«Իմ սիստեմը բոլոր ազգերի համար է». Ստանիսլավսկի
«Սիստեմը սոսկ միջոց է, օգնություն,
Ծառայողական տեխնիկա:
Սիստեմը քերականություն է… : »
Կ.Ս.Ստանիսլավսկի
Բեմարվեստի մեծ ռեֆորմատոր, դերասան, ռեժիսոր, մանկավարժ, թատրոնի տեսաբան Կոնստանտին Սերգեևիչ Ստանիսլավսկին /Ալեքսեև/` բարեկեցիկ կյանքով ապրող ֆաբրիկանտը, մանուկ հասակից հրապուրվեց կրկեսով, ապա թատրոնով, սիրողական բեմից հանգեց նոր պրոֆեսիոնալ թատրոն բացելու գաղափարին և իր համախոհ գործընկերոջ` Վ.Ի.Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ հիմնադրեց ՄԳԹ-ն: Փորձեց մեկտեղել անհամատեղելին` գեղարվեստականն ու հանրամատչելին, ճանապարհին հրաժարվեց բոլոր խոչընդոտներից` հօգուտ գեղարվեստականի: Եվրոպական ռեժիսորներին հետևելով` նատուրալիստական բեմադրություններ արեց, որ դառնա ռեալիզմի ռելսերին և շարունակի Պուշկինի, Շչեպկինի, 19-րդ դարի ռուս թատերագրության որդեգրած ճանապարհը: Թատրոն բերեց Չեխովին, Գորկուն: Սիմվոլիստական գործեր բեմադրեց, որոնց միջով անցնելով` զտեց իր արվեստը և հայտնվեց հոգեբանական ռեալիզմի նոր փուլի առաջ: «Թատրոնում թատրոնը չսիրելով»[1]` իր կյանքի վերջում թատերային բեմադրություններ իրականացրեց: Եվ վերջապես, ստեղծեց իր նշանավոր «սիստեմը», որը համաշխարհային բեմարվեստի պատմության մեջ թատրոնի մասին գիտական օրենքներ բացահայտելու առաջին փորձն էր: Սիստեմը դերասանին օգնեց կերպար ստեղծել արտաքին և ներքին տեխնիկայի շնորհիվ` վերապրման ու վերամարմնավորման արդյունքում: Միայն «նուտրոյով» խաղի փոխարեն Ստանիսլավսկին առաջարկեց դպրոց, մշակեց կանոններ, տվեց աշակերտներ: Վարպետի գծած ճանապարհի վրա նոր արահետներ բացեցին նրա տաղանդավոր աշակերտները` Վ.Մեյերխոլդը, Ե.Վախթանգովը, Միխ.Չեխովը: «Բոլոր ճանապարհները տանում են դեպի Ստանիսլավսկին», — ասել է Մեյերխոլդը[2] 1925 թվականին ՄԳԹ-ում «Խելքից պատուհասը» դիտելուց հետո: Ստանիսլավսկու թատրոնի համբավը տարածվեց աշխարհով մեկ, սակայն էլ ավելի մեծ տարածում ստացան նրա տեսական հայացքները` խաղի «աշխատանքային գործիքների» կարոտ աշխարհի տարբեր թատերախմբերում: Նրա գործը դարձավ օգտակար և ուսանելի ոչ միայն իր հայրենի երկրում: Ռուսներից և խորհրդային արվեստագետներից բացի` նրանից սովորել կամ նրան երկրպագել են Ժակ Կոպոն, Ժան Վիլարը, Ապիան, Անդրե Անտուանը, Չապլինը, Հաուպտմանը, Ռեյնհարդտը, Լի Ստրասբերգը` սա դեռ նրա կյանքի օրոք: Հետագայում կարելի է տեսնել, որ բոլոր ուղղությունների և դավանանքների թատերական գործիչների համար նա անհերքելի հեղինակություն է, իսկ Արևմուտքի թատրոնների և կինոարվեստի համար` անգնահատելի մէտր: Մինչև Եվրոպան լայն շառավղով կհայտնագործեր Ստանիսլավսկուն, վերջինս իր որոնումների ճանապարհին Այսեդորա Դունկանի առաջարկով Եվրոպայից ՄԳԹ` «Համլետ» բեմադրելու հրավիրեց սիմվոլիստ բեմադրիչ, գերմարիոնետների տեսության հիմնադիր Գորդոն Կրեգին: «Մենք վերադարձել ենք ռեալիզմին, — գրում է Ստանիսլավսկին, — փորձով, աշխատանքով հարստացած, նրբագեղ և ավելի խորը ու հոգեբանական: Մի փոքր կամրացնենք այն և նորից փնտրումների ճանապարհը կբռնենք: Այդ պատճառով ենք «դուրս գրել» Կրեգին:
Նորից կդեգերենք և նորից կհարստացնենք ռեալիզմը: Կասկած չունեմ, որ ցանկացած վերացարկման, ոճավորման, իմպրեսիոնիզմի` բեմում կարելի է հասնել նրբին և խորը ռեալիզմի շնորհիվ: Մյուս բոլոր ճանապարհները կեղծ են և մեռած: Դա ապացուցեց Մեյերխոլդը:»[3] Նամակը Ստանիսլավսկին գրել է 1908 թվականին, երբ իր համակ ուշադրությունը սևեռել էր սեղանի շուրջ փորձերի հոգեբանական-քննախուզական, անալիտիկ աշխատանքներին, երբ նոր-նոր էր ձեռնամուխ եղել դերասանի ստեղծագործական ինքնազգացողության մասին տեսական մտքերը շարադրելուն և Մոսկվայում հավանության էր արժանացրել Մեյերխոլդի բեմադրած` Ա.Բլոկի «Բալագանչիկ» բաց պայմանական ներկայացումը: Ստացվում է, որ Ստանիսլավսկին իր հայտնի «սիստեմի» շարադրման ճանապարհին է, սակայն երկրպագում է հակառա՞կ ուսմունքի բեմադրիչներին՝ Կրեգին և Մեյերխոլդին: Չի՞ նշանակում սա արդյոք, որ Ստանիսլավսկին դերասան դաստիարակելու ունիվերսալ ճանապարհներ էր տեսնում` կարևորելով դերասանի բեմական վարքագծի ճշմարտացիությունը և օրգանականությունը՝ բոլոր ուղղությունների դերասանների համար։ «Իմ սիստեմը բոլոր ազգերի համար է: Բոլոր մարդկանց բնությունը նույնն է, իսկ հարմարանքները` տարբեր: Սիստեմը հարմարանքների մասին չէ:», — գրել է Ստանիսլավսկին[4]: Ո՞վ գիտե, հետագայում էլ ինչ զարգացումներ կունենար նրա տեսական միտքը, եթե հասցներ շարադրել իր ծրագրած հինգերորդ գիրքը՝ «Երեք ուղղություններ արվեստում»[5] կամ 8-րդ գիրքը` «Հեղափոխական արվեստ»[6] վերնագրով: «Ողջունում եմ ցանկացած ուղղություն արվեստում և ստեղծագործական ցանկացած հնարներ, եթե նրանք օգնում են հավաստի և գեղարվեստորեն փոխանցել «մարդկային ոգու կյանքը…», — գրում է Ստանիսլավսկին[7] իր տեսական երկրորդ գրքում:
[1] Станиславский К.С. Из записных книжек. М., 2001. С. 9.
[2] Տես` Ольга Леонардовна Книппер Чехова. М., 1972, т.2. С.153.
[3] Станиславский К.С. Собрание сочинений в 8-и томах, М., т. 7, 1960. С.414.
[4] Ստանիսլավսկի Կ.Ս. Դերասանի աշխատանքն իր վրա, Երևան, 1996, էջ 401:
[5] Տես` Станиславский К.С. Собрание сочинений в 8-и томах, М., т. 8, 1961. С. 272.
[6] Նույն տեղում, էջ 274:
[7] Искусство режиссуры- XX век/ Сост. С.К.Никулин, Л.А.Пичхадзе. М., 2008. С. 301.
Նարինե Սարգսյան
թատերագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր
«Հանդես» գիտական հոդվածների ժողովածու