Խաղամախիի ճակատամարտը 572 թ.
Դվինի ճակատամարտում կրած պարտությունը ծանր հարված էր պարսկական տերության հեղինակությանը: Պարսկական արքունիքը փորձելու էր պայքարել ազատատենչ ոգի ունեցող ժողովրդի դեմ: Սակայն այդ փորձերն, ինչպես ցույց են տալիս հետագա զարգացումները, այդպես էլ հաջողությամբ չպսակվեցին:
Ներխուժումը
Խոսրով Անուշիրվան արքան մարտական փղերով համալրված 20 հազարանոց նոր բանակ է ուղարկում Հայաստան` Միհրան Միհրևանդակի հրամանատարությամբ։ Մտնելով Հայաստան` պարսիկները բանակ են դնում Խոսրովակերտ անտառի և Ջրվեժի լեռների հարավային լանջերի միջև ընկած Խաղամախիի դաշտում։ Իր հետախույզների միջոցով իմանալով այդ մասին` Վարդան Մամիկոնյանը միավորում է հայկական զորքերը և շարժվում հակառակորդի դեմ։ Սպարապետը զորքը բաժանում է երեք գնդի։ Դրանցից մեկին կարգադրում է դարան մտնել և ճակատամարտի վճռական պահին հարվածել հակառակորդին։ Երկրորդ գնդին հրամայում է պարսիկների վրա հարձակվել ձախից։ Երրորդ գունդն իր իսկ հրամանատարությամբ պետք է գրոհեր աջից։
Ճակատամարտը
Արևածագին, երբ դեռ հակառակորդը չէր ավարտել ճակատամարտի նախապատրաստական աշխատանքները, Վարդանը հանկարծակի հարձակում է սկսում։ Միաժամանակ ձախից պարսկական զորքերի վրա է գրոհում հայկական երկրորդ գունդը։ Թևերից անսպասելի հարվածի ենթարկված պարսկական զորամասերում իրարանցում է սկսվում։ Այնուամենայնիվ, հակառակորդը կարողանում է սթափվել առաջացած խուճապից և դիմադրություն ցույց տալ հայկական զորքերին։ Ավելին, հավանաբար նկատելով, որ սպարապետն աջ զորաթևում է գործում, պարսիկները շարունակվող մարտի պայմաններում կարողանում են ուժերի վերախմբավորում իրականացնել և հակագրոհում են հայոց աջ զորաթևի վրա: Թեև պատմիչները տեղեկություն չեն հաղորդում հակագրոհող պարսկական զորամասերի մասին, սակայն ակնհայտ է, որ հակագրոհն իրականացվում էր պարսկական բանակի կենտրոնի զորաթևի ուժերով: Հարցն այն է, որ երկու թևերում հարվածի ենթարկվելով` պարսկական բանակի կենտրոնն «անգործ» էր մնացել:
Երկրորդ փուլը
Հակագրոհի տեղամասում կատաղի կռիվ է ծավալվում։ Ի վերջո, Վարդան Մամիկոնյանը կարողանում է ուժերը վերադասավորել և կասեցնել պարսիկների հակագրոհը: Իրենց զորավարի կողքին հերոսաբար էին մարտնչում բոլոր զորամասերի զինվորները: Հակագրոհի կասեցման պահին պարսկական բանակը հայտնվում է ծայրահեղ անբարենպաստ իրավիճակում. կենտրոնի զորամասերն աջ զորաթևի դեմ նետելով` Միհրանը փաստորեն մասնատել էր իր բանակի մարտակարգը: Այսպիսով, նույնիսկ նախքան դարանի գունդը մարտի մտցնելը` մասնատված պարսկական բանակի քանակական գերազանցությունն էական դեր չէր խաղում: Սպարապետի զորավարական տաղանդի վկայությունն է, որ հակագրոհի անդրադարձումից հետո ստեղծված բարենպաստ մարտավարական իրավիճակն օգտագործելով` հակագրոհի կասեցմանը մասնակցած զորամասերի առջև խնդիր է դրվում խոր թևանցող զորաշարժ իրականացնել: Նոր զորաշարժն այս թևում գտնվող պարսկական զորամասերին էլ ավելի ծանր դրության մեջ է դնում, քանի որ մարտակարգի ճակատը ևս մեկ անգամ փոխելու անհրաժեշտություն է առաջանում: Պարսիկներին չի հաջողվում ժամանակին նոր վերադասավորում իրականացնել, քանի որ մինչ նրանք կհասցնեին ուշքի գալ` հարձակման է անցնում դարան մտած հայկական գունդը և նոր հոգսի առաջ կանգնեցնում պարսկական բանակի հրամանատարությանը։
Հաղթանակը
Պարսկական բանակն այժմ արդեն նոր խնդիր ուներ, քանի որ ամենաանսպասելի ուղղությունում (վերախմբավորման հետևանքով դատարկված կենտրոնում) էր ճակատ բացվել։ Մարտի առաջին փուլում «անկանոն» ճակատամարտ էր պարտադրվել այս կարգի գործողությունների համար չնախապատրաստված հակառակորդին, որն այժմ անլուծելի խնդրի առջև է կանգնեցվում: Արտակարգ բարդ ու խճճված իրավիճակից ելք գտնել չկարողացող պարսիկները ջախջախվում են և դիմում փախուստի։
Պատմական տեղեկանք.
«Դրանից հետո քսան հազար հոգուց բաղկացած զորքով և բազմաթիվ փղերով Վարդանի վրա հարձակվեց Միհրան Միհրևանդակը: Տեղի ունեցավ մեծ ճակատամարտ Խաղամախյան դաշտում. պարսիկների զորքը սոսկալի պարտության մատնվեց. բոլորին էլ սրահար արեցին և խլեցին նրանց ունեցած բոլոր փղերը: Ինքը` Միհրանը, փոքրաթիվ մարդկանցով փրկվեց և գնաց իր երկիրը»:
Սեբեոս, Պատմություն, Գլուխ Զ
Ապակողմնորոշված հակառակորդի նկատմամբ տարած հաղթանակի կարևոր ցուցանիշ է, որ հայերի ձեռքն են անցնում հակառակորդի փղերը։
Պատմական տեղեկանք.
«Հայոց կաթողիկոսն ու իրեն ընկերացած եպիսկոպոսները… պատմեցին այնտեղ եղած պատերազմական ճակատամարտերի, մեծ ավերածությունների մասին: Թե ինչպես հետո նորից բանակներն իրար ընդհարվեցին, և թե ինչպես պարսիկները շատ անգամ պարտվեցին, և թե ինչպես նրանցից փղեր գրավեցին»:
Հովհան Եփեսացի, Եկեղեցական պատմություն, գիրք II, Գլուխ 21
Իր համարձակ մտահղացումը կյանքի կոչող զորավարն այն հաշվարկով էր իրականացրել զորաթևերի գրոհները, որ պարսիկները չկարողանային մարտի մտցնել մարտական փղերի զորամասը: Պարսից զորքի հրամանատար Միհրանին մի կերպ հաջողվում է փախչել։ Խաղամախիի ճակատամարտում դարանի գնդի կիրառումը մեր ռազմարվեստը զարգացնելու գործում արձանագրված նոր քայլ է: Դարանի գնդի գրոհի սկզբում պարսկական բանակը հայտնվել էր երեք կողմից (ճակատ, ձախ թև ու թիկունք) հարվածի տակ: Հայ զորավարի այս հնարքը թույլ է տալիս խոսել այն մասին, որ նա փորձել է հակառակորդի մեծաթիվ բանակը ոչնչացնել` շրջապատման մեջ գցելով: Եթե մտահղացումը հաջողվեր իրականացնել ամբողջությամբ, ապա Խաղամախիի ճակատամարտը կլիներ համաշխարհային պատմության մեջ նմանօրինակ երկրորդ մարտը:
Տեղեկանք.
Հռոմի և Կարթագենի միջև Երկրորդ Պունիկյան պատերազմի (Ք.ա. 218-201թթ.) սկզբում կարթագենցի տաղանդավոր զորավար Հաննիբալը (Ք.ա. 247-183թթ.), ռազմական խորամանկության դասագրքային օրինակներ տալով, մի քանի ճակատամարտերում փայլուն հաղթանակներ է տանում և, շրջանցելով լավ պաշտպանված Հռոմը, շարժվում հարավ: Կարթագենի բանակը գրավում է Կաննե ամրոցը և նրանից քիչ հեռու Ք.ա. 216թ. վճռական ճակատամարտ տալիս հռոմեացիներին: Կաննեի ճակատամարտում Հաննիբալը 48 հազարանոց բանակով շրջապատում և ոչնչացնում է հռոմեական 70 հազարանոց բանակը: Դա պատմությանը հայտնի միակ ճակատամարտն է, երբ փոքրաթիվ ուժերով մեծաթիվ հակառակորդը ջախջախվում է շրջապատման միջոցով:
Այսպիսով, Խաղամախիի ճակատամարտում հայկական բանակը կրկին ապացուցեց, որ միշտ պատրաստ է անձնվիրաբար պաշտպանել իր հայրենիքն ու ազգային ինքնությունն օտարերկրացիների ոտնձգություններից։ Այս հաղթանակից հետո Արևելյան Հայաստանը դուրս բերվեց պարսկական տիրապետության տակից, որը քաղաքական հարթությունում նոր իմաստ և բովանդակություն է հաղորդում ռազմական հաջողությանը: Դրանից հետո էլ պարսից արքունիքը բազմիցս փորձել է զենքի ուժով ճնշել հայկական ազատագրական պայքարը, բայց ամեն անգամ անհաջողության է մատնվել։
Մեր Հաղթանակները, հտ. Բ
Մայր Հայաստան զինվորական թանգարան ֆեյսբուկյան էջ