«Թեև ռուսախոս, բայց հայ ժողովրդի հոգևոր արժանիքները կրում էր իր հոգում». Արշակ Բուրջալյան
Արշակ Բուրջալյանը հայ ժողովրդի այն տաղանդավոր զավակներից է, որոնք Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո աշխարհի բոլոր կողմերից եկան իրենց հայրենի երկիրը և իրենց ամբողջ ուժերը ի սպաս դրին Հայաստանի նոր վերածննդին: Իր թատերական բարձր կուլտուրայով, փորձառությամբ, թատրոնի հանդեպ ունեցած անհուն սիրով, խստապահանջությամբ և մեծ ճաշակով նա կարողացավ ստեղծել առաջնակարգ թատերական կոլեկտիվ:
Բուրջալյանը միևնույն ժամանակ նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի Պետական թատրոնի հիմնադիրներից է: Նրա հետ ես բախտ եմ ունեցել միասին բեմադրելու Սպենդիարյանի «Ալմաստը» (առաջին բեմադրություն) և Հարո Ստեփանյանի «Քաջ Նազարը»:
Ստեղծագործական մեծ բավականություն էր աշխատել Բուրջալյանի հետ: Բուրջալյանի ռեժիսորական աշխատանքը Գ. Սունդուկյանի անվան թատրոնի նախկին շենքում, բառիս բուն իմաստով, հերոսական էր և չնայած տեխնիկական մեծագույն դժվարություններին` նրա յուրաքանչյուր բեմադրությունը տոն էր Հայաստանի թատերական կյանքում:
Շատ են սիրում կրկնել, որ Բուրջալյանը չէր տիրապետում հայերենին. բայց նա Հայաստանից դուրս չէր գիտակցում իր ստեղծագործական կյանքը, և չարագացվե՞ց արդյոք նրա մահը այն բանով, որ նրան զրկեցին Երևանում աշխատելու հնարավորությունից:
Նա համառորեն տիրապետում էր իր հարազատ ժողովրդի դարավոր կուլտուրային, և պետք է խոստովանել, որ հայ ժողովրդի հոգևոր արժանիքները կրում էր իր հոգում:
Ռեժիսորական իր դիապազոնով նա հաջողությամբ բեմադրում էր և շեքսպիրյան ռեպերտուարը, և Շիրվանզադեի «Մորգանի խնամին»: Նա դարձավ հայ ժողովրդի թատերական կուլտուրայի օրգանական մասը` բարձրացնելով այն մի նոր աստիճանի:
Հոկտեմբերյան Մեծ ռևոլյուցիայի շնորհիվ կյանքի կոչված հայ ժողովրդի նոր կուլտուրայի հիմնադիրների շարքում Արշակ Բուրջալյանն ունի իր պատվավոր տեղը:
Մարտիրոս Սարյան
Արշակ Բուրջալյան «Հոդվածներ, նամակներ, ժամանակակիցները նրա մասին»