Ի՞ՆՉՆ Է ՄԻԱՎՈՐՈՒՄ ՌՈՒՍԱ Ա-ԻՆ ԵՎ ԱՐՑԱԽՑՒ ՎԻՐԱԲՈՒՅԺԻՆ
Անպայման ծնվելու է այն մեծ գրող-պատմաբանը, ով հայոց պատմությունը շարադրելու է առանց կրոնական ծածկոցի և հայ ազգի արժանիքները ներկայացնելու է որպես իրականության փառավոր դրվագաշար։
Մեր պատմությունը հարուստ է բացառիկ դեպքերով ու հերոսական կերպարներով, որոնք հանիրավի անտեսվել են, աղավաղվել` թե մեզ, թե մարդկությանը զրկելով բարձր ներշնչումներից, վերակրթվելու հնարավորությունից, չարի դեմ անհաշտ կռիվ հայտարարելու մղումից։
Այն արհավիրքը, որն այսօր պատել է Արևելքն ու Եվրոպան և սպառնում է տարածվել, նաև մեր մոռացկոտության հետևանքով է։
Օրինակ ինչպե՞ս կարելի է մոռանալ մարդկային մեծագործության մասին։ Ահա դրվագներից մեկը. Ասորեստանի բիրտ ու վայրագ գահակալ Սարգոն Բ-ն արշավում է հայոց Արարատյան թագավորության վրա, ասպատակում, ավերում,
կոտորում, ապա կործանում ու կողոպտում Արդինի տաճարը։ Հայոց Ռուսա Ա արքան ի զորու չի լինում հանդուրժել այդ անպատվությունը, մանավանդ հայոց սրբավայրի ավերմունքը և ինքնասպան է լինում։ Այսինքն նա թագից ու իշխանությունից չի կառչում, ապացուցում է, որ իր համար ավելի բարձր արժեքներ կան։ Արքայի արարքն ուժ է տալիս հայությանը, նրա ոգին բռնկվում է նոր թափով և կարճ ժամանակ անց թշնամին երկրից դուրս է շպրտվում, սկսվում է զարթոնքի նոր փուլը։ Ժամանակաշրջանը` մ.թ.ա. 8-րդ դար։
Մեկ այլ դրվագ. աշխարհակալ Տիգրան Մեծը, ով գերիներին չէր սպանում կամ ստրկացնում, այլ պահանջում էր հայերեն և արհեստներ սովորել, հարկադրված էր պայքարել դավաճան խառնածին որդու դավերի դեմ։ Մեծ Հայքում Լուկուլլոսի կրած պարտություններից հետո Հռոմը հայոց դեմ է ուղարկում զորավար Պոմպեոսին, իհարկե դավաճան Տիգրան կրտսերի ուղեկցությամբ։ Ուժերն անհավասար էին` հայոց բանակը կորուստներ է ունենում, Հայքին միացած երկրները հերթով պոկվում են Տիգրան Մեծի տերությունից։ Զգալով իրավիճակի անելանելիությունը և ցանկանալով պահպանել մեծ Հայքի ամբողջականությունը` հայոց հզոր արքան միայնակ, թագը գլխին մոտենում է Արաքսի ափին բանակած Պոմպեոսին և թագը գլխից վար առնելով` դնում է մեծամիտ հռոմեացու ոտքերի տակ։
Ասել է, թե` արքա լինելն ինձ համար գլխավորը չէ, միայն թե ապրի հայրենիքս։ Պոմպեոսը տեսածից ցնցված` թագը կրկին դնում է հայոց արքայի գլխին` դրանով ճանաչելով հայոց անկախությունը։ Թե Տիգրան Մեծը, թե հռոմեացի զորավարն այս արարքով ապացուցել են իրենց բարձր որակները. Մեկը` սեփական իշխանությունից վեր դասելով հայրենիքի հզորությունը, մյուսը նվաճողի փառքից վեր դասելով զինվորականի մեծահոգությունը։
Այլ դրվագ. Հայոց Մուշեղ սպարապետը գերում է պարսից Շապուհ թագավորի կանանոցը և այն անխաթար վերադարձնում տիրոջը։ Ոչ, նա չէր մոռացել, թե Հայաստանը նվաճելու ցավագարությամբ տառապող Շապուհն ինչպիսի ստորությամբ է վարվել հայ ազնվական կանանց ու Փառանձեմ թագուհու հետ, անպատվել, ապա սպանել նրանց, սակայն չէր կարող հավասարվել չարագործին, որովհետև իր դիմաց անպաշտպան կանայք էին, ոչ թե տղամարդ թշնամիներ։ Մարդկային այս մեծագործությունը զարմանալի շարունակություն է ունենում` հիացած ու երախտապարտ պարսիկը հայոց հեծյալ սպարապետին պատկերել է տալիս իր արքայական թասին և ամեն անգամ խմում նրա կենացը։
Մեր այս սպարապետը խնայում է նաև Աղվանքի դավադիր արքայի կյանքը` համարելով, որ թագակիր թշնամուն պատժելն իր իրավասություններից դուրս է։
Փաստված իրողություն է, որ չնայած տարբեր ժամանակներում որոշ ազգուրացների ու դժգոհների գոյությանը` հայոց իշխանական վերնախավում գերակայել են հանդուրժողականությունն ու պետական մտածողությունը, բախտորոշ վճիռները կայացրել են ոչ թե արքաները, այլ ավագանին կամ աշխարհաժողովը։ Մեր արքաները եղել են շատ ավելի արդարադատ, քան նրանք, ում անուններն աշխարհում թնդում են ու ոչ դրական իմաստով։ Հիշենք մեր Վաղարշ թագավորին, որ պալատում երկու խորհրդական էր պահում, մեկը բարին, մյուսը վրեժը հիշեցնելու համար։
Այս ամենը հաստատող փաստերը մեր անհոգության պատճառով լռելյայն ննջում են հիշողության գզրոցներում, մինչդեռ համաշխարհային հնչողություն ստանալու պարագայում կարող էին հայերիս ու Հայաստանի մասին վերաբերմունքը կտրուկ փոխել։
Ես պատմաբան չեմ, բայց համոզված եմ, որ հայոց պատմությունը համանման դրվագների շտեմարան է` մինչև մեր օրերը, երբ հայ վիրաբույժն ամենայն հոգածությամբ վիրահատում է իր հայրենիքի դեմ զենք բարձրացրած ադրբեջանցի ռազմագերուն։ Հարկավոր է այս և մյուս իրապատումները ժամանակի ժանգից մաքրել, փայլեցնել և գեղեցիկ շրջանակի մեջ մատուցել ամբողջ աշխարհին։ Իբրև շրջանակ կարող են ծառայել գրքերը, ֆիլմերը, հոլովակները, տեսանյութերը։ Ինչ վերաբերում է տարածման ձևերին` դրանք անհամար են, առաջին հերթին` համացանցը և լրատվամիջոցները։
Թերևս երազանքս չափազանցված է, այս հեղհեղուկ պատմափուլում մեծ անհատականության լույս աշխարհ գալը հնարավոր չէ։ Բայց հո կարելի է համախմբվեն գործող պատմաբաններին, գրողներին, բեմադրիչներին, պետական այրերին, բարերարներին։ Չէ որ տաղանդավոր ու հայրենասեր մարդիկ մեզանում քիչ չեն։
Հենց մենք` Դիմագրքի հանրությունը, կարող ենք նպաստել այդ մեծ գործի մեկնարկին։ Ուրեմն եկենք հիշենք, թե հայոց պատմության մեջ ինչ մոռացված մարգարիտներ կան, որոնցից հնարավոր է հյուսել մեր լինելության թագը։
ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ
2016թ.