ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ. ԻՄ ՏԱՏՆ ՈՒ ՊԱՊՆ ԷԼ ԵՆ ՍՈՒՐԲ
Երբ Հայոց մեծ եղեռնի զոհերի սրբադասման արարողությունն ավարտվեց, մայրս, որ առանձին՝ իր սենյակում հետևում էր Սուրբ Էջմիածնում իրադարձությունների զարգացմանն ու ելույթներին և մեկ-մեկ էլ բարձրաձայն գնահատում-կարճ մեկնություններ տալիս հնչող խոսքերին, մտավ հյուրասրահ ու հայտնություն կատարածի պես ասաց. «Սրանից հետո իմ պապն ու տատն էլ են սուրբ»: Սրբադասվածների շարքում, իրո՛ք, Սուրբ Կոմիտասի, Սուրբ Զոհրապի, Սուրբ Սիամանթոյի, Սուրբ Վարուժանի ու մեր նահատակված մյուս սրբերի հետ իմ մեծ տատն ու պապն են, որ ապրել ու Եղեռնի տարիներին նահատակվել են Սասունի Նիչ գյուղում, որ Մարաթուկ սուրբ սարի մերձակայքում է գտնվում: Մայրս կրում է իր տատի անունը՝ Շուշան: Շուշան ծաղկի հազվագյուտ տեսակները խիստ տարածված են եղել Սասունի լեռներում ու նրանց քարքարոտ լանջերին: Կարելի է ասել՝ շուշանը Սասունի ծաղիկն է: Մորական պապիս և իր քրոջը, որ կորցրել էին ծնողներին, փրկել ու Սասունից գրկած Հայաստան է հասցրել իրենց հորեղբայրը՝ Մելքոնը: Երիտասարդը մանկահասակ երեխաներին մեծ փորձություններով փրկել է թուրքի յաթաղանից ու այդտեղ տերուտնօրինություն անող քրդերից: Բնակություն է հաստատում Էջմիածնից ոչ այնքան հեռու՝ Ապագա գյուղում, որտեղ հաստատվել էին Սասունի հարևան Նիչ և Պուգնոտ (ըստ որոշ աղբյուրների՝ Պգրմուտ) գյուղերից գաղթած-սրածությունից մահապուրծ փախած բազմաթիվ ընտանիքներ: Սկզբում այդ ընտանիքներն ապրում էին հին՝ միայն սասունցիներին հատուկ կենցաղվարությամբ՝ մի քանի տասնյակի հասնող անդամներով՝ իրարից չբաժանելով մեծ հայրերին և իրենց մի քանի պորտ սերունդներին: Հետո են միայն առանձնանում, սկսում ապրել առանձին ընտանիքներով: Պապս՝ Հակոբը, բարձրագույն կրթություն է ստանում և դասավանդում նախ Ապագայուն, ապա՝ նշանակվում որպես Թալինի շրջանի Աշնակ գյուղի դպրոցի տնօրեն, գյուղ, որ բնակեցված էր բացառապես Էրգրից գաղթած սասունցիներով: Նա՛ է եղել այստեղ սասունցիների երգի-պարի անսամբլի հիմնադիրներից մեկը, համույթ, որ տարիներ հետո՝ իր մահից հետո, պիտի մեծ հռչակի հասներ թե՛ Հայաստանում և թե՛ նրա սահմաններից դուրս: Պահպանվել է մի հազվագյուտ լուսանկար, որում պատկերված է պապս՝ ազգային հագուստներով՝ պարի համույթի ելույթի պահին, պարողների խմբի առջևում՝ պարի ընթացքը տանելիս: Դա Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին էր: Հայրենիքին ծառայելու մղումով, այն Հայրենիքին, որ փրկել էր իր ցեղը բնաջնջումից, որ հնարավորություն էր տվել իրեն կրթություն ստանալու, և որի հետ էր կապում իր ազգի գոյատևումը, Հակոբ Հովհաննիսյանն ինքնակամ մեկնում է ռազմաճակատ՝ մարտնչելու Կարմիր բանակի շարքերում: Նշեմ, որ որպես մանկավարժ, նա ազատված էր զինվորական ծառայության մեկնելու պարտավորությունից: Բայց ծուռ սասունցին որոշում էր կայացրել, և նա մեկնում է ռազնաճակատ, մասնակցում Ֆիննական պատերազմին, որտեղ ուղղակի երկու կողմից էլ հազարավորների նախճիր է կատարվում: Վիարվորված ու թոքերի ծանր հիվանդությամբ վերադառնում է և մի քանի տարի տառապելով ծանր հիվանդությունից (թոքերի հիվանդություն այն ժամանակ համարյա անբուժելի էր, պինիցիլինը ոսկու գին ուներ) կնքում է իր մահկանացուն՝ թողնելով որբ իր մանկահասակ երեք զավակներին ու 23-ամյա կնոջը: Հայկանուշ տատս, որ Սասունի Պուգնոտից էր ու ծնվել էր գաղթի ճանապարհին, այդպես էլ այլևս չամուսնացավ, մեծացրեց իր զավակներին, ապա թոռներին՝ շարունակ մռմռոցով երգելով մի երգ, որով խնդրում էր սարերին ճամփա բացել, որ գնա իր յարի մոտ:
Ահա խիստ համառոտ պատմությունն այսօր սրբադասված իմ նախնիների և իրենց սերունդների մասին:
Մեզնից շատերն ունեն սրբերի շարքը դասված նախնիներ: Իսկ սրբերի արյունը կրող Մենք ներքին մաքրագործման ևս մի առիթ ունենք: Այսօր ես մի մոմ կվառեմ և կհայցեմ իմ սուրբ նախնիներ բարեխոսությունը, որ աշխարհիս խաղաղություն տա, որ արցունքը մաքրվի կարոտյալների աչքից, ևոր Մարաթուկի վանքի նորեն շենացած պատերի ներքո ես մի օր աղոթքներս հնչեցնեմ:
Ապրիլ 23, 2015
Հասմիկ Սարգսյան