Իսահակյանի և Չարենցի առաջին հանդիպումը Վենետիկում (լուսանկար)
Մեծատաղանդ բանաստեղծ Եղիշե Չարենցին առաջին անգամ տեսա Վենետիկում, 1924 թվականին: Չարենցը եկել էր Հայաստանից Եվրոպա ճանապարհորդելու: Ինձ մոտ եկավ նա Հռոմից: Առաջին տպավորությունը, որ ստացա նրանից, փայլուն չէր: Վտիտ մարմին, կարճահասակ, բայց խոհական, խելացի աչքերով: Մնաց մի ամբողջ ամիս Վենետիկում, և մենք շատ և շատ խորին կերպով բարեկամացանք, մտերմացանք: Ամբողջ օրը միասին էին: Առավոտը կանուխ գալիս էր հյուրանոցից, մնում էր մինչև ուշ գիշեր մեր տանը: Թափառում էինք հրաշալի Վենետիկում` ջրանցքներով, գոնդոլներով. Գնում էինք ծովափ, հետո գնում էինք Մխիթարյանների վանքը` Սուրբ Ղազար:
Խոսում էինք անվերջ ամեն հարցի մասին` գիտության, գրականության, փիլիսոփայության, հեղափոխության, բոլոր այն մեծ խնդիրների, որ կան, և փոքր խնդիրների նաև, որ հուզում են մարդկանց:
Վենետիկի հասարակությունը իր պարապ ժամերը անց է կացնում աշխարհի մեջ ամենագեղեցիկ հրապարակի` Սուրբ Մարկոսի հրապարակի վրա: Մի կողմը Սուրբ Մարկոսի հրաշալի տաճարն է, մյուս երեք կողմերը թանգարաններն են, սրճարանները` բոլորն էլ մարմարակերտ պալատներ: Եղիշեի հետ էլ մենք անցկացնում էին Սուրբ Մարկոսի հրապարակի զանազան սրճարաններում: Սուրբ Մարկոսի հրապարակը լեցուն էր աղավնիներով, որ կոչվում են Սուրբ Մարկոսի աղավնիներ` հազարավոր, տասնյակ հազարավոր, և կառավարությունը կերակրում է նրանց: Հրապարակում ծախում են հունդեր, սիսեռներ` կերակրելու համար աղավնիներին: Հասարակությունը, մանավանդ տուրիստական հասարակությունը, շարունակ նկարվում էր` ափերում սիսեռներ բռնած: Աղավնիները գալիս, նստում են կտցահարելու համար, և՛ ուսերի վրա, և՛ գլխարկների վրա: Ահա ես ու Չարենցն էլ նկարվեցինք Սուրբ Մարկոսի հրապարակի վրա` աղավնիների հետ միասին: Չարենցը բախտավոր եղավ, որ նրա վրա նստեցին 3-4 աղավնի, իսկ իմ ձեռքը մնաց դատարկ:
Ավետիք Իսահակյան «Երկերի ժողովածու. N 5»