Լոռի բերդը՝ դասագիրք
Անցած դարի վաթսունական թվականներից մեր երկրի կյանքում կարեւոր դեր ունեցած Լոռի բերդում իրականացվել են հնագիտական պեղումներ Իգիթ Ղարիբյանի եւ այլ գիտնականների կողմից։ Պեղումներից հայտնաբերված նյութերով շատ կարեւոր բացահայտումներ են արվել միջնադարյան այս հուշարձանի վերաբերյալ։ Սակայն անելիքներ դեռ շատ կան, եւ այս տարվա մայիսի վերջերից ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով եւ առանձին դրամաշնորհով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի (տնօրեն՝ Խաչիկ Հարությունյան) ճարտարապետների հեղինակային հսկողությամբ ամրոց-հնավայրի տարածքում մեկնարկել են նաեւ վերականգնման եւ ամրակայման աշխատանքներ:
Կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով այցելեցի հնավայր, որտեղ կենտրոնի արշավախումբը, հնագետ Արման Նալբանդյանի ղեկավարությամբ, շարունակում է 2009-2014 թթ. կատարված պեղումները՝ իրականացնելով նաեւ փլատակների մաքրման աշխատանքներ։ Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ պեղումների հիմնական նպատակն առանձին հատվածների վերականգնման նախագծերի կազմումն է, որոնց վերջնարդյունքը տվյալ հատվածների վերականգնումն է լինելու: Նշեց նաեւ, որ արդեն սկսվել են հիմնական պարսպի քանդված հատվածի վերականգնման աշխատանքները։ Այցի պահին աշխատանքներն ընթանում էին։ Պեղումները հիմնականում կատարվում են 3 տեղամասում` պարսպապատին ներսից հարող տարածքում եւ 2 բաղնիքների հարակից հատվածներում: Ա. Նալբանդյանը ոգեւորված էր. ճիշտ է՝ ոչ մեծ քանակությամբ, սակայն կարեւոր նյութեր են հայտնաբերել. հավասարաթեւ խաչի պատկերով սյան բեկորներ, ծածկասալեր, քարե գործիքներ, ջնարակված եւ անջնարակ խեցեղեն, դրամ, ծխամորճ եւ այլն։ Հայտնաբերվել են նաեւ անասունների ոսկորներ, որոնք, ըստ հնագետների, ապացուցում են, որ ուշ միջնադարում էլ այստեղ կյանքը կանգ չի առել:
Ա. Նալբանդյանը նշեց նաեւ, որ նախկին պեղումների ընթացքում բացվել են մի շարք կցակառույց շինություններ, թոնիրներ, օջախներ եւ այլն, սակայն մնացած հատվածի վրա էլ սկսել են նոր պեղումները։ Այցի պահին աշխատանքներ էին իրականացվում Մեծ կամ 1-ին բաղնիքի հյուսիսային կողմում։ Այս կառույցն ամրոցի միջին հատվածում է՝ գլխավոր պարիսպներից մոտ 30 մ հարավ։ Հայտնաբերվել էին 5-6 կրակարան, որոնցով էլ կատարել են բաղնիքի ջեռուցումը, այլ շինություններ, որոնք եղել են առանձին ջրամատակարարման հանգույցներ։ Գտնվել են նաեւ ջնարակված խեցեղենի բեկորներ, կավե ծորակ, որը բացառիկ նմուշ է, դրամ, որը դեռ պարզ չէ, թե ում է պատկանում, փոքր չափերով քանդակված սալիկ, ապակե ապարանջան, ուլունք եւ այլ նյութեր։ Բաղնիքի հարավային մասում նույնպես կրակարան է հայտնաբերվել։ Իսկ ներսի պեղումներից բացվել է հատակը, որը, ըստ հնագետի, հնարավոր է՝ եղել է երկշերտ եւ ջեռուցվող։ Գտնվել են նաեւ քարե ջրավազաններ, խողովակաշար։ Ըստ երեւույթին՝ բաղնիքն ունեցել է հանդերձարան, ինչպես նաեւ 2 մաս՝ կանանց եւ տղամարդկանց համար։ Այստեղից գտնվել է նաեւ ջնարակված աղյուսի կտոր, ըստ որի՝ ներսի հատվածում պատերից մեկի վրա եղել է ջնարակված հատված։ Հետաքրքիր է նաեւ, որ հարյուրամյակներ շարունակ այս բաղնիքները գործել են՝ անկախ նրանից, թե ով է տիրացել ամրոցին։
Փոքր կամ երկրորդ բաղնիքն ամրոցի արեւմտյան եզրին է՝ Ձորագետի կիրճի պռնկին։ Այստեղ պեղումներ են իրականացվել դեռեւս 1960-70-ական թթ. պրոֆեսոր Իգիթ Ղարիբյանի կողմից, սակայն աշխատանքներն անավարտ են մնացել։ Նորօրյա պեղումների ընթացքում բաղնիքի մոտ գտնված իրերից են զարգացած միջնադարին բնորոշ կարմրափայլ, գոտեզարդ անոթի բեկորը եւ բազալտե տաշտ-ջրավազանը։ Ըստ Ա. Նալբանդյանի՝ սկզբում այդ քարը եղել է խաչքարի պատվանդան: Պեղումների մասնակից, հնագետ, հնակենդանաբան Մհեր Խեչոյանի ուղեկցությամբ շրջեցինք հնավայրի տարածքում։ Փոքր բաղնիքը ներկայացնելիս հնագետը ցույց տվեց ջրավազանը, որը սալահատակ է։ Նշեց, որ այստեղ նստել են եւ ոտքերը դրել ջրի մեջ։ Քանի որ նույն տարածքից դեռեւս Իգիթ Ղարիբյանի եւ հետագա պեղումների ընթացքում գտնվել է մոտ 70 ծխամորճ, խոսվում է այն մասին, որ այս բաղնիքում նաեւ շատ են եղել ծխողները։ Իսկ որ դարերում են ծխել, ճշտել է պետք։ Մ. Խեչոյանը ցույց է տալիս նաեւ ձիթհանի քար, որն ընկած է ձորապռնկից ոչ հեռու, եւ որի մեջ ծառ է աճել։ Հնավայրում պահպանվել է ուղղանկյուն հատակագծով մի կառույց, որի ներքին տարածությունը բաժանված է 6 մասի՝ ծածկված գնդաձեւ առագաստների վրա հենվող երկթեք, ընդհանուր կտուրի տակ առնված գմբեթներով։ Հարավային պատի մեջ դրված միհրաբի քարն ապացույց է, որ կառույցը 14-15-րդ դարերում եղել է մուսուլմանական մզկիթ։ Սակայն հնարավոր է՝ սկզբում այդ կառույցը եղել է եկեղեցի եւ մահմեդականների տիրապետության շրջանում վերածվել մզկիթի։ Շինության տարածքում կատարված պեղումներից հայտնաբերվել են խաչքարերի բեկորներ։ Որպես շինաքար ամրոցաշինարարներն օգտագործել են տեղական բազալտը։ Քաղաքին կավե խողովակներով խմելու ջուր է մատակարարվել 5 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրներից, իսկ տեխնիկական ջուր՝ խողովակաշարի վրայով հոսող բաց առվով։ Ամրոցի տարածքում շատ են նաեւ ուշ միջնադարին պատկանող իրեր՝ սանդեր, տապանաքարեր, այլ նյութեր։
Լոռի բերդի քաղաքային պարսպից դուրս՝ մոտ 500 մ հյուսիս-արեւմուտք ձգվել է քաղաքի պարիսպը, որը համարյա չի պահպանվել։ Այս հատվածում պահպանվել են կառույցների հիմքեր, մատուռի ավերակ՝ մոտը խաչքարի կեսը՝ պատվանդանին։ Այստեղից հովիվը գտել էր մեկ այլ խաչքարի բեկոր, որը հնագետները տեղափոխել եւ պահում են Մեծ բաղնիքի մոտի նման բեկորների հետ։ Ա. Նալբանդյանը նշեց՝ հազվագյուտ խաչքարի բեկորին քանդակված է հրեշտակ, առաքյալ, ինչպես նաեւ նկարագրում է Հիսուս Քրիստոսի համբարձվելը։ Նաեւ ունի «ՀԱՄԲԱՐՁՈՒՄ» արձանագրությունը։ Ամրոցի արեւելյան կողմի կիրճի պռնկին մոտ կան մի քանի խաչքարեր, ավերակ շինություն։ Այս հատվածում եղել է նաեւ գաղտնուղի։ Ա. Նալբանդյանի խոսքով՝ Լոռի բերդը դասագիրք է՝ ամփոփելով պատմություն՝ սկսած բրոնզեդարից, ավարտած 20-րդ դարով։ Դրա ապացույց է համարում այն, որ վերջերս հիմնական պարսպի ներսի կողմում կատարած պեղումների արդյունքում պարսպի ներքին հատվածում հայտնաբերվել է ավելի մեծ քարերով շարվածք, որն ավելի նման է կիկլոպյան ամրոցների պարիսպների։ Այս հատվածում գտնվել են նաեւ վաղ շրջանի նյութեր։ Ամրոցից մոտ 2 կմ հեռու, Լոռի բերդ գյուղի մոտ են սփռված բրոնզեդարյան եւ վաղ երկաթեդարյան մշակույթի հարուստ դամբարաններ, որտեղ 1971 թ. ամռանը կատարվել են պեղումներ։ Ամրոցի արեւելյան կողմում՝ Ուռուտ գետի վրա պահպանվել է միջնադարյան կամարակապ կամուրջ։ Այս հատվածում պահպանվել են նաեւ մեկ այլ կամրջի հենասյուներ։ Լոռի բերդը միջնադարյան Հայաստանի անառիկ ամրոցներից է, որը ներկայիս Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից 4.5 կմ հեռավորության վրա՝ Ձորագետ եւ Ուռուտ կիրճերի հատման մասում է։ Ընդգրկում է 35 հա տարածություն, փռված է ընդարձակ, հրվանդանանման, ծովի մակարդակից 1490 մ բարձր սարահարթի վրա։ Ամրոցի միջնաբերդը եղել է պարսպապատ, ընդգրկել է մոտ 9 հա տարածք։ Ձորագետի եւ դրա վտակ Ուռուտի խոր կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամրոցը։ Միջնաբերդի հյուսիսային կողմում ձգվել է 214 մ երկարությամբ, իրար հաջորդող կլոր եւ քառանկյունի աշտարակներով պարիսպ, որի հյուսիսարեւելյան անկյունում է բերդի միակ կամարակապ մուտքը։ Պարսպի լայնությունը տեղ-տեղ հասել է 20 մ-ի, բարձրությունը՝ 20-25 մ-ի։ Պարսպի երկարությամբ փորվել է ջրի խանդակ։ Բացի բնական արգելքներից, միջնաբերդի կիրճերում կառուցվել են նաեւ արհեստական պատնեշներ։
Ամրոց-քաղաքը հիմնադրել է Դավիթ Անհողինը 1005-1020 թթ.։ Դավիթ Կյուրիկյանի կամ Դավիթ Անհողինի օրոք Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին, իսկ ինքը եղավ Կյուրիկյան արքայատոհմի ամենանշանավոր ներկայացուցիչը։ Նա իր թագավորության կենտրոն դարձրեց դրա հյուսիսային ծայրամասում ընկած Շամշուլդե բերդաքաղաքը։ Ապա 990-ական թվականների կեսերին գրավեց Դմանիսի ամիրայությունը եւ միացրեց իր թագավորությանը։ Դրա շնորհիվ թագավորության տարածքն ընդարձակվեց, նրա մյուս գավառներից Շամշուլդեի կտրվածությունը Շամշուլդե-Դմանիս ճանապարհի շնորհիվ վերացավ, իսկ արեւմտյան սահմաններն անվտանգ դարձան։ Տփղիսի ամիրա Ալի իբն Ջաֆարի ու Դավիթ Անհողինի զինական բախման արդյունքում Դավիթը նրան ջախջախելով հպատակեցրեց իրեն։ 1050 թ. իբրեւ Տաշիր-Ձորագետի թագավոր է հիշատակվում Դավիթ Անհողինի ավագ որդի Կյուրիկե Բ-ն, ով 1065-ին Սամշվիլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո՝ 1089 թ. Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք։ Սելջուկների դեմ միասնական ճակատ կազմելու փոխադարձ ակնկալությամբ վայելել է Բյուզանդական կայսրության հովանավորությունը եւ ստացել դրամ հատելու իրավունք։ Ա. Նալբանդյանն ասաց, որ պեղումների արդյունքում գտնվել են մոնղոլական, բյուզանդական, Վրաստանի Թամար թագուհու եւ Սոսլանի դուստր Ռուսադան թագուհու (1223-1245) կողմից հատված դրամներ, սակայն առայժմ Կյուրիկե Բ-ի դրամներից չի գտնվել։ Գտնվելով հյուսիսային առեւտրական ճանապարհի վրա՝ Լոռին եղել է առեւտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում՝ առեւտրական ճանապարհներով կապված Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի, այլ կենտրոնական քաղաքների հետ։ 11-19-րդ դդ. ունեցել է շուրջ 10 հազ. բնակիչ։ 1105 թ. Լոռին կարճ ժամանակով գրավել են սելջուկները։ 1118 թ. վրացական զորքերն են տիրացել Լոռիին, որն էլ դարձել էր վրաց Օրբելիների կալվածքը։ Լոռի բերդի մասին հետաքրքիր վկայություններ կան Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքքի պատմություն» գրքում՝ կապված Օրբելյանների մեծ նախարարության ծագման, որպիսության և այս կողմերը գալու մասին (գլուխ՝ ԿԶ): Վրաց թագավոր Գեորգի որդի Դավթի օրոք Օրբելյան Իվանե մեծ սպասալարը պատերազմ է մղում սելջուկ-թուրքերի դեմ և 1123թ. ազատագրում Տփղիսը, Տավուշը, Գագը, Տէրունականը, Լոռեն և Անին: Ստ. Օրբելյանը հավելում է. «Այդ պատճառով էլ թագաւորի կողմից շատ սիրուեց ու յարգուեց: Ի յաւելումն իրենց տիրոյթների՝ թագավորի կողմից նրան տրուեց Լոռէն՝ իր գաւառով…»: Հետագայում Դավիթ թագավորի եղբայր Գէորգ թագավորը, ով պետք է հրաժարվեր գահից և այն հանձներ Դավթի որդի Դեմնային, մեծ զորքով պաշարում է Լոռի բերդը՝ վրեժխնդիր լինում Իվանեից, ով անցել էր Դեմնայի կողմը, ով արդեն իր փեսան էր, և ժամանակին ինքը երդվել էր Դավիթ թագավորին՝ տեր մնալ նրա անչափահաս որդուն: Ստ. Օրբելյանն այս առթիվ գրում է. «Այդ իմանալով՝ Իւանէն իր ամբողջ ունեցուածքը արագ կերպով լցրեց Շամշուլդէ բերդը, որտեղ դեռ հիմ ժամանակներից գտնւում էր նրանց նախնիների գանձատունը՝ լի անբաւ հարստութեամբ: Գլխաւոր մարդկանցից այստեղ բերդապահներ նշանակեց, իսկ ինքը, վերցնելով զօրքն ու իր մօտ եղած մեծ իշխաններին, Դեմնային ևս, գնաց Լոռէ ու խիստ ամրացավ: …Իսկ Գէորգի թագաւորը եկաւ ու Շամշուլդեում նրանց չգտավ, ապա քսանհինգ օր պաշարելով բերդը, այն գրաւեց… եկաւ, բանակ դրեց Լոռէի շուրջ: Եւ քանի որ Իւանէն հրոտից ամսի տասներեքին մտաւ Լոռէ ու մնաց մինչև մեհեկի ամսի հինգը (մոտ 8 ամիս), այդ պատճառով բերդում գտնուողները նեղւում էին: Եւ ազատներն սկսեցին գիշերը մեկ առ մեկ պարաններով պարսպից իջնել ու անցնել թագաւորի կողմը…»: 1185 թ. արդեն Սարգիս Զաքարյանի, իսկ նրա մահից հետո՝ որդիներ Իվանե եւ Զաքարե Զաքարյանների կալվածքն էր։
1236 թ. հունիսին Չաղատա Նուին զորահրամանատարի գլխավորությամբ մոնղոլները երկար պաշարումից հետո գրավում եւ հիմնահատակ ավերում են քաղաքը, կողոպտում Շահնշահ Զաքարյանի գանձերը, ավերում Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը։ Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ այդ ժամանակ ամրոցի պահապանները փոխանակ հույսն Աստծո վրա դնեին եւ հսկեին, վստահեցին պարսպին։ Ա. Նալբանդյանը նշեց, որ մոնղոլները պարսպի տակով են անցել միջնաբերդ։ 1430-ին Լոռիին տիրում էին հայ Օրբելյանները։ 1562-1734 թթ. այս քաղաք-ամրոցին տիրել են մերթ թուրքերը, մերթ՝ պարսիկները։ Երբեմն այստեղ ամրացել են նաեւ վրացիները։ 18-րդ դ. վերջին Lոռին կորցրել է բերդի նշանակությունը, դարձել սովորական ամրոց, որտեղ բնակություն են հաստատել տարբեր վայրերից տեղահանված գաղթականներ։ 1926-1930 թթ. բնակիչները տեղափոխվել են մոտ 2 կմ հեռավորության վրա տարածված ներկայիս Լոռի բերդ գյուղը։ Շրջում էի ամրոցի տարածքում եւ մտքով տեղափոխվում Քարվաճառի շրջան, որն իր ռելիեֆով շատ է նման Լոռի բերդի տարածքին, որտեղ նույնպես շատ խորն են Տրտուի ու նրա վտակների կիրճերը, որոնց ափերին էլ միջնադարում մեր նախնիները ամրոց ու քաղաք են հիմնել, ինչպիսին են Քարվաճառի, Ծար գյուղի ամրոցները։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
hhpress.am