Լուսաբացի թռչուն
Լուսաբացի քնթառ թռչուն թեվիր դեպի ինձ,
Բացվող օրվա շողն առաջին բռնած կտուցիդ,
Գեղգեղիր իմ տենչանքները ի լուր սիրածիս,
Որ նինջ թեեվ, բայց անուրջում գուրգուրում է ինձ:
Շուռմուռ գալիս լուռ ու քնատ… րոպեն մի դար է,
Հուր տենչերս ջերմին կրծքիս ցրիվ, թառվառ է.
Լուսաբացի անքուն թռչուն իմ սերը ոգիր,
Որպես կյանքի երգ ու ներբող, սիրո սրտագիր:
Առավոտվա ճառագայթը, սուրբ ու օրհնաբեր,
Կյանքի, սիրո, ու կարոտի անուշ հյութ ու մեղր,
Կախիր շուրթիս, բառ ու խոսքիս, որպես մի խոստում,
Նվիրումի ու պաշտության անբեկ հավաստում:
Չէ՞ որ աշխարհն մի հեքիաթ է օձ ու խնձորի,
Որ պիտ խաբվեմ, ապրեմ կյանքը մարդ մեղավորի,
Խինդ ու խանդի, բախտ ու խաղի, ֆալակ-վուրղունի…
Լուսաբացի մոլոր թռչուն թռիր գողունի…
Հուր, հրեղեն իմ խոյանքը ես սանձել եմ խիստ,
Տրամաբան իմ մտքերով, ջիղերով հանգիստ…
Դու դայլայլիր անփույթ խինդով, բաց լուսաբացը,
Ես կզատեմ մնացածը ու խառնվածը…
ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ