«Իմ ծնունդը ցավոտ պատմություն է, մեր ընտանիքին վիճակված դժբախտության հետևանք». Վարդուհի Վարդերեսյան
Ես կարող էի չծնվել. ծնվեցի: Իմ աշխարհ գալը լա՞վ էր, թե՞ վատ: Այդ հարցի պատասխանը ես չէ, որ պիտի տամ: Գիտեմ միայն, որ ժողովուրդը ծնունդներով է գոյատևում. ծնունդն է ժողովրդի հավերժության առհավատչյան: Իմ ծնունդը ցավոտ պատմություն է, մեր ընտանիքին վիճակված դժբախտության հետևանք…
Ծնողներս արևմտահայեր էին: Հայրս՝ Կարապետ Վարդերեսյանը, Ռոդոստոյից էր, մայրս՝ Աղավնի Մոմջյանը, բնիկ պոլսեցի: Անցյալ դարի սկզբներին հայրս հեռանում է իր ծննդավայրից, մեկնում Ռումինիա, բնակություն հաստատում Ֆոքշան քաղաքում: Այստեղ բացում մի համեստ կոշկակարանոց և հաջողությամբ վարում իր ձեռնարկը: Քառասունին հասած՝ վճռում է ըստ օրինաց աշխարհի ամուսնանալ: Հայ կին ունենալու ցանկությամբ վերադառնում է Պոլիս և հանդիպում է մորս՝ օրիորդ Աղավնիին: Ամուսնական դաշն են կնքում և մի փրկարար հեռատեսությամբ նախաեղեռնյան օրերին հեռանում են Թուրքիայից, մեկնում Ռումինիա:
1915-ին ծնվում է եղբայրս՝ Վարդերեսը, գեղեցիկ մի տղա, որին, ավա՜ղ, տեսնել չէի կարող, որի նկարը՝ մեդալիոնի մեջ ամփոփված, այսօր էլ կրում եմ կրծքիս վրա: 1917-ին ծնվում է քույրս՝ Արմենուհին: Ծնողներս՝ արդեն բավական առաջացած տարիքում, բավ են համարում եղածը՝ աղջիկ , տղա, և ապրում են հանգիստ, անխռով կյանքով՝ բախտավոր իրենց զավակներով:
Սակայն ոչ բոլորին է վիճակված երջանիկ լինել ամբողջ կյանքում: Վրա է հասնում մեծ ողբերգությունը մեր ընտանիքին: Եղբայրս հիվանդանում է ոսկրախտով: Ծնողներս վաճառում են իրենց համեստ ունեցվածքը՝ փրկելու եղբորս մահվան ճիրաններից: Անօգուտ: Եղբայրս հիվանդանում է 12 տարեկան հասակում: Եղբորս մահը ցնցում է մորս, խաթարում հոգեկան աշխարհը, բանականությունը, ինչը տարիների հետ մեղմացավ, բայց չանցավ իսպառ: Այնքան մեծ է լինում մորս վիշտը, որ վճռում է լույս աշխարհ բերել մի նոր զավակ, որի փոխարինի կորած զավակին: Մորս մտադրությանն ընդդիմանում է հայրս.
Նկարում՝ Վարդուհի Վարդերեսյանի հայրը՝ Կարապետ Վարդերեսյանը:
_ Աղավնի՛, մենք ծեր ենք արդեն, այդ նոր երեխան որբ պիտի մնա, արի վազն եկուր ադ մտքեն:
Մայրս համառում է, և ծնվում եմ ես, ոչ մորս երազած մանչը, այլ աղջիկ զավակ: Մայրս, իմանալով իմ աղջիկ զավակ լինելը, ապրում է մի նոր վիշտ, և, ինչպես պատմում էին, երկու օր չի նայել երեսիս, հրաժարվել է կրծքով կերակրելուց՝ անիծելով իր բախտը: Ի՞նչ իմանար մայրս, որ հետագայում նրա միակ նեցուկը ես պիտի լինեի:
Ի հիշատակ եղբորս՝ ինձ անվանակոչում են Վարդուհի:
Հորս չեմ տեսել: Ես վեց ամսական եմ եղել, երբ նա վախճանվել է 58 տարեկան հասակում: Այդ օրվանից որբության խարանը դաջվում է ճակատիս, ինչպես հայրս էր գուշակել: Տղայի կարոտը այնքան է լեռնանում մորս սրտում, որ ինձ մինչև վեց տարեկան լինելս՝ մինչ դպրոցական հասակս, տղայի շորերով է մեծացրել, մխիթարվել տղա ունենալու պատրանքով: Հորս վախճանից հետո մեր ընտանիքը հայտնվում է ծայր թշվառության գրկում… Բուխարեստի ծայրամաս թաղերից մեկում պատսպարված հայ գաղթական մի ընտանիք: Թե ինչպես ենք գոյատևել, աստծուն է հայտնի:
… Մարդը վաղ մանկության օրերի իր կերպարանքը հիշել չի կարող, թերևս հիշել կարող է լուսանկարների օգնությամբ: Իմ անարև մանկության օրերին լուսանկար ունենալը մեր ընտանիքի համար թանկ բավականություն է եղել: Եվ, այսուհանդերձ, այդ օրերից մի մասունք մնացել է: Մայրս նստած է աթոռին. ձախ կողմում տղայի շորերով կանգնած եմ ես, աջ կողմում ՝ քույրս: Լուսանկարում աչքերիցս թախիծ է ծորում: Այդ թախիծը միշտ ուղեկցել է ինձ, գրեթե իմ բոլոր դրամատիկ-ողբերգական կերպարներին: Կարծես հիմա եմ ամբողջ խորությամբ ըմբռնում Վարդան Աճեմյանի հաճախակի կրկնվող խոսքը.
_ Աչքե՜րդ, Վարդուհի, աչքե՜րդ…
(Վարդուհի Վարդերեսյան, «Իմ կյանքի հեքիաթը» գրքից)
(Նկարում՝ քույրը՝ Արմենուհին, մայրը՝ Աղավնի Մոմջյանը, Վարդուհի Վարդերսյանը)
Աղբյուրը` Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan ֆեյսբուկյան էջ