Ինչը կարող էր կործանել, այն էլ փառաբանեց…
«Արվեստը մի խորհուրդ է, եւ արվեստագետը՝ նրա քուրմը… Ամեն մի մտադրություն՝ արվեստը ծառայեցնել այլ նպատակի, սրբապղծություն է, քանզի սիրո մեջ ամենը, ինչը սիրուց բացի որեւէ ուրիշ նպատակ է հետապնդում, անբարոյականություն է»։
Երվանդ Քոչար
Ու չնայած արվեստագետի համոզմունքին, թե արվեստն այլ նպատակի չի ծառայում, քան բուն արվեստին, Քոչարին ձերբակալում են «Սասունցի Դավիթ» արձանի համար եւ կայարանամերձ հրապարակում տեղադրված անմեղ արձանի գիպսե օրինակը ջարդուփշուր անում։
Երվանդ Քոչարն արդեն աշխարհում ճանաչված արվեստագետ էր, հիմնադրել էր տարածական նկարչությունը եւ այդ թեմայով զեկուցում կարդացել 1936 թ. մարտի 18-ին, ստորագրել «Դիմանսիոնիզմի մանիֆեստը», որի գաղափարներն իրականացրել էր իր ստեղծագործություններում։ Մանիֆեստի կողմնակիցներն էին Պիկասոն, Արպը, Կալդերը, Միրոն, Դելոնեն, Դյուշանը, Կանդինսկին, Պիկաբիան եւ այլք։ Քոչարը մեծ ամպլուայի ստեղծագործող էր՝ զարդա-կիրառական արվեստից մինչեւ գեղանկարչություն, քանդակագործություն, գծանկարչություն, գրքի, ներկայացումների ձեւավորման աշխատանքներ, բայց եւ ցանկացած թեմատիկայի մեջ յուրաքանչյուր աշխատանքի համար՝ ուրույն մոտեցումներով ու մեկնություններով, անընդհատ ստեղծագործական եռուն պրոցեսի մեջ՝ բացահայտելով արվեստի խորհրդավոր աշխարհը, թափանցելով խորքն ու միտքը։ Նրա գործերը սոսկ տեսարժան չեն. դրանք խորհել են տալիս ոչ միայն կատարման կերպով, տեխնիկայով, կիրառված նյութի տեսակով, տարածական ու ժամանակի միաձույլ շարժապատկերի հղացմամբ, այլեւ մտածել տալու թելադրանքով, այլ կերպ՝ արվեստագետի թիրախը միտքն է. ցանկացած ճանապարհով մտքին հասնելու գերնպատակը, որսալու անհայտը. չէ որ միտքը ոչ միայն լեզվի, այլեւ մատների ծայրերին է կենդանանում… Ստացվում է հետաքրքիր պտույտ՝ ուղեղը թելադրում է մատների աշխատանքը, այսինքն՝ միտքը սահում է դեպի մատները, մատները ստեղծում են պատկերներ, պատկերները վերադառնում են մտքին. արարչական այս շրջապտույտը բավական թափանցիկ է Քոչարի ամպլուայում, ինչն արվեստագետի մեծության վկայագիրն է, եւ արդեն իսկ զարմանալի չէ ո՛չ նրա բարեկամների ու երկրպագուների, ո՛չ էլ նախանձողների ու թշնամիների առատությունը։
Մեծերը չեն երկնչում մեծերից. նրան սատարում ու բարձր են գնահատում Արշակ Չոպանյանը, Էդգար Շահինը, Հակոբ Գյուրջյանը, նրա մասին գրում են ժամանակի հայտնի քննադատները՝ Կլեման Մարոն, Ռայմոն Սելինգը, Ժյուլ դը Սենթ Հիլլերը, այլք, նրա աշխատանքները ցուցադրվում են Պիկասոյի, Արպի, Բրանկուզիի, Դելոնեի, Լեժեի, Էռնստի, Գրիսի, Կլեեի, Լիպշիցի, Միրոյի, Մոնդրիանի, Օզանֆանի եւ այլ նշանավոր ստեղծագործողների աշխատանքների հետ։ Եվրոպայում բացվում են Քոչարի անհատական ցուցահանդեսները, որոնց արձագանքում են հանրահայտ պարբերականներն ու հանդեսները։ Եվրոպայի սրտից՝ Փարիզից գալով Հայաստան, սիրտն ու միտքը դնում է ազգային դիմագիծը կերտելու նվիրական աշխատանքին, եւ ի՞նչը կարող էր առավել վառ արտահայտել ազգային վերածնունդը, եթե ոչ ազգային էպոսն ու նրա դյուցազնական հերոսները, մանավանդ մոտ էր էպոսի հազարամյակը, եւ առջեւում տոնակատարություններ էին. տասնութ օրում Քոչարը ստեղծում է «Սասունցի Դավիթ» գիպսե արձանի առաջին տարբերակը։ Գիպսե արձանը կայարանամերձ հրապարակում մնում է մոտ երկու տարի, մինչեւ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրը՝ 1941 թ. հունիսի 22-ը. այդ օրը Քոչարը ձերբակալվում է հակահեղափոխական քարոզչության եւ հակահեղափոխական գործունեության մեղադրանքով. դատավճռից հետո դատաստանը հասնում է «Սասունցի Դավթին». գիպսե արձանն արժանանում է «մահապատժի». արձանի մեղքն այն էր, որ մերկացրած սրով նայում էր դեպի «բարեկամ Թուրքիա», թեեւ գիպսե սրից արյուն չէր կաթում ու չէր կարող կաթել, այն ժամանակ, երբ «բարեկամ Թուրքիայի» բարեկամ Գերմանիան ագրեսորաբար հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա, որի լիարժեք անդամն էր եւ ՀԽՍՀ-ն, այսինքն՝ մեզ վրա, այն դեպքում, երբ Թուրքիան, շունչը պահած, սպասում էր սուրը մերկացնելու իր հերթին, որի անմիջական զոհը Հայաստանն էր լինելու, եւ հաստատ արյուն էր կաթելու այդ սրից, այն էլ՝ ինչքա՜ն։
Ինչպես Քոչարն է ասում, արվեստը չի ծառայում այլ բանի, քան հենց արվեստին, եւ «Սասուցի Դավիթ» արձանն էլ, իսկապես, հղացվել էր էպոսի հազարամյակի տոնակատարության առթիվ եւ այլ բան չէր հետապնդում, քան հայ ժողովրդի ուժի, կամքի, վերածնության խորհրդանիշի գաղափարը ներկայացնելը, ինչի իրավունքն ունի ցանկացած ժողովուրդ, սակայն հայ ժողովրդի ծոցում կան ոչ միայն սասունցիդավիթներ ու քոչարներ, այլեւ մուղդուսիակերպ արարածներ, որոնց հանգիստ չեն տալիս ուրիշների մեծություններն ու փառքը. արդեն 1937 թ. հոկտեմբերի 2-ին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում տպագրվում է «Գեղարվեստի ֆրոնտից դուրս շպրտենք ժողովրդի թշնամիներին» հոդվածը, որում էլ Քոչարը մեղադրվում է «հակահեղափոխական քարոզչության եւ հակահեղափոխական գործունեության» մեջ, այսինքն՝ Քոչարի դեմ գաղափարական պայքարը մի քանի տարի անց շատ կոնկրետ բնույթ է ստանում, եւ նա ստիպված է լինում 2 տարի 2 թե 4 ամիս անցկացնել բանտում՝ իր ստեղծած գլուխգործոցի պատճառով. ճակատագրի հեգնա՞նք է. ո՛չ, մարդու այլանդակ ու այլասերված վարքագծի հետեւանք, որ հայ ժողովրդի երեւելի շատ զավակների համար ոչ միայն բանտային կյանք, այլեւ առհասարակ կյանք արժեցավ. տգիտությունը չի հանդուրժում լույսը, քանզի միշտ մնում է նրա ստվերի տակ, ստվեր, որ, ինչպես Քոչարն է ասում, «այնքան նյութական է, որքան առարկան…»: Քոչարին բանտից ազատելու համար ջանքեր են գործադրում նրա ներսիսյանական դասընկերները՝ Անաստաս Միկոյանը եւ ԽՍՀՄ ճարտարապետների միության փոխնախագահ Կարո Հալաբյանը։
Քոչարը բանտում էլ չի դադարում ստեղծագործել, որոնել. սատինե թաշկինակի վրա ստեղծում է Մովսես Մովսիսյանի դիմանկարը՝ թվագրված 22.X.1942, իսկ բանտից հետո մի քանի կտավներում՝ «Կանացի դիմանկար», «Տղայի գլխանկար», «Կապույտ սափորով նատյուրմորտ», «Կոմիտաս», սովորական յուղաներկերի, արծնաներկերի փոխարեն օգտագործում է հատուկ մոմաներկեր, որոնք չեն ենթարկվում ժամանակի քայքայիչ ազդեցություններին. դրանց պատրաստման համար նրան հեղինակային վկայագիր է տրվում։ «Էնկաուստիկայի» տեխնիկան՝ նկարչության մեջ մոմաներկերի կիրառման «տաք եղանակը», մշակել էին հույները՝ դեռեւս Ք. ա. 5-րդ դարում, որով երկար ժամանակ աշխատում էին նաեւ բյուզանդացի նկարիչները։ Մոմաներկի դեղագիրն աստիճանաբար մոռացվում է։ Քոչարին հաջողվում է վերականգնել մոմաներկի «սառը եղանակը»։ Իր զանազան գյուտերով, հազվագյուտ մեծարժեք գործերով հանդերձ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարն իսկական ժողովրդայնություն ձեռք բերեց այսօր երկաթուղային կայարանամերձ հրապարակը զարդարող «Սասունցի Դավիթ» հոյակերտ, կոփածո պղնձից արձանով, որի տեղը գիտեն մեծումանուկ… Ճակատագի՞ր է…
1899 թ. հունիսի 15-ին Թիֆլիսում՝ շուշեցի Սիմեոն Քոչարյանի եւ Ֆեոկլա Մարտիրոսյանի ընտանիքում ծնված Երվանդ Քոչարը եղավ աշխարհի շատ նշանավոր քաղաքներում, դասեր առավ թե՛ հայ, թե՛ օտարազգի երեւելիներից, սակայն վերջին հանգրվանը եղավ հայրենի Երեւանը, որը նրան թե՛ դատեց, թե՛ սիրեց ու մեծարեց…
Էլեոնորա Ներսիսյան
hhpress.am