ԹՇՆԱՄԻՆ ՈՒ ԻՐ ԽՆԱՄԻՆ
Վաղուց չէինք հանդիպել: Գիտեի, որ հեռավոր զորամասերից մեկում մի կարևոր ծրագիր է իրականացնում ու քաղաքում չի լինում: Բանակի օրվան նվիրված շքերթում վերջապես տեսա նրան: Ուրախությունից շողշողում էին և ինքը, և կրծքի մեդալը: Հետևից մոտեցա ու գրկեցի.
— Էս ո՞ւր էիր կորել:
— Կարող ես շնորհավորել ինձ: Իմ ծրագիրը ճանաչվեց լավագույնը, ֆինանսավորվեց ու արդեն մեկ տարի է՝ ներդրված է N զորամասի ճաշարանում:
— Ճաշարանո՞ւմ:
— Այո, հենց ճաշարանում:
— Բացատրիր, խնդրեմ:
— Դու գիտես, որ բանակի ճաշարաններում սննդի տեսականին ու որակը բարելավվել են: Բայց բոլորը միայն ուտելու մասին են մտածում, ու ոչ մեկի մտքով չէր անցնում, որ զինվորը սնվելիս էլ պիտի ռազմահայրենասիրական դաստիարակություն ստանա: Մանավանդ որ զինվորները բավականին երկար ժամանակ են անցկացնում ճաշարանում: Ահա, իմ ծրագրի շնորհիվ նրանք և նախաճաշին, և ճաշին ու ընթրիքին դառնում են թունդ հայրենասերներ:
— Էդ ո՞նց:
— Կենացների միջոցով:
— Բայց բանակում ալկոհոլն արգելված է, չէ՞:
— Կենացներն ասվում են թեյի, կիսելի ու կոմպոտի բաժակներով: Ընդ որում կենաց ասելիս զինվորի արմունկը պիտի ուսին հավասար լինի:
— Խնդրում եմ, պատմիր՝ ի՞նչ կենացների մասին է խոսքը:
— Դրանք կախված են սննդի տեսակից: Օրինակ, նախաճաշին հիմնականում մատուցվում է խաշած ձու, այդպես չէ՞:
— Ասենք թե: Բայց դա ի՞նչ կապ ունի հայրենասիրության հետ:
— Այ հենց այդ կապն է, որ բացահայտվում է իմ ծրագրի միջոցով:
— Շուտ պատմիր, քանի չեմ ցնդել:
— Ուրեմն ձվերը ներկված են լինում մեր ու թշնամու դրոշների գույներով: Նախաճաշը սկսվում է ձու կռվացնելով: Ու զինվորներն այնպես պետք է կռվացնեն դրանք, որ թշնամու դրոշներով ձվերը ջախջախվեն: Դրանից զինվորները խանդավառվում են ու լցվում հայրենասիրությամբ:
— Բա կենա՞ցը:
— Առաջին կենացը հնչում է ձու կռվացնելուց անմիջապես առաջ: Այն փառաբանում է հաղթական կռիվը՝ վերջում նսեմացնելով թշնամուն:
— Շատ եմ ուզում լսել այդ կենացը:
— Հիմա կլսես, բայց իմացիր, որ հեղինակային իրավունքները պաշտպանված են:
— Դե ասա, մի ձգձգիր:
— Ուրեմն, կենաց առաջին.
Զարկենք ուժգին, զարկենք իրար,
Ես ձու զարկեմ, ձու զարկես դու,
Ու թշնամին լեղապատառ
Շունչ չքաշի մինչև Բաքու:
— Շատ տպավորիչ է: Հետո՞ ինչ է լինում:
— Հետո ջախջախված ձվերը կճպվում են և ուտելուց առաջ հնչում է մյուս կենացը:
— Դա՞ ինչ կենաց է:
— Դրանով փառաբանվում են ձվի աղբյուրները, բայց չենք մոռանում ստորացնել թշնամուն:
— Աղաչում եմ՝ ասա:
— Ահա.
Թող հավերը շատ ձու ածեն,
Նամանավանդ փետրվարին,
Ու թող փախչի նենգ թշնամին՝
Իր ձուն թողած փշալարին:
— Վերջաբանը մի քիչ դաժան է, բայց ինչո՞ւ փետրվարին:
— Դա ծրագրի ծուղակներից մեկն է: Թշնամին էլ քեզ նման սևեռվում է փետրվարի վրա, բայց հիմնական գործողություններն իրականացվում են մայիսին:
— Ի՞նչ գործողություններ:
— Դա ռազմական գաղտնիք է:
— Լավ, բա հետո՞:
— Ծրագիրը շարունակվում է ճաշին:
— Ինչպե՞ս:
— Առաջին բաժակով գովերգվում է մսի առատ տեսականին ու պարտադիր անարգվում թշնամին:
— Հապա՞:
— Ահա այսպես.
Մսերն առատ են հայոց բանակում,
Թող սովից տանջվի անարգ թշնամին,
Տարոսը տարեք նրա խնամուն,
Թող սովից տանջվի նաև խնամին:
— Ինչո՞ւ խնամին:
— Խնամին թշնամու գլխավոր դաշնակիցն է:
— Հասկացա: Բա հետո՞:
— Հաջորդ կենացը ամենակարևորն է: Դրա մեջ պիտի շեշտվի ոչխարն ու իր միսը, և վերստին նսեմանա թշնամին:
— Ինչո՞ւ ոչխարը:
— Ոչխարը մեր թշնամու տոտեմն է, խորհրդանիշը: Երբ թշնամին իմանում է, որ մենք շարունակ ոչխար ենք ուտում, հուսահատվում է ու ջլատվում:
— Շատ լավ է մտածված: Շուտ ասա այդ կենացը:
— Խնդրեմ.
Սահմանից այս կողմ ոչխարը միս է,
Սահմանից անդին՝ ստոր թշնամի,
Մեր զորամասում միշտ մեղրամիս է,
Ձեր զորամասում՝ սոված խնամի:
— Էլի՞ խնամի:
— Իհարկե: Մոռացա՞ր՝ ով է թշնամու դաշնակիցը:
— Լավ, բա վե՞րջը:
— Վերջը ընթրիքն է: Դա կարճ է տևում ու մի կենաց է հնչում, որպեսզի զինվորները քնելուց առաջ չփքվեն:
— Ասա այդ կենացը:
— Ահավասիկ.
Թող դարսվեն մեր սեղանին
Խոզապուխտն ու սալյամին,
Որ սարսափի նենգ թշնամին,
Ահաբեկվի…
— Խնամի՞ն:
— Անշո՛ւշտ:
— Ամեն ինչ լավ է, բայց էդ խնամին ոնց որ համը հանում է: Շատ չի՞ հիշատակվում կենացներում:
— Սկզբում բոլորը քեզ նման էին մտածում և ուզում էին տապալել ծրագիրը, բայց հետո հասկացան, որ թշնամու հետ փոխկապակցված բոլոր անձինք պիտի թիրախավորվեն ջախջախիչ կենացներով: Ու առաջին հերթին՝ խնամիները: Ի դեպ, ծրագրի վերնագիրն էլ այդպիսին է ու որպես կարգախոս փակցված է ճաշարանի մուտքին:
— Ի՞նչ կարգախոս է:
— ,,Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է,
Իսկ թշնամու խնամին՝ իմ թշնամին,,:
ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գրող, երգիծաբան
2020թ.