ԻՄ ՀՈՂ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՈՏ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Եղել է։ Դպրոցը քար ու քռեճոտ բարձունքի վրա էր։ Դպրոցից էն կողմ նրանց գյուղն էր։ Տատիս ասած՝ ամեն Աստծո տված օր քռեճոտ, փոշեկոլոլ ճամփանման արահետով 8-9 հայ երեխաներ բարձրանում, թրքաշունչ օդում ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ… էին հնչեցնում և ճանաչում իմաստնությունն ու խրատը, սովորում խոսքը հանճարների։․․․․Եվ ապրում էր հիշողությունը նախնյաց։ Եվ հողը ՀԱՅՐԵՆԻ էր։Գերերևույթական իրողություն է հողի հիշողությունը։ Հողը երբեք չի դադարում ՀԱՅՐԵՆԻ լինելուց։ Հողի վրա ապրողին կարող ես ոչնչացնել, բայց չես կարող, երբեք չես կարող նրանից զատել մասունքված մասը և ոչնչացնել նրա ազգային գաղտնագիրը։ Հողի գաղտնագիրը հավերժի համար է, իր տիրոջ համար է, իրեն ժառանգողի համար է, վրան քայլող օտարին երբեք չի փոխանցվում, օտարը երբեք չի ժառանգում այն։ Հողը, այո՛, հիշողություն ունի, ու հաճախ է հիշաչար դառնում։ Վախեցե՛ք հողի հիշաչարությունից։Այսօր Արցախի հողը տնքում, մխում է․ հարազատ ոտնակոխի կարոտից է մխում, իր Սահմանադրության կողոպտվելու, բռնաբարվել-բռնադատվելու ցավից է մխում։ Այսօր իր Սահմանադրության օրն է։Ի՞նչ է այդ Սահմանադրություն կոչվածը։ Մարդու կողմից սահմանված օրենքների ամրագրումը չէ՞, որը եթե Քերթողահոր հանրահայտ խտամիտքը մի այլ դիտանկյունով բանաձևենք, կստացվի, որ քաջերն այն զեքով են հաստատում։Ու թե անտեր մնացած, դավված ու զարկված երկրում ինչպես կվարվեն իրենց լինելիության իրավունքն հաստատող այդ վկայականի հետ, Տիրոջ դատը կիմանա։ Թե կոչնչացնեն, կբռնադատեն, կտնանկեն հայրենատեր ժողովրդին, կնվիրեն թե փեշքյաշ կանեն նրանով սահմանվածն ու ամրագրվածը․․․ Էլի Տերը կիմանա։ Մեղքը անողների վիզը։Հողը ի՛ր օրենքներն ունի։ Հողը իրեն դավողներին չի ներում։ Եվ մի օր քթներից կբերի ու հարամն իր հալալին չի խառնի: Իր գրկում տեղ չի տա դավողին ու օտարին։ Թող ծախեն, նվիրեն, փեշքյաշ անեն, տիրազուրկ անեն, սգակիր ու ցավակիր դարձնեն, անուն ու վկայական փոխեն, Սահմանադրություն վերացնեն, կառավարություն լուծարեն․․․ Ջնջեն, քերելով ջնջեն․․․ Անտառները տակռահան անեն, քերծերը քարաթափ անեն․․․ Ինչքան Արցախի ու արցախցու նկատմամբ թույն ու լեղի ունեն, թափեն, թափեն ու ազատվեն, ազատվեն, գուցե մարդանան։ Մարդանան, ի սեր Աստծո՝ մարդանան։Մի կտոր Հայաստան է մնացել՝ մի բուռ հայրենիք։ Մարդանան ու բռունցքվեն, այդ մի բուռի համար, այդ մի բուռին տեր լինելու համար, գրողը տանի, հենց միայն ապրելու համար, սեփական տան կողպեքը ժանգոտած չտեսնելու համար, սեփական երեխայի աչքերում սով ու ահի ստվեր չտեսնելու համար, բռունցքվեն ապրելու համար։Հողը հիշողություն ունի։ Չլինի՞ հողն իր տիրոջից խռովի ու անիծի։Մա՛րդ Աստծո, վախեցի՛ր հողի անեծքից։ Վախեցի՛ր Եռաբլուրի՝ երես թեքելուց․ Եռաբլուրի հիշողությունը Արցախոտ է, ժայռ ու քերծոտ է, հայրենիքոտ է։Իսկ Սահմանադրությունը մարդու կողմից սահմանված օրենքների ամրագրումն է ընդամենը, որը եթե Քերթողահոր հանրահայտ խտամիտքը մի այլ դիտանկյունով բանաձևելու լինենք, կստացվի, որ մեր քաջերը այն զենքով կհաստատեն։ Զուխրա Երվանդյան
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ10․12․2023