« Իմ արածի ու մանավանդ` չարածի մասին, որ կոչվում է կյանք …». Հենրիկ Մալյան
Թվում է` ես ինձ հիշում եմ իմ ծննդյան օրից:
Երբ կկոցած աչքերիս միջից մեր գորշավուն առաստաղի ֆոնի վրա տեսա, հավանաբար, իմ մայրիկի, հայրիկի, քրոջ և մորաքրոջ հետաքրքրված հայացքները, որ լի էին զարմանալի ու անկրկնելի էակ ընկալելու տենչանքով:
Թվում է նաև, թե հիշում եմ իմ շրջապատի բոլոր առաջին պատկերները` օրորոցի թրխկթրխկոցի ուղեկցությամբ: Հիշում եմ երկնքի կապույտը և նրան կպցված արևի շողշողուն սկավառակը, որ մեր փոքրիկ վանդակավոր խոնավ պատուհանից մեկ ընկնում էր ցած և մեկ էլ ցատկում վեր, չափազանց վեր …
Եվ արդեն ոչ թե թվում է, այլ հաստատ հիշում եմ այն պահը, երբ երկարատև հորիզոնական իմ դիրքից հետո առաջին անգամ ուղղահայաց կանգնեցի աշխարհի վրա և ամեն ինչ սկսեցի տեսնել նորից, բայց արդեն բոլորովին այլ դիտակետից …
Հետո խաղալիքների գույնզգույն մի աշխարհ … Հետո մեր բակի կանաչը ու կանաչի տակին` ամոթից կարմիր կտրած բալերի օրորուն խաղը …
Ապա «երկուների» և «հինգերի» անհեթեթ մի մրցավազք` դպրոցում … Եվ ապա կյանքի մի դաժան փորձություն … 1941 թիվ, պատերազմ …
Եվ այն էլ հենց այն տարիներին, երբ նոր-նոր ավարտելու էինք դպրոցը, և իմ սերունդը պատրաստվում էր կապույտ մի թռիչքի:
Բայց փոխարենը` սև-սև եռանկյունիները ռազմադաշտում զոհված մեր ընկերների` Սարգիս Վանյանի, Աշոտ Սարգսյանի, Վարազդատ Գևորգյանի, Լևոն Մարգարյանի, Սուրիկ Պապիկյանի …
Եվ հետո` գործարանային դաժան մի ռեժիմ … Պատանեկան մի խուլ բողոք` կոկորդներիս մեջ, իսկ ականջներումս` Լևիտանի պողպատե, պաշտոնական բասը …
Եվ, իհարկե, նաև անխուսափելի Տերյանը և մի քանի «առաջին սերեր»` հինգ, տասը, տասնհինգ և մանավանդ` տասնյոթ տարեկան հասակում:
Հետո պատերազմի ավարտը` մայիսյան մի խաղաղ առավոտ …
Հետո թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ. «մկանային լարվածության» ծիծաղելի վարժություններից մինչև «գերխնդրի» ձևակերպման լրջախոհ պահեր …
Հետո թատերական առաջին բեմադրության պարտության-հաղթանակի խաղը …
Ապա «Հայֆիլմ» կինոստուդիա, ասիստենտ, ռեժիսոր, ամուսին, բեմադրիչ, հայր, կուլտուրայի ֆակուլտետ, տիտղոսներ, արտասահմանյան ուղևորություններ, թատրոն-ստուդիա, պապիկ, դիտողների ինչ-որ քանակ, քննադատների ինչ-որ տեսակ, ֆիլմերի, ներկայացումների ինչ-որ որակ …
Մի քանի բարեկամ, մի քանի տասնյակ հակառակորդ …
Եվ ահա, կարծես, ամեն ինչ …
Ու հիմա, 12 հարկանի խուլուհամրերի աղմկոտ մի շենքի 7-րդ հարկի 76 բնակարանի թափթփված գրասեղանի մի անկյունում նստած, միտք եմ անում, միտք …
Իմ արածի ու մանավանդ` չարածի մասին, որ կոչվում է կյանք …
Հենրիկ Մալյան «Երկխոսություն երրորդի համար»