն, արդի վիրտուոզ տեխնիկայից մինչև աշխարհի վերջնական կործանում:
Զօր ու գիշեր խեղվում-հաշմվում են սրբասուրբ էություններ՝ Բնությու′ն, Գեղեցկությու՛ն, Մայրությու՛ն, Մանկությու՛ն:
Ինչքա՜ն ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսավ էս հողին,
Ի՞նչ պատասխան պիտի ես տամ՝ հող ու ծաղիկ տվողին…
Հովհ. Թումանյան
Գրետա Մեջլումյան
«Հանդես» գիտական հոդվածների ժողովածու