«Ինչումն էր այդ խստահայաց մարդու հմայքը». Արմեն Գուլակյան
— Գիտե՞ք, ինչ բան է դերասանը, — ասում էր նա: — Դերասանը կարող է դառնալ ամենաապիկար մարդը, եթե չկարողանա ճիշտ ճանաչել իրեն, չիմանա իր կարողության չափը: Դուք դա դեռ չգիտեք և կարող է չիմանաք էլ … Վա՜յ ձեզ, թե չհասկանք էդ բանը: Շատ ժամանակ է անցել, և ուզում եմ անաչառ նայել նրա ստվերին: Մտածում եմ, թե ինչումն էր այդ խստահայաց մարդու հմայքը: Նա ավելի շատ հեգնում էր ու դժգոհում, և առաջին պահ դժվար էր նրա մեջ տեսնել արտիստին, դժվար էր նրա հետ խոսելիս զգալ արվեստի մարդու հետ շփվելու բավականությունը: Իրականության և իրերի վիճակի զգացողությունը չափազանց սուր էր նրա մեջ և ներշնչումներն էլ ավելի բարոյական բովանդակություն ունեին, քան էսթետիկական: Թատրոնը նրա մասնագիտությունն էր, այս հասկացության ամենախոր իմաստով, բայց շատ բան էր ատում թատրոնում. դաժան էր ու հեգնական դերասանի սենտիմենտալ սնափառության, եսամոլության և բացառիկության ձգտումների հանդեպ, եթե անգամ դրանց կրողը լիներ տաղանդավոր մարդ: Հիշեցնում էր Ստանիսլավսկու ասածը, որ բացառիկության զգացումը տաղանդավոր դերասանին կարող է վերածել քաղքենու և ինտրիգանի: Նա մեծ արհամարհանք ուներ վայրիվերո, անհետևողականմ հեղհեղուկ, անսկզբունք, ներքին կարգ ու սիստեմո չունեցող բնավորությունների հանդեպ, ինչ-որ «վերին» ներշնչումների սպասող, իրենց չեղած զգացմունքներով հիացած դերասանների հանդեպ: Եվ չէր սիրում աշխատանքն ու ստեղծագործությունը խանգարող, մարդուն մտքից ու զբաղմունքից գցող, կենտրոնացումը խախտող ամեն ինչ: Չէր սիրում իրենց շուրջը իրարանցում ստեղծող, կեղծ գործնական, հասարակական աշխատանքի անունից ներկայացող մարդկանց: Եվ ամենից ավելի ատում էր քաղքենիությունը` միտք ու զգացմունք ցուցադրողներին, սնոբներին, ինչպիսին էլ լինեին` ծույլ, թե աշխատասեր, կրթված, թե անկիրթ, սենտիմենտալ թե ինտելեկտուալ: Հենրիկ Հովհաննիսյան «Թատրոն. Հին և նոր արժեքներ»