ԻՆՔՆԱԶՐՈՒՅՑ ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՄՐՋԻՆ
– Երբեք փող չունեցար, չնայած լծկան եզան նման աշխատել ես: Վայելքներ չունեցար, չնայած այդ իրավունքը վաստակել ես: Հոգու անդորր չունեցար, չնայած շրջապատիդ դա ես հորդորում: Հայտնի անուն չդարձար, չնայած ինչ գրում ես՝ երաշտի ժամանակ կաթող ցողի նման թարմացնում է: Այսքանից հետո ասում ես, թե կյանքիդ ավարտին երկնքում հայտնվելու ես որպես ամենաերջանիկը հողածիններից: Այս ինչ հակասական արարած ես դու, այսքան անչա՞ր, թե վարպետորեն ձևացնում ես:– Փողով ձեռք բերված վայելքները գույնզգույն փուչիկներ են, որոնցով հիմա ամեն մեծ ու փոքր հանդիսավայր զարդարում են: Միայն գույն, իսկ ներսում՝ միայն օդ: Մի պստիկ ասեղ, ու վայելքի փուչիկը չկա:– Ասածդ այն է, որ մերկ աշխարհ ենք գալիս, մի ձեռք շորով հեռանում, բացառությունները բացառվո՞ւմ են:– Դե իհարկե: Հոգին հրճվում է ոչ թե նյութով, այլ աննյութականով, որովհետև ինքն էլ երկնային էություն է: Ահա զավակներդ՝ շնչավոր իրական մարդիկ, բայց դու սիրում ես ոչ թե նրանց սխալ կամ ճիշտ արարքները, քեզ կամ այլոց նրանց նվիրաբերած բարիքները, այլ իրենցով կերտած քո պատկերացումները: Այդպեսև կյանքի մյուս հանգամանքները:– Եթե անվերջ ճոճվես լավի ու վատի միջակայքում՝ ի վերջո լարախաղաց կդառնաս, ձախորդ լարախաղաց, փշրված ոտք ու ձեռքով, այսինքն կոտրատված սրտով:– Ցողի մասին խոսեցիր. Ի՞նչ անուն, երբ ի զորու ես մե՜կ ազնիվ մարդու ոգեշնչել: Եվ իմացիր, գուցե ես հակասությունների կծիկ եմ, բայց անչար չեմ, ամենևին անչար չեմ: Երբ խոտոր բան ես տեսնում ու դժնի նպատակը հասկանում՝ չես կարող հակահարված չտալ: Ճակատագիրը քեզ տեսնելու և հասկանալու շնորհներ է տվել, իրավունք չունես կույր ու խուլ ձևանալ: Բոլոր մարդիկ չէ, որ կարողանում են թացը չորից զանազանել, զգայարաններդ պարտավոր ես ծառայեցնել նրանց արթնացմանը: Թե չէ խելոքին ի՞նչ բացատրես, նա ամեն բան քեզնից լավ գիտի:– Անկեղծ չես, դու խելոքների հետ ավելի շատ ես հարաբերվում, գոնե ասա՝ դա ա՞յլ մոլորակ է:– Գանձերի մոլորակ է: Մի բան հաստատ է՝ մեր ազգի մեջ հիմա ավելի շատ իմաստուններ կան, քան անցած որևէ պատմաշրջանում: Ոչ թե քանակը նկատի ունեմ, այլ հաղորդակցվելու լայնածավալ հնարավորությունը: Դիմագրքում ես գտա մտքի բազմազանության հրավառություն, որն ուղղակի անսպառ է: Չլինեն այս մարդիկ՝ կենցաղն ու դրսածառա քարոզչությունը Հայոց հողում քարը քարի վրա չեն թողնի: Աստված մեզ միայն Արարատ ու Արաքս, ոսկի ու զուլալ ջրեր չի տվել, մեզ նախ պարգևատրել է պայծառ ուղեղներով: Հենց իմ մտերիմ շրջանակում այնպիսի անհատներ կան, որոնք իրենց շռայլ ունակություններով մի-մի արեգակ են, հարազատներիցս մինչև հայտնի հայագետներ, լրագրողներ, արվեստագետներ ու քաղգործիչներ: Նրանք այնքան մեծաթիվ չեն, ինչպես ասպարեզը գրաված միջակությունները, բայց ակնհայտորեն ծանրակշիռ են: Նրանք շուտով իրենց ազդու խոսքն ասելու են, չեն կարող երկար համբերել, որովհետև քաղաքական լարախաղացությունը երկրի համար է վտանգավոր: Ես հավատացած եմ, որ ազգն անսալու է նրանց փրկարար կոչին:– Ինչո՞ւ, երբ հարցը վերաբերում է անձնականիդ, գիշերվա նման մթնում-փակվում ես:– Անձնականով շոուբիզնեսականներն են աղմուկ բարձրացնում, որպեսզի իրենց հանդեպ հասարակական հետաքրքրություն առաջացնեն: Գրողին աղմուկ պետք չէ, գլուխը կախ իր գործն է անում: Կկարդա՞ն՝ լավ, չե՞ն կարդա, Աստված իրենց հետ: Գրականությունն օրհնված ջուր է, ընտրության հարց է՝ ուզում ես օրհնվա՞ծ լինես, թե մնալ պիղծ:– Կտրուկ ես արտահայտվում, կարծես թե պիղծ գրքեր չեն գրվում:– Որքան ուզես, մանավանդ այս վերջին հարյուր տարում: Բայց կրթված աչքն ակնթարթորեն որոշում է՝ շարունակե՞լ, թե գիրքը շրխկոցով փակել:– Տաղանդներն իրենց ճարպիկ գրչով կարող են ապականությունը որպես առաքինություն ներկայացնել:– Պատահում է, բայց մտքովս ուրիշ բան անցավ: Հենց երեկ քանիերորդ անգամ Մոեմի «Թատրոնը» կարդացի: Իմ ամենասիրելի վեպերից է, հայերեն տանելի թարգմանություն: Անգլիացի դասականն ի՞նչ է անում՝ իր քանքարով, խոսքի վարպետությամբ օձիքիցդ բռնած քեզ տանում է դեպի այն հանգրվանը, որտեղ պետք է կանգ առնես ու բացականչես՝ բայց ինչ գարշելի են այս կանայք: Ջուլիա Լամբըթ՝ հանճարեղ դերասանուհի, հասարակության վառվռուն ծաղիկ, հարգված տանտիկին ու մայր, բայց իրականում անկիրթ, անբարո, կեղծավոր ու դավաճան կին: Ամեն տողում Մոեմն իր հերոսուհուն ծաղրում է, մերկացնում ճղճիմ ներքինը, ձաղկում: Դա անում է լորդին վայել նրբին բառապաշարով, ու վերջին տողին հասնելով մնում ես շվարած՝ ի վերջո ո՞րն է գրողի եզրահանգումը՝ փչացած են միայն հանրահռչակ դերասանուհինե՞րը, թե բոլոր կանայք: Հոյակապ վեպ, բայց ես այն փակում եմ ահավոր վիրավորված սրտով:– Հրաշալի երգն էլ կարող են կատարել գռեհիկ հանդերձանքով, անպարկեշտ շարժուձևով: Իհարկե, դա երգի ընկալման վրա ազդում է:– Ազդում է նողկանք առաջացնելով: Ոչ, դա ճաշակի խնդիր չէ, հետևողականորեն տարվող քաղաքականություն է: Հնարավոր է՝ Մոեմը որևէ կնոջից վառված է եղել ու այդ վեպով նրանից վրեժ է առել, բայց երգարվեստը, այն էլ ազգայինն աղավաղելը պատահականորեն չի արվում: Մի արցախցի երգչուհի կա, անպատմելի գեղեցիկ ձայն ունի, բայց հոլովակները նայել չես ուզում, միայն լսել ես ուզում: Ես նրան չեմ հասկանում:– Մի՞թե նա ակնարկածդ քաղաքականության զոհերից է:– Ես էլ չեմ հավատում: Ուրիշ հանգամանք կա՝ զոհը միշտ հանդիսականն է, ընթերցողը, հեռուստադիտողը, այսինքն հանրությունը: Այդ նա է թոհուբոհի մեջ ճաշակն ու ազգայինի զգացողությունը կորցնում: Մանավանդ տաղանդավոր երգիչները դա պետք է հաշվի առնեն, թե չէ ո՞ւմ են զարմացնում իրենց երկար, մերկ սրունքներով ու բաց ստինքներով, շուրջը հավաքած կապիկանման իբրև թե պարողներով: Չափի զգացումն է անհետ կորչում, դա վերագտնելը դժվար է լինելու: Իհարկե, գալու է մի երանելի ժամանակ, մարդիկ փնտրելու են ավելի հոգեմոտը, ավելի սրտահույզը ու գտնելու են անխաթար կատարումներ, գեղեցիկից չշեղված կատարողներ… Դրանք հիմա էլ կան, ցավոք, փոքր լսարան ունեն: Միայն թե շողշողուն տաղանդներն են վերանալու: Այնինչ մի քիչ մտածելու ունակություն ունենային՝ կարող էին և երգը պահպանել, և իրենց բնատուր շնորհը:– Սա դեռ երգարվեստն է, որտեղ ձայնն ու լսողությունը համենայնդեպս պարտադիր են…– Հըմմ, լրագրության բոստանն ես քար գցում: Այնքան եմ խոսել ու գրել՝ այլևս ցանկություն չունեմ, մաղով ջուր չես կրի:– Չկռահեցիր, հարցս վերաբերում է քաղաքականությանը:– Բայց ի՛նչ տարբերություն, երկուսով էլ ով ասես զբաղվում է, նույնչափ լկտի համարձակությամբ ու դրա հետևանք տգիտությամբ: Անաչառ ու փորձառու անհատներ էլ եթե կան՝ այդ խառնիճաղանջի մեջ տանջվում են, հասարակական այս շիլաշփոթի մեջ ամենախղճալին իրենք են:– Ավելի խղճալի, քան գործազուրկնե՞րը, արտագաղթողնե՞րը, քաղաքական հալածյալնե՞րը, չքավորնե՞րը, կոպեկներ ստացող թոշակառունե՞րը, մահվան շեմին պետությունից մերժում ստացող հիվանդնե՞րը…– Թվարկումդ տեղին է, բայց ահա թե ինչ է կատարվում. համոզված լինես, որ նույն դաշտում գործողը հիմար է, մեղավոր, անպատասխանատու, ոխակալ ու դրա դեմն առնել չկարողանաս՝ իրոք, ողբերգություն է: Այն ժամն է հնչել, որ քաղաքական դաշտը պետք է մաքրվի, պետք է նոր դեմքեր գան, նոր գաղափարներ, նոր ծրագրեր: Հուսալ, թե քաղաքականությունը ծով է ու պետք է ինքնամաքրվի՝ թյուրիմացություն է: Նույն մարդիկ չեն վերածնվում, չեն վերափոխվում, նրանք առավելագույնը՝ կերատաշտակ են փոխում: Երբ ասացի՝ մեզանում խելոքները շատացել են, նաև այն նկատի ունեի, որ նրանք մտադիր են քաղաքական գործունեության հայտ ներկայացնել: Չեզոքության շռայլություն ոչ ոք մեզ չի տվել, աշխարհաքաղաքական զարգացումներն արագ փոփոխվում են, ոչ միայն պետք է համընթաց քայլել, այլև վազանցել: Վստահաբար ասում եմ՝ այսօր մենք ունենք համապատասխան ներուժ, նրա ներկայացուցիչները տարբեր ոլորտներում հմտացած մարդիկ են և կստեղծեն նաև համարժեք լրատվամիջոցներ, որոնք անաչառ տեղեկություններ կհաղորդեն: Սաղմերն արդեն երևում են:– Ի՛նչ հաջողությամբ ես անունները շրջանցում:– Ոչ մի գաղտնիք չկա, նրանք բացճակատ գործում են, ուղղակի անուններ տալու անհրաժեշտությունը չեմ տեսնում քանի դեռ զատ-զատ են ձեռնարկումներ անում, միավորված չեն: Դա էլ հասկանալի է՝ երկունքը միշտ էլ ցավոտ է լինում, պետք է հեղինակությունդ զոհաբերես հանուրին: Առաջնայինն այն է, որ բոլորը համոզվում են՝ իշխանավորների մակարդակը երբեք այսքան ցածր չի եղել, պետության ապագան երբեք այսքան վտանգված ու մշուշապատ չի եղել:– Մնաց, որ հեղափոխության զանգ հնչեցնես:– Գոնե քաղաքականությունը պետք է թողնել տղամարդկանց: Հապա բարձրաձայն արտասանիր՝ հայ տղամարդ: Եթե քո կարիքը կա՝ միայն որպես Սոսե:– Նա քաղաքական սիրավեպ չի գրել, քաղաքական հոդվածներ չի գրել, ոչ էլ սուրը ձեռքին ներխուժել է փիլիսոփայական հարթակներ, որտեղ տղամարդիկ միահեծան իշխում են:– Երևի ուզում էիր ասել մտքի սուրը: Պատահում է, ի՞նչ կարող ես անել: Քեզ համար ապրում ես, նա հանկարծ սկսում է փեշդ քաշքշել, ճակատդ խուտուտ տալ, մթան մեջ գրիչը ձեռքդ տալ, չի թողնում քնես, գործդ վերջացնես: Դա մրցակցություն չէ, պարզագույն ինքնարտահայտում է, բոլորը դրա իրավունքն ունեն:– Հնարավոր լիներ՝ կյանքիցդ ի՞նչը կջնջեիր:– Այն ամենը, ինչը մեր ժողովրդի համար համընդհանուր ցավ է՝ պատերազմն իր զոհերով, կարիքը, անհաշտությունը: Անձնական կյանքից կջնջեի մի քանիսին, որոնց մոլորություն եմ ունեցել մարդ համարելու: Մինչև գլխի ես ընկնում, թե ով է բարեհույս, ով անբարեհույս՝ ծերանում ես:– Յոթ վեպ, երեք վիպակ, շուրջ հարյուր պատմվածք, քո հերոսուհիներից ամենից շատ ո՞ւմ ես նման:– Ինչո՞ւ միայն հերոսուհիները, իմ բոլոր կերպարները ես եմ:– Նաև բացասականնե՞րը:– Իհարկե, ես նրանց իմ էությունից եմ պեղել ու գրական կյանք ճանապարհել: Միայն մի քիչ չափազանցել եմ: Միամիտ չեմ, հավատացնեմ, թե սուրբ եմ, թե մեղավոր մտքերն ինձ մոտիկ չեն գալիս:– Վանուհի Տիգրանյանը դու չե՞ս:– Իմ երազանքն է Վանուհին, բայց ավելի շատ Հիրիկին եմ սիրում, կուզենայի իմ հայրենիքում ամեն օրիորդ մի քիչ Հիրիկ լիներ:– Մեզ լսողը չի հասկանա, թե ում մասին ենք խոսում, քո «Քառակուսի գնդակ»-ով այսօր ոչ ոք չի խաղում:– Ինչպե՞ս խաղա, քառակուսի է:– Լավ է, որ կատակելու տրամադրություն ունես, չես ասում, որ գրքերի ճակատագրերը որոշողներն են քառակուսի: Առցանց գրողուհի՜…– Ես էլ այսպիսին եմ, թուղթը չեմ սիրում, բարեբախտաբար շատերն են հիմա ինձ նման մտածում:– Հայացքդ ինչո՞ւ ես թաքցնում, հոգուդ մի անկյունում նախանձո՞ւմ ես տպագրվող գրողներն:– Ասացի, չէ՞, սուրբ չեմ:– Դեռ այն կարծիքի՞ ես, որ աշխարհի բոլոր շնորհները ապաշնորհների համար են:– Բայց ի՞նչ է փոխվել: Աշխարհի կարգն այդպես է՝ հիմարները հասնում են մեծամեծ դիրքերի, տխմարները հռչակվում են հանճար, անբարոյականներն ստանում են կանացի երջանկության քաղցր պատառները: Այս կարգը խախտում են եզակիները, այն էլ կյանքի կամ նյարդերի գնով: Սովորական մարդիկս անզոր ենք դրա դեմ:– Ոճիդ ու սկզբունքներիդ հակադրվեցիր, նախկինում ավելի լավատես էիր:– Գիրն ապրեցնելու համար է. տողերիդ տակ չպետք է սև բծեր լինեն: Հիմա զրուցում ենք, սրտիս թաքուն դուռը բացեցի: Շիտակ նստել ենք, շիտակ խոսում ենք:– Սև բծեր համենայնդեպս լինում են, դրանք լռությունի՞ց են ծնվում, թե աղաղակից:– Խլացված աղաղակն է լռություն դառնում: Դա ծանր բեռ է, թողնում ես քեզ, ուրիշներին չի կարելի քո ցավի մեջ քարշ տալ:– Դե, թող մնա քեզ, թող շաքար դառնա:– Թեկուզ:– Ինչ-որ բանի դեռ սրտատրոփ սպասո՞ւմ ես:– ՆՐԱ՜ հետ հանդիպմանը, այնտեղ՝ Երկնքում: Երբ ավագները կյանքից հեռանում են, պետք չէ նրանց հետևից լաց լինել, ափսոսալ, տառապել, որովհետև նրանք արդեն անսահմանորեն երջանիկ են: Այս կյանքում էլ, քանի դեռ սիրտներս տրոփում է, կարող ենք երջանիկ լինել, եթե արցունք թափելու, միմյանց խոշտանգելու, ատելու, խաբելու փոխարեն ուրախանանք ՆՐԱ ընծայած բարիքներով, որը մի ծաղիկ է, մի մեղեդ, մի մանկիկ, մի բարի արարք, մի անուշ պտուղ…– Թեև պատասխանդ սրտովս չէ ու շտապելուդ պատճառը չեմ հասկանում, կուզենայի իմանալ՝ կտակ գրե՞լ ես:– Օ՛հ… Բայց ասեմ: Կարծիք կա, թե կտակ թողնում են հարուստները: Դա ճիշտ է, չունեցածը հնարավոր չէ կտակել: Ես ևս ինձ հարուստ մարդ եմ համարում, այնքան եմ գրել, գրել, գրել… մի ահռելի նավ բարձես՝ փոթորիկն էլ նրան տեղից չի շարժի: Ամբողջը կտակում եմ ազգիս՝ որպես մի համեստ ներդրում նրա անհատակ գանձարանում:– Զավակներիդ ոչի՞նչ, հայ մայր ես, չէ՞:– Իրենց համար, իրենց զավակների համար ես ունեմ անչափելի սեր: Ինչպես արևն է իր շողերը նվիրում աշխարհին, մայրն էլ իր սերը բաշխում է զավակներին: Դա տիեզերական մշտագո պարգև է, գին չունի, կշիռ չունի, կտակում չի գրվում, միայն լուսավորում ու ջերմացնում է: Թե այն ժամանակ, երբ կաս, շնչում ես, թե բացակայությանդ ժամանակ:– Ումի՞ց ես շնորհակալ:– Ընտանիքիցս, որ եղավ իմ կյանքում, ճանաչեցինք ու զորացանք իրարով:: Ծնողներիցս, քրոջիցս ու եղբորիցս, հարազատներիցս, ընկերներիցս, հեռավոր ու մոտ ծանոթներիցս: Բոլորից, ովքեր թեկուզև ինձ անճանաչ՝ բարեգութ են, տաղանդաշատ են, ստեղծող-արարող են: Շնորհակալ եմ իմ ազգից, որ անառիկ միջնաբերդի նման անեղծ է պահում իր տեսակը: Հանճարներ ու հանճարեղություններ տված աշխարհից եմ շնորհակալ:– Ասա երեք բան, հանուն որոնց արժե աշխարհ գալ:– Տոհմ, երաժշտություն, բնություն:– Երեք բան, որոնք քեզ իբրև մարդու վիրավորում են:– Սուտը, բռիությունը, անհավատարմությունը:– Ի՞նչը կփրկի Հայաստանը:– Հայը և իր խելքը:– Խորհուրդներ տալու սովորություն ունես:– Այսօր մի հատիկ խորհուրդ ունեմ՝ մարդիկ, խնայեցեք միմյանց և այն ամենը, ինչը նախորոշված է ձեզ նմանին երջանկացնելու համար:– Թույլ կտա՞ս մտքի ակնթարթներիցդ մի քանիսը վերհիշել:– Անկասկած. դրանք ծնվել են հիշվելու համար:– Արդարադատությունը արդարներին դատելը չէ, արդար դատելն է:Պայքարի մեջ նետվելիս տաք գլուխը խանգարելուց բացի նաև հիվանդանում է:Ավելորդ խոսքերը հետագայում ավելորդ գլխացավանք են դառնում:Լեռը մուկ ծնեց և անունը դրեց փիղ:Հիվանդ մարմինը առողջ հոգին է փրկում:Տխմարին մարդու տեղ դրեցին՝ կարծեց հանճար է:Դատարկ խոսքերից պետք չէ խոցվել, դատարկ գլուխներն ավելի վտանգավոր են՝ երկրներ ու ժողովուրդներ են ղեկավարում:Հարգանքը հունդի նման է՝ կհնձես, եթե ցանես:Հայերենը լեզու է, ինչպես մոլորակի բոլոր լեզուները: այերենը միակ լեզուն է, որով հայերս մտովի մենախոսում ենք:Տունդ մտնող ամեն օտար հյուր չէ: Սա պատմությունից մեր չքաղած դասն է:Անդունդից միայն կույրը չի վախենում:Լեռ բարձրացողը կհևա::Նախանձը նախ իր անձն է սիրում: Ո՞ւր է, թե դրանով բավարարվեր:Հայրենիքի համար մեռնելիս դասալիքների մասին չեն մտածում:Թափված արցունքը ոչ մի սփոփանք չի ժողովի:Կարճ խոսքը խելքի նշան է, երկար խոսքը՝ կարճ խելքի:Կիլիկիան հայոց թագի ամենաշողուն ու տրտում ադամանդն է:Պետությունը պետություն կդառնա, երբ պաշտոնյան մարդ դառնա:Այս ազգի հանճարը որքան զորեղ՝ տականքը նույնքան ծախու է:Բարեգործությունը փրկում է մեկի կյանքը և շատերի հոգիները:Մի հաշվիր, թե ինչ չունես, հիշիր, թե ինչ ունես:Մի կաթսայում երկու գլուխ չի եփվում, ո՞ւր մնաց՝ երեք միլիոնը… և այսպես՝ մի քանի հազար ասույթ, սա մի փոքրիկ ծաղկեփունջ էր:– Երե՜ք միլիոն… Յոթ տարի առաջ եմ գրել: Օրօրի պակասում ենք: ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ «Բումերանգ» շաբաթաթերթ-1998թ.+Magaghat.am կայք- 2019թ.