Թե ինչպե՞ս եկավ իր ոսկեշղթա լեզուն 1908 թվականի Հայաստան. ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
Թե ինչպե՞ս եկավ իր ոսկեշղթա լեզուն 1908 թվականի Հայաստան: Ոչ կենցաղում կգտնեիր այդպիսի արիստոկրատ քայլք, ոչ օրվա մամուլի, ոչ էլ, նույնիսկ, գրականության էջերում, թեպետ կային Թումանյան ու Իսահակյան … Էպատաժ, եթե մերօրյա բառապաշարով ասենք: Գեղարվեստական ու հոգևոր մարտահրավեր: Համենայն դեպս, Տերյանի համար Ալագյազ չկար: Կար միայն ու միայն Արագած: Եվ Արաքսն էլ Արազ չէր, ինչ է թե՝ ժողովուրդն այդպես է ասում: Որովհետև գրականությունը ժողովրդի սպասյակը չէ, այլ՝ ժողովուրդ ստեղծո՛ղ: Ինչը նշանակում է՝ մշակույթ և ինքնագիտակցություն թելադրող, որն էլ քեզ քո էությանն է վերադարձնում:
Իր՝ այդ ժամանակ դեռ չգրված ու չձևակերպված «Հոգևոր Հայաստանի» իդեա՞լն էր հուշել, — ո՛չ ընդամենը եթերային, այլ հենց ծրագրային, — որ բարձր նպատակների դուռը բացվում է նաև բարձր ու ազնվախորհուրդ լեզվով, քանզի այդպիսի լեզվով խոսողն ու մտածողը ի զորու է հաղթահարել հանգամանքներ: Սենեկան էր գրել, չէ՞, որ աղավաղված լեզուն աղավաղված բարքերի նշան է: Ուրեմն և՝ ուզում ենք մթնոլորտի մաքրություն, — լեզվի մաքրությունից սկսենք: Երբ, նախորդ դարի վաթսունականներից, հայկական ռադիոն ու հեռուստատեսությունը «ռեսպուբլիկա» բառի փոխարեն» սկսեցին ասել «հանրապետություն», երբ խանութներում «կալբաս» ու «կոֆե» առնողներն աստիճանաբար սկսեցին «երշիկ» ու «սուրճ» պատվիրել, դա գիտակցության ինքնանորոգում չէ՞ր: Դա չէ՞ր մոտեցնում մեզ … անկախությանը: Թեկուզև, առայժմ, լեզվական:
Սակայն Տերյա՛նը, Տերյա՛նը: Նրա նշաձողը որքան պատմական ու խորքային էր, նույնքան և՝ ապագայամետ: Իր առաջին իսկ գրքով նա հայությանը բերում էր … մայրաքաղաքային լեզու: Այդ ժամանակներում դեռ անմայրաքաղաք, որ նշանակում է՝ անպետություն երկրին: Անի քաղաքամայրի հիշողություն՝ գալիք Երևանի համար: Մի ամբողջ երիտասարդության նախապատրաստություն, երիտասարդություն, որն անգիր էր անում Տերյանի բանաստեղծությունները, արտագրում, փոխանակվում, սեր բացատրվում դրանցով:
Հիմա մենք ժառա՞նգ ենք, թե չէ: Հիմա մեր արձակը, պոեզիան պիտի պպզե՞ն «հայաթի բիսեդկայի» առաջ, գրեն «բիսեդկայի» լեզվով, իբրև թե՝ ժամանակակից լինելու «հայեցակարգով», բայց իրականում՝ ստրկամտորեն հաճոյանալու ցանկությամբ: Անիդեալ մարդոց լեզուն մի բան է, իդեալ կրողինը՝ մեկ այլ:
Տերյան: Հայոց գրականությունը քսաներորդ դար բերող: Ծնունդդ հազար անգամ բարի:
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԱրձակագիր, կինոգետ