Իր սառն հեգնությամբ Րաֆֆին ավելի էր ազդում ինձ վրա, քան կատաղի հարձակումներով
Սկիզբը` «Նրա դեմքի գույնը թուխ էր, արտահայտությունը առաջին անգամ տեսնողի համար անհյուրընկալ». Րաֆֆի
Րաֆֆին գրում էր, ուստի մեր այցելությունը շատ էլ հարմար ժամանակ չէր և պետք է անախորժ լիներ նրա համար: Բայց մի դուրեկան ժպիտ լուսավորեց այդ ըստ երևույթին մռայլ մարդու թախծալի դեմքը, երբ նա մեզ տեսավ: Իր ցավագար աչքերը շփելով, նա սեղմեց մեր ձեռքը, հրավիրեց նստել և իսկույն ծառային հրամայեց մեզ համար թեյ բերել:
Մեր խոսակցությունը սկզբում դանդաղ, հետո դարձավ ամփոփ ու կենդանի և տևեց մինչև ուշ երեկո: Այդ ժամանակ էր, որ «Մեղու» լրագիրը իր աշխատակից Հայկունիի բերանով (Հովակիմ Գեղամյանց) արշավանք էր սկսել Րաֆֆիի դեմ: Վիպասանի երկրպագուները վրդովված Էին այդ արշավանքով: Ես ինքս շատ անգամ անզուսպ կռիվներ էի ունեցել Բաքվում մեղվականների հետ, որոնց ատելությունը Րաֆֆիի դեմ այդ ժամանակ հասել էր գագաթնակետին: Ինքը վիպասանը սաստիկ վշտացած էրՀայկունիի հարձակումներից: Բնական էր, որ նրա խոսակցությունը պտտեր այն գրականական բանակռվի շուրջը, որ տիրում էրայդ մասին «Մշակ» և «Մեղու» լրագրների մեջ:
Նա պարզում էր իր հակառակորդների արշավանքի բուն շարժառիթը, որ մինչև այդ ժամանակ ինձ համար շատ էլ պարզ չէր: Եվ որքան նա շատ էր հարձակվում մեղվականների վրա, այնքան այդ մարդիկ ինձ համար անախորժ էին դառնում, թեև մյուսկողմից շատ էլ ախորժալի չէին վիպասանի միակողմանի դատողությունները և անձնական, կրքոտ հարվածները:
— Եթե այս մարդիկ, — ասում էր նա, — միայն կարճատես, հետադեմ և անմիտ լինեին, ես այդքան չէի վրդովվիլ: Բայց նրանք խորամանկ էլ են — ահա ինչ է ատելի, նրանք ոչ մի տող առանց վատ նպատակի չեն գրում: Նրանք ղեկավարվում ենեզվիտական ձգտումներով, թեև զուրկ են եզվիտների խելքից: Նրանք միջոցներ չեն խնայում, նրանց համար ամեն մի վատ միջոցներելի է, միայն թե վնասեն ինձ: Ուշադրությամբ կարդացել եք այդ Հայկունիի հոդվածները:
— Այո՛, մասամբ:
— Եթե դուք այստեղի գործերին տեղյակ լինեիք, այդ հոդվածների մեջ կգտնեիք շատ ստոր ակնարկներ, այո՛, նույնիսկ մատնություն:
Դուրս թափելով իր սրտի առաջին թույնը, Րաֆֆխն հանգստացավ և այնուհետև երևան եկավ մի հեգնասեր, նույնիսկ սրամիտմարդ: Խոսակցության նյութը նույնն էր, բայց որպիսի սառնությամբ էր նա ծաղրում իր հակառակորդներին: Մի կարճ համեմատություն, մի թեթև նկարագիր պատկերացնում էր այդ մարդկանց ամբողջ բարոյական աշխարհը: Եվ իր սառն հեգնությամբ Րաֆֆին ավելի էր ազդում ինձ վրա, քան կատաղի հարձակումներով:
— Ով ուզում է հայ գրականությանը ծառայել, — փոխեց նա դարձյալ իր խոսելու տոնը լրջության, — պետք է առաջ սովորի դիմանալ սև նախանձի և ատելության հալածանքներին: Ամեն մի հայ իրան առնվազն մի Նապոլեոն է համարում, և դուք չեք կարող ապացուցել, որ նա պետք է հասարակ զինվոր լինի: Պատմական անմիաբանությունը մեր լրագիրների համար թութակի երգ է դարձել, բայց ոչ ոք մեզանում այնքան նախանձոտ և չարհոգի չէ, որքան լրագրական գաճաճները: Ամենացավալին այն է,որ գիտությունն ու կրթությունն էլ չեն օգնում հային: Քանի-քանի համալսարանականներ կան, որոնց դավանած սկզբունքները պատիվ չէին բերիլ մեր հին խալիֆաներին անգամ: Պետք է հենց այնպիսիների դեմ կռիվ մղել, հենց նրանց մտրակել, եթե ոչ տգիտությունը իրան արդարացնելու պատճառներ շատ ունե: Եվ մենք կկռվենք, գոնե ես վճռել եմ անդադար կռվել, թող ինչքան ուզում են հայհոյեն: Մի մարդ, որ հավատում է իր քարոզած գաղափարների անպայման սրբությանը, նրա համար դժվար չէհալածվելը: Մեր կողմն է նոր սերնդի անկեղծ համակրությունը և ոգևորությունը, նրանց կողմն է հինը, քարացածը և նեխվածը: Թող որքան ուզում են կատաղեն, փրփրեն, ոչինչ չեն կարող անել ժամանակի պահանջների դեմ…
Զարմանալի հավատ և եռանդ էին զգացվում վիպասանի այդ խոսքերի մեջ: Այդ րոպեին նա իմ աչքերում երևում էր կյանքի դառը փորձերի քուրայում ձուլված և կարծրացած մի մարտիկ, որին անկարելի էր շեղել մի անգամ արդեն բռնած դիրքից: Ոչ միբան այնքան չէր կարող խրախուսել մի երիտասարդի, որ իր սրտում զգում էր գրականական ասպարեզը մտնելու անհաղթելիփափագ, ոչինչ, քան մի այդպիսի մարդու խորին հավատով արտասանված այդ խոսքերը:
Ես դուրս եկա Րաֆֆիի բնակարանից ամենալավ տպավորության տակ: Թվում էր ինձ, որ այդ մարդու եռանդը, տոկունությունը, հավատը և ինքնավստահությունը կարող են ամենաթերահավատ մարդուն անգամ ոգևորություն ներշնչել: