Լևոն Անանյան. Անահիտ Բոստանջյանի սիրո և կարոտի մոլորակը
«Սեր և անջրպետ» բանաստեղծական հատորը մի նոր, կարևոր հանգրվան է Անահիտ Բոստանջյանի բազմաժանր ստեղծագործության մեջ, նրա տաղանդի հասունության յուրատեսակ վկայագիրը: Գրքի առանցքում, ըստ էության, հեղինակի կյանքի դրաման է՝ բեկված իր ժողովրդի պատմության ամենաողբերգական դրվագներից մեկի՝ հայոց ցեղասպանության հետևանքների պրիսմակի մեջ: Գլխավոր գործող անձինք երեքն են՝ Սերը, Կարոտը և Անջրպետը անքակտելի միասնությամբ, ավելի ստույգ՝ սիրո կարոտն ու կարոտաբաղձ սերը, որոնք անսանձ հորձանքով հալեցնում են սահմանային ու անձնական ամեն վիհ ու պատնեշ: Այդ սերը կատարյալ հրաբուխ է՝ երբեմն մոխրացնում է հրաշեկ լավայի պես, երբեմն հոսում է մեղմ խոհականության հունով և նրան շատ հարմար է գալիս Ալիսիա Կիրակոսյանի «Սիրո հակառակն ամենևին էլ չսիրելը չէ,- մահն է պարզապես» բանաձևը:
Սեր անսակարկ, անպարագիծ, գուցեև ուշ, բայց ո՛չ ուշացած, հասուն սեր՝ իր բոլոր նրբերանգներով՝որպես կյանքի իմաստ, էություն և արդարացում: Որքան էլ հորդաբուխ, այդ սերը կույր չէ, անգամ հուսահատության, բաժանման պահերին անչար է և ներող: Եվ սա կանացի սիրո անվերծանելի, անլուծելի խորհուրդն է:
Ես էությամբ Լիլիթ թեև,
Բայց եվայի ճամփին եմ ճիշտ.
Սերված, Ադամ, քո կողից,
Քեզ ներող միշտ և ընդմիշտ …
Ահա և գրքի երկրորդ թեման անանձնական վերհուշի ճամփաները բանաստեղծին ուխտագնացության են կանչում նախնյաց հայրենիք՝ արևմտյան Հայաստան, որտեղ էլ նրա առջև բացվում է իր կարոտի աշխարհագրության քարտեզը՝ Անիի սրբությունները, Մշո դաշտը, Սիփանը, Նեմրութը, Վանա ծովակը, Մշո Առաքելոց, Աղթամարի, Նարեկա և Վարագա վանքերը, Մհերի դուռը, Կարսի բերդը … Մեր աստվածներն ու առասպելները, որոնք, ավաղ, այսօր չեն խոսում մայրենի բարբառով, և, իհարկե, իր պապի ծննդավայրը, որտեղից նա մի բուռ հող է բերում՝ իբրև նշխար իր զավակներին,
Մի բուռ հող բերի քո Տիգոր գյուղից,
Մի բուռ հողի մեջ՝ մի ողջ գերդաստան,
Եվ հրաշագործ այդ մի բուռ հողում
Ուժն էր ամբարված կորուսյալ մեր տան:
Խիզախ, արժանապատիվ ոգով, նաև պահանջատիրական պատասխանատվությամբ են հնչում «Դեպի էրգիր» շարքի երգերը… Եվ կարո՜տ, կարո՜տ, կարո՜տ… որ խուլ ու համր աշխարհին ի նախատինք՝ ստիպված ես առայժմ ամոքել… սրբազան հիշատակների տեսքը պահելով աչքերիդ մեջ և հոգուդ խորին խորքերում: Այսպես բանաստեղծություն առ բանաստեղծություն Էրգրի սերն ու անձնական սերը, երկու առատաբուխ վտակով միախառնվում են բոստանջյանական սիրո օվկիանոսում:
Այդ սերը հալեցնում է ժամանակի և պատմության պարտադրած անջրպետերը, որոնք հաճախ փոքրիկ փոսեր չեն, այլ խորահատակ վիհեր, որ բաժանում են երկրներ, ժողովուրդներ, մարդկային սրտեր:
Հայրենասեր հեղինակի համար Մայր Հայաստանը ծովից ծով համազգային երազի վերջին ամրոցն է: Եվ այդ սերը կուռ ու անառիկ է հայոց տոհմիկ ասպետներով, ինչպես և ճշմարիտ բարեկամների ազնիվ ձեռքսեղմումով, որի գեղեցիկ արտացոլանքն են «Երբ պարում է վրացին», «Ու ձյունը շատ էր այդ ձմեռ Թիֆլիսում» էտյուդաշարերը: Ահա այսպես գործով, նվիրումով, Անահիտ Բոստանջյանը հաղթահարում է անջրպետները իր պոեզիայի սիրո մոլորակում: Եվ նա երիցս ճիշտ է, երբ գրում է «անջրպետը զատում է, սերը՝ միավորում..»: Բայց քո սերը, սիրելի Անահիտ, այնքան բուռն է ու կրքոտ, որ հալեցնում է անգամ անջրպետը, եթե հիշողություն ունես, մարդասիրություն, բարություն, բարին արարելու ասվածատուր շնորհ ունես և, ամենակարևորը, տեսիլք ունես…
Ավելին, թերևս անհնար է:
ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ