«Թող ապագա սերունդը դատի, թե ինչպիսի ոճրագործություն է կատարում թուրք կառավարությունը մեր հանդեպ»
Բարեկամներ, այս օրերին, երբ շատ գրվեց հայ վրիժառուների մասին, հատկապես Սողոմոն Թեհլիրյանի, ցանկացա շարունակել թեման և ձեր ուշադրությանը ներկայացնել թուրք ևս մի ճիվաղի՝ Ջեմալ փաշայի սատակման պատմությունը: Հենց սկզբից ներկայացնեմ մի ոչ անկարևոր ճշգրտում՝ Ջեմալի սպանությունը որոշ աղբյուրներում սխալմամբ վերագրել էին Ստեփան Ծաղիկյանին, իսկ բուն ահաբեկչությունն էլ կապել Շահան Նաթալիի ղեկավարած ,,Նեմեսիս,, գործողությանը: Այդպես չէ:Այն կազմակերպել և իրականացրել են Թիֆլիսում ապաստանած խոտորջուրցիները և անմիջական իրագործողներն էլ Արտաշես Գևորգյանն ու Պետրոս Տեր-Պողոսյանն էին:
Ջեմալին իսլամական շրջանակներում մեծարում էին ,,Իսլամի առյուծ,, տիտղոսով, պատերազմի սկզբին ծովային նախարար էր, ապա, հայկական
կոտորածների ամբողջ ժամանակ, Թուրքիայի հարավային ռազմաճակատի գերագույն հրամանատարը: Նա գործուն անդամն էր «Իթթիհատ» կուսակցության գերագույն. ղեկավար այն հնգյակի, որը հղացավ հայ ազգի բնաջնջման հրեշային գաղափարը: Միանգամից ասենք, որ Էնվեր, Թալեաթ, Ջեմալ, Բեհաէդ-դին Շաքիր և դոկտոր Նազըմ հնգյակից վերջինիս միայն հաջողվեց խույս տալ հայ վրիժառուի գնդակից:Գերմանական վտարանդիության մի քանի տարուց հետո նա վերադարձավ Թուրքիա, անհաջող մահափորձ կազմակերպեց Մուստաֆա Քեմալի դեմ, որի համար էլ քեմալական իշխանությունը նրան կախաղան հանեց:Տարագրված հայության կմախքացած բեկորները, մեծ մասամբ տարեց կանայք և մանուկներ, որոնք հրաշքով մի կերպ խույս էին տվել մահից և հասել հարավ՝ Ջեմալի տիրության սահմաններին, նրա իսկ գիտությամբ ու անմիջական հրամանով տանջամահ արվեցին:Եվ այդ հայակեր բորենին լկտիություն էր ունեցել Քաբուլով Անգորա ճանապարհին կանգ առնել հայաշատ Թիֆլիսում, և իր զոհերի արյունակիցների աչքի առաջ անհոգ վայելել Թիֆլիսի ընձեռած հաճույքները:Կրեմլը Թուրքիային համարում էր մուսուլմանական Արևելքի հեղափոխության ռահվիրա, երեկվա հայակեր փաշաներին՝ իր հավատարիմ ու անկեղծ բարեկամներ, այսուհանդերձ գտնվեցին անձնազոհ մարդիկ, որ հաշվի չառնելով ոչ մի վտանգ, հենց Չեկայի քթի տակ շանսատակ արին այդ դահճին ևս: Նոր ահաբեկչության հեղինակը խոտորջուցիներն էին:Խոտորջուրը պատմական Տայոց աշխարհի հեքիաթային մի անկյունն էր՝ ճորոխի ձախ վտակի՝ Խոտորջուրի գե-ղադիր ափերին, մշտադալար ու սաղարթախիտ անտառներով, մրգաշատ այգեստաններով շրջապատված:Առաջին աշխարհամարտի հենց սկզբից թուրքերը բռնի տեղահանեցին խոտորջուրցիներին: Տեղահանության վերջին պահին նրանցից ոմանք իրենց տան պատերին ուղերձ- նամակներ էին գրել, հույս ունենալով, որ իրենց պանդուխտները մի օր տուն կվերադառնան և կիմանան ճշմարտությունը այդ զարհուրելի ողբերգության մասին:«Արմյանսկի վեստնիկ» ամսագրի 1916 թվականի թիվ 25-ում լույս ընծայած իր ցնցող հոդվածում արձակագիր Ատրպետը ներկայացնում է երիտասարդ վարպետ Մեսրոպ Թաթմանյանի տան պատերին մնացած գրությունները: Թիֆլիսաբնակ խոտորջուրցիները, հակակարձակման անցած ռուսական զորքերի հետ երբ մտել էին իրենց ծննդավայրը, ավերված, հրկիզված ու անմարդաբնակ անապատ էին տեսել տեղում և՝ նման մի քանի ուղերձ — գրություն.«10 հունիսի, 1915 թ. Խոտորջուր, Խանդաձոր գյուղ: Ամեն տեղ լաց ու կոծ է տիրում… Մեզ քշում են դեպի ստույգ կործանում…»:«22 հունիսի: Թող ապագա սերունդը դատի, թե ինչպիսի ոճրագործություն է կատարում թուրք կառավարությունը մեր հանդեպ»:«Ախ, ավերվեց Խոտորջուրը: Այդ հարուստ շրջանը, որ գոյություն ուներ մի քանի դար՝ դատարկված է իր բնակիչներից, որոնք շարան- շարան գնում են դեպի անդունդ, 7-8 հազար հոգու քշում են դեպի մահ… Օ՜. Աստված իմ, ես խենթանում եմ… ինչպիսի՜ անարդարություն, ինչպիսի՜ անմարդկային հալածանք…»: «Օ՜. Աստված իմ, ո՞ւր ես… ինչո՞ւ չես հայտնվում ժողովրդին օգնելու… Քո ժողովուրդը շրջապատված է վայրենի գազաններով, կատարվում են սոսկալի ոճրա-գործություններ, պաշտպանիր մեզ… Ո՞ւր ես, մի՞թե չես լսում, տեր իմ…»:«Հիշեցեք մեզ և ապրեցեք որպես մարդ: Վարվեցեք թուրքերի հետ այնպես, ինչպես նրանք վարվեցին մեզ հետ»:«Մնաք բարով, մենք գնում ենք մեռնելու… Թող Աստված պատժի թուրքերին.. Պետք է վրիժառու լինել հավիտենական ոճրագործներից…»:Խոտորջուրցիների իսպառ ոչնչացման միակ կենդանի վկան կարնեցի մի կին էր՝ Շողակաթը, որի պատմածը գրի Է առել Կառլոս Չախալյանը.«… Սամսաթի մոտերքը, երբ ալ ոչ մեկ այր մարդ չէր մնացել մեր կարավանին մեջ, առևանգման ու բռնաբարման նպատակով հարձակումները սաստկա-ցան… Օգտվելով մեզ պաշտպանելու պաշտոն ունեցող ժանդարմներու բարյացակամությունից՝ շրջակա մահմեդական գյուղերե հաճախակի կու գային աղջիկ կամ դեռատի հարս քաշելու, որոնց եթե կնության կամ հարճի տեղ չէին տաներ՝ ուրեմն լլկելով տանջամահ կընեին…Այդ անելանելի պահին մեկ ալ տեսնանք խոտորջուրցի դեռատի կանայք ու աղջիկները, բոլոր եղեան մի քանի հարյուր հոգի միասին, կարծես ի վերուստ իջած աստվածային հրամանով, անշուշտ նախապես պայմանավորված ուխտով, մեկ անգամեն, իրար կանչելով, մեկզմեկու ձեռքերե բռնած, մայրերը իրենց մա-նուկները կրծքերնուն կամ կռնակին կապած՝ թռան, սլացան, ու մեկ ակնթարթր մեջ ինքզինքին նետեցին Եփրատի ալիքներուն մեջ…Կարավանի մեր մնացորդը Սամսաթից քշվեց Ուրֆա, ուր դժբախտություն ունեցանք Ջեմալ փաշային հանդիպելու: Մեր կարավանին կեցած տեղը հանկարծ նա երևացավ, իր շքախմբով: Ջեմալ փաշայի երևալով մեր կարավանի վրայով հույսի նշույլ մը սավառնեցավ: Մենք լսած էինք, որ Ջեմալը տարակարծիք է Թալեաթի ու Էնվերի հետ և դեպի հայերը իբրև բայրացակամ է: Մի խումբ կանայք, խոտորջուրցի Մարուզ Հանըմի առաջնորդությամբ, ծնկաչոք դիմեցին անոր, աղերսելով գթալ իրենց:- Գթացեք, փաշա, վերև Աստված, ներքև դուք… Գթացեք, վասնզի մեր մեջ այլևս այր մարդ չկա, մնացել ենք միայն մանկտիք ու թշվառ կանայք:Ջեմալ փաշան ձեռքով իր կարճ մորուքի հետ խաղալով աչքե անցուց իր առջև բազկատարած չոքած աղաչավոր կանանց ու մանուկներին, և սպառնագին գոչեց:- Օձին էգն ու որձը չըլլար… Հայ կանայք ավելի վտանգավոր են քան այրերը,- և ձեռքով կարավանը քշելու հրաման կարձակե:Մարուզ Հանըմ կմախքացած, բռունցքները երկարացնելով փաշայի կողմը, անիծեց.- Փաշա՜, փաշա՜, քեզանից մեծ՝ Աստված կա… մեր զավակները մեռած չեն, անոնք Ռուսիա կգտնվին, ու օր մը անոնց պատասխան պիտի տաս,- ապա դիմելով երկնքին, անհուն հուսահատության մեջ գոչեց.- Օ՜, Տեր իմ, եթե դուն կաս՝ խոնարհեցու զունկն քո և ակն քո և լուր ու տես…»:1922-ի հուլիսին թիֆլիսաբնակ խոտորջուրցիների մեջ տարածվում է այն լուրը, որ իրենց տարագիր ընտանիքի բեկորները ոչնչացնող Ջեմալ փաշան Թիֆլիսում է: Բարի պատահականությամբ Դոնբասից գործով Թիֆլիս էին եկել Արտաշես Գևորգյանը և Պետրոս Տեր-Պողոսյանը, որոնք Ջեմալի մասին լուրն առնելով ուրախությամբ բացականչեցին.- Գազանը կարծես ջուխտ ոտքով ճիճեխն է ընկել, պիտի սնդավենք:Խոտորջուրի բարբառով դա սատկացնել է նշանակում:Եվ իրոք, մի քանի օր հետո, հուլիսի 25-ին, հենց Չեկայի քթի տակ նրանք շանսատակ արեցին այդ մարդակերին ևս:Խորհրդային արդարադատությունը 1937-ին ազգայնամոլության մեղադրանքով գնդակահարության դատապարտեց Ջեմալին ոչնչացնող Արտաշես Գևորգյանին և Պետրոս Տեր- Պողոսյանին, որոնցից հետո քաղաքական բռնաճնշումների ենթարկվեց հայ ևս մեկ վրիժառու, քաղաքացիական կռիվների հերոս,արցախցի Հակոբ Մելքումովը, որը Ջեմալի սպանությունից մեկուկես շաբաթ հետո Բուխարայի լեռներում սրախողխող արեց «Իթթիհադի» հնգյակի մեկ այլ ոճ-րագործի՝ Էնվեր փաշային: Հեղ.ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ