Խաչիկ Մանուկյան. ՀԱՅՐԵՆԻՔ
Հոգեհացի սեղանի պես մռայլ
Եվ դառնությամբ բաժակների համր,
Որպես խանդակ՝ ելքով մի անհնար,
Գեր գաճաճի շնչով՝ ծանր-ծանր,
Որպես չբեր մի կին՝ անթով գերի
Կամ որպես աղ՝ ցանվող բաց վերքերին՝
Ցոլում-անցնում են օրերը անբերրի՝
Լծված մահասարսուռ, մութ կրքերին։
Հիմա կարո՞ղ ես դա երգել մեկ էլ,
Հիմա կարո՞ղ ես դու հերկել հոգիդ
Եվ երկնքի ցանքսը տապից փրկել՝
Ամպրոպների նման կայծակնագիր։
Ես ո՞ր ախպերն էի այն հեքիաթում,
Հեգ ճակատիս ո՞վ էր սղագրել,
Գուցե այդպե՞ս չէ, Տեր, լավ չես կարդում,
Գուցե մի այլ ուս է կամ՝ մի այլ բեռ։
Քո պարգևած վերջին ակնթարթում,
Սպասումներն անգամ լրիվ մարած,
Իմ զառամած սիրո հավատն արթուն
Եվ մոմերը հոգուս լրիվ վառած՝
Պիտի տենչամ ես քե՛զ, իմ Զվարթո՛ւն,
Եզերքներիդ ծիրով ծովածավալ,
Խորշակների թողած անապատում
Պիտի փշրե՛մ ամեն կորուստ ու ցավ,
ճա՜խրն արծիվների թևերիս տակ՝
Թռիչքներդ պիտի հար խթանեմ,
Հետո խաղաղ իջնեմ քո գիրկը տաք
Ու քո բիբլիական ցավը տանեմ։
ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ