«Ի՛նձ հետ չէր խոսում, խոսում էր Հայաստանի հետ, առաջին մարդու հետ, ում տեսնում էր շրջափակումից, հարձակումից, պայթյունից, գաղթից հետո» («Բռնագաղթի մատյան» շարքից)
12-րդ ժամն է, որ նույն դիրքով նստած եմ, հաշվառում ենք մեր հայրենակիցներին, փորձում հասկանալ հիմնական կարիքները։Մռայլ, արտաքինից մոտ 45 տարեկան տղամարդ է մոտենում։Հարցնում եմ` որտեղի՞ց եք։ Ասում է Խաչմաչ։ Ասում եմ աշխարհի սիրուն գյուղերից մեկն է Խաչմաչը, բայց աշխարհում չգիտեն դրա մասին։ Տանջված ժպիտի պես մի բան է հայտնվում դեմքին, երևի զարմանում է, որ գիտեմ իր գյուղը։Հոգոց է հանում, սկսում խոսել սկզբում ցածրաձայն, հետո քիչ-քիչ շունչը տեղն է բերում` էս ամեն ինչը մենք արինք մեզ հետ։ Խոսում է ամեն ինչից։ 20-ի պատերազմում Տավուշի ԱԻՆ-ի տղերքից , որոնց հետ ընկերացել էր, ամսի 19-ից, պայթյունի ժամանակ հրաշքով փրկվելուց, շրջափակման ժամանակ զույգ երեխա ունենալուց ու մանկական կեր չգտնելուց, 2 անգամ ավել չգտնելուց։Հինգ երեխա ունի։ Հողի հետ սևացած ձեռքեր։ Ես լսում եմ ու գիտեմ, որ ինձ հետ չի խոսում, ի՛նձ հետ չէր խոսում, խոսում էր Հայաստանի հետ, առաջին մարդու հետ, ում տեսնում ա շրջափակումից, հարձակումից, պայթյունից, գաղթից հետո։«16-ին, 20-ին, 10 օր առաջ… բոլոր պատերազմներին վազել ենք եղբայրներիս հետ մեր հողը պաշտպանելու, ես հիմա իմ ամենակարևոր հողը ` հորս գերեզմանը թողել եմ…»Ես կարիքները գնահատում եմ մեր զրույցից մեկ ժամ անց` ընթացքում պարզելով, որ 31 տարեկան է տարիքից 15 տարի մեծ երևացող տղան, ով ինձ ասում է` իմ կարիքը էս ա` ազգ տեռնանք, կորչելուվենք, քինանք։Ես ի՛մ հիմնական կարիքներն եմ հասկանում հանկարծ` գրկել ու ասել կներեք, կներեք, որ ես նստած եմ ձեր դիմաց, ու հարցնում եմ` սնունդ, կեցարան… Ես հիմա պիտի Խաչմաչում լինեի, ու դուք ինձ թուռնավ հաց ուտելու կանչեիք, ու ասեիք` տունն էլ կա, տեղն էլ, մնացեք, ինչ կա քաղաք։… Գնալիս ասում եմ` Հայաստանից չեք գնա, չէ՞։ Չի լսում._Հորս գերեզմանի հետևից պետք ա գնամ։_Բերե՞ք։_Չէ, էդքանը ոնց բերեմ։_Ուրեմն մնում ա ազգ դառնանք։_Հեշտ չի իննական։Լավ ա իննականը հիմա վերաձևակերպվել ա` հեշտ չի իննական։ #Բռնագաղթի_մատյան