Ինքը
«ԳԻՏԵ՞Ս ԻՆՉ, ԿՅԱՆՔ Է՝ ԵՎ ՄԻ ԱԿՆԿԱԼԻՐ ԱՆՓՈԹՈՐԻԿ ԾՈՎ. ԵՎ
ԵԹԵ ԽՈՐՏԱԿՎՈՒՄ ԵՍ՝ ՄԵՂՔԸ ՔՈՆՆ Է ԵՎ
ՈՉ ԹԵ ՓՈԹՈՐԻԿԻՆԸ, ՔԱՆԻ ՈՐ ՓՈԹՈՐԻԿԸ ԾՈՎՆ Է:
Ո՞ՒՐ Է ԽԱՐԻՍԽԴ: ԽԱՐԻ՛ՍԽԴ»:
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ «ՄԵԾԱՄՈՐ»
ԻՆՔԸ
( Հատված)
Վերջին շաբաթներն էին, ու մենք համարյա գիտեինք, որ նա իր երկրավոր կյանքի վերջին ծեսն է ծրագրել՝ հրաժեշտ տալու ծառին ու խոտին, քարին ու ջրին, որոնց ծննդաբանությունը կարող էր անել եւ ձեւակերպել նրանց միստիկական ապրելակերպը: Բնության մեջ նա դառնում էր Ինքը. այլեւս գոլ քաղաքի լռակյաց, ինքնամփոփ նյարդակծիկը չէր, այլ տիեզերական մարդ՝ իր՝ Նահապետի վերջին աշնան վերջին գույների ու ձայների հետ սքանչելիորեն ներդաշնակ: Հերթական մի դաս՝ խոսքի ու ներկայության, մինչ գունաթափվող խոտը դաժանորեն արագ էր սառչում, ու խարույկը՝ դժկամորեն վառվում: Տխուր հպարտություն կար՝ այդ պահին մոտ լինել նրան, ավելի մոտ՝ անշփոթ կեցվածքին, որը հետո էլի չէր բացակայելու, այլ վերադառնալու էր ուրիշ կերպերով (բառ, միտք, ոգի)՝ ամեն անգամ վերահաստատելու իր հարատեւությունն ու փորձելու մեր ուշիմ լինելու կարողությունը, որովհետեւ կյանքը վերաիմաստավորելու առաքելությունը միայն ընտրյալին է տրված:
(Կարելի էր ասելիքն իջեցնել հուշագրության մակարդակի՝ «Մի անգամ Վարպետի հետ…», կարելի էր էժան պրծնել, կցկտուր պատմություններ ճոռոմելով, ու չփորձել մոտենալ իրական մեծությանը՝ փոքրությանը հատուկ գլուխ պահելու,- ցավեցնելու,- համազգային ավանդական հունարով: Բայց սա եւս առաջադրանք է, որն Ինքն է լռելյայն պատգամել՝ չի՛ կարելի):
Ապշեցուցիչ է իրադրությունները, ավելի ստույգ՝ հոգեւոր մթնոլորտը կանխատեսելու նրա ձեռնհասությունը. Ինքն էր, դեռ տարիներ առաջ, վախով տեսել մեր հոգին՝ ուրիշը վերծանելիս: Ապա հայրենիքն այնքան «զորացավ», որ բիցեպսը հաղթեց ուղեղին, սապոգները մտան դպրոց, անճանաչելիորեն աղավաղվեց մայրենին, մեր վարքն ու բարքը, եւ, իր իսկ համոզմամբ, ազգովի գրեցինք «հոկտեմբերի 27-ի» խայտառակ սցենարը: Վերջապես ունենալ Հրանտ Մաթեւոսյանի ոսկի հայերենն ու պաշտոնապես խոսել ինչ-որ կավատային լեզվով. նրա աչքերով համաստվածային խորքը տեսնելու հնարավորություն ունենալ ու մնալ այսքան կաղ ու կռնատ. կամովին, վերջին հարբեցողի պես, երգիծանքի վերածել կյանքը: Ինքը գիտեր այս ամենը, Ինքը սարսափով էր տեսնում ու կախականջներին կանխատեսում վատթարը: Որովհետեւ երկիրը կենդանի օրգանիզմ է, այլ ոչ մի բուռ ավազ, որը թափվում է մատների արանքից. Երկիրը մենք ենք, ու երեւի նրան հերթական անգամ փրկելու համար մեզնից պահանջվում էր ավելի շատ կամք ու տղամարդկություն, ավելի շատ սրտացավություն, քան երբեւէ, ու ավելի շատ խելք, քան երբեւէ: Կամ՝ «Թե՞ մենք ունակ չենք նվիրումի»,- Ի՛նքն է ասել:- «Թե՞ մեր տված արյունը բազում աշխարհամարտերի՝ մեր տված արյունը չէր — տուրք էր կեսարներին: Թե՞ մեր ցմրուրս զոհողությունները հպատակի մեր տուրքերն էին օտար տիրակալներին: Թե՞ մարդկային մեր շքեղ շնորհների բացարձակամները այլ ժամանակների ու երկրների ապարանքներում- շնորհի բացահայումն էին ի տես մեզ իշխողների»: Ինքն է գրել: Այսպես, հարցը դրված կտրուկ ու տղամարդավարի՝ իշխա՞ն ես, թե՞ հպատակ. կամ թեկուզ քրիստոնեավարի՝ տե՞ր ես: Զարմանալի՞ է, որ մեր (այսինքն՝ արյունակից) Վարպետին գնահատողն էլ էր այլազգին, հասկացողն էլ:
Միամտություն կլինի կարծել, թե Սարոյանն իր ժառանգական հայկականությունն էր ցույց տալիս՝ ասելով. «Իմ գրվածքները կընթերցվեն կրկին ու կրկին»: Մեծ մարդիկ, փառահեղ մարդիկ լավ գիտեն իրենց հարկը: Ինքը եւս գիտեր («…բայց դուք կմնաք անտեր: Վախենամ, որ կմնաք հովիվը կորցրած ոչխարի պես, որին գայլը կուտի»), ու Ինքը եւս գիտեր իր ստեղծածի գինը:
Եվ Ինքը հաղթեց: «Նա հաղթեց,- ինչպես մի անգամ գրեց Սարոյանի մասին,- հաղթեց ու կանգնեց նույնպես հաղթած իր եղբայրների կողքին՝ Սարոյանի, Չարենցի, Խաչատրյանի, Թամանյանի …»: Որովհետեւ որտեղ Ինքն էր բնակվում, եւ բնակվում է՛, մահը չունի տարածք եւ իշխանություն. իր նոր՝ դեռեւս հնարավոր տիրույթում, դեռեւս հնարավոր հայրենիքում, օրհասական արթնացումով մկրտվելու է Հրանտ Մաթեւոսյանի քաջ ժողովուրդը. իր որդիների ժողովուրդը՝ անխառն ու բացառիկ:
ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ
Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan ֆեյսբուկյան էջից