Լոռու ճարտարպետական հուշարձանները. Օձունի եկեղեցի
Կա մի աշխարհ մեր աշխարհում, ինձ հարազատ, ձեզ անծանոթ,
Ուր էլ լինեմ` կանչում է նա հազար ձայնով ու սրտագին,
Ապրում է նա իմ հոգու մեջ իբրև անբառ, համր կարոտ,
Իբրև լեգենդ դեռ չգրված, իբրև ի երգ անսրբագիր:
Պ. Սևակ
Նախաբանի փոխարեն
Եթե իրավ է, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, ուրեմն Լոռին այդ թանգարանի ամենահարուստ և ուշագրավ սրահներից մեկն է: Լոռին` Ալ. Շիրվանզադեի խոսքով ասած, «երկրային դրախտը», որքան գեղեցիկ է իր բնությամբ, նույնքան էլ հարուստ է իր ճարտարապետական հուշարձաններով, որոնք, գալով դարերի խորքից, կանգուն թե կիսավեր, սերունդներին են ներկայացնում մեր ժողովրդի բազմադարյան մշակույթի նվաճումները, նրա ստեղծագործ մտքի, շռայլ հոգու և հուժկու բազուկների հոյակապ կերտվածքները: Լոռվա տարածքում մարդու մշակութային գործունեության հետքերը գալիս են վաղնջական ժամանակներից: Այդ մասին են վկայում հայ և օտարազգի հնագետների պեղումները, որոնք ի հայտ են բերել Ք. ա III – I հազարամյակներին վերաբերող մշակութային արժեքավոր հուշարձանները: Լոռում շինարարական կյանքը մեծ վերելք է ապրել հատկապես Բագրատունիների գահակալության շրջանում, երբ այստեղ մեծ թափ է ստանում տնտեսական ու առևտրական գործունեությունը, հիմնվում ու բացվում են նորանոր դպրոցներ, որոնցից ամենանշանավորներն են Հաղպատը, Սանահինը, Հոռոմայրը, Ախթալան և այլն: Այսօր էլ անգնահատելի է մեր ժողովրդի պատմության քարե հիշատակարանների կարևորությունը մեր սերունդներին հայրանասիրության, աստվածասիրության, ազգային և առհասարակ մշակութային արժեքների նկատմամբ հարտգանքի և պատմական ոգով դաստիարակելու գործում: Ուրեմն հարկ է սիրել, պահպանել ու փոխանցել սերուևնդներին մեր ազգային ինքնության առհավատչյան ու հավատարիմ մնալ մեր ազգային հավատամքին …
Օձունի եկեղեցի
Լոռու մարզի Օձուն գյուղում և շրջակայքում, Դեբեդի կիրճի ձախափնյա բարձրադիր սարավանդի վրա, պահպանվել են տարբեր դարաշրջանների ճարտարապետական հուշարձաններ, մերձակա քարայրերից հայտնաբերվել են զգալի թվով ձեռագիր հիշատակարաններ:
Գյուղի կենտրոնական մասում գտնվում են Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, կոթող-մահարձանը, միջնադարյան 2 գերեզմանոց (մեծաթիվ խաչքարերով և մահարձաններով), արևելյան եզրին՝ Ծիրանավոր-Ծաղկավանք եկեղեցին, 1,5 կմ հարավ-արևելք Հոռոմայրի վանքը։
Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին ունի արևելքից-արևմուտք ձգված ուղղանկյուն հատակագիծ, որն աղոթասրահից բացի ընդգրկում է երեք կողմից եզերող արտաքին սրահը` երկայնական թևերի սենյակով և բաց խորանով։ Կառուցման ժամանակի վերաբերյալ հավաստի տեղեկություններ հայտնի չեն։ Ըստ ճարտարապետական հորինվածքի, դեկորատիվ հարդարանքի և ժամանակագրման հետ առնչվող այլ տվյալների եկեղեցին թվագրվում է VIդ. վերջ։
Օձունի կոթող-մահարձանը (V-VIդդ.) գտնվում է գմբեթավոր բազիլիկից մոտ 10մ հյուսիս-արևելք։ Աստիճանաձև պատվանդանի վրա բարձրացող քառակուսի կտրվածքով երեք մույթերի կամարակապի բացվածքներում մեկական քառակող օբելիսկներ են` քանդակազարդված բոլոր կողմերից։
Ծիրանավոր-Ծաղկավանք եկեղեցին (Vդ.) սրահավոր միանավ դահլիճ է։ Պահպանված են արևելյան և հյուսիսային պատերը, մասամբ նաև սյունասրահը։
Նյութը` Սիրանույշ Առաքելյանի