Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
Մոր սիրելի հեղինակի՝ Գյուստավ Ֆլոբերի անունը կրող տղեկին երեխա ժամանակից էր ձգում թատրոնը՝կախարդելով կտրում նրան իրականությունից։ Մայրը նրան հաճախ էր եկեղեցի տանում․երեք անգամ պտտվում էին եկեղեցու շուրջը,մոմ վառում և մոտենում եկեղեցու բակում թաղված երախտավորների խաչքարերին։<<Պետք է մտքում երազանք պահել և փոքրիկ քար վերցնելով՝ ուժեղ քսել խաչքարին, եթե քարը կպչի խաչքարին՝ երազանքդ կկատարվի>>,-ասել էր մայրը։Թատրոնով տարված պատանին հետագայում հիշել էր մոր խոսքը և մի քանի անգամ փորձել ու քարը ամուր կպել էր խաչքարին։․․․Եվ մի օր էլ հայտնվեց թատերական ինստիտուտում․քարը կպել էր չէ՞, խաչքարին․․․Գտավ իր տեղը,հոգին հանդարտվեց։
Առաջին օրը կուրսի հետ ծանոթանալիս Վավիկ Վարդանյանը զարմացել էր․<<Պա՛հ,էս Ֆլոբերն ո՞վ է>>,- հարցրել էր ու հայտարարել․<<Էսօրվանից ես քո անունը դնում եմ Վահե, համաձա՞յն ես>>․․․
Դիպլոմային աշխատանքից հետո, որի ղեկավարը Վարդան Աճեմյանն էր, նրան ասել էր․<<Վերադարձի՛ր քո քաղաքը և ստանձնի՛ր թատրոնի ղեկավարությունը։Ստեղծի՛ր քոնը, քո՛ թատրոնը և կայացի՛ր որպես ռեժիսոր․դու՛ կարող ես>>։Եվ Վահե Շահվերդյանը,որ մեծ ակնածանքով էր վերաբերվում ուսուցչապետին, անսաց նրա հորդորին և հիմք դրեց իր թատրոնի պատմությանը՝ իր համար այնքա՜ն թանկ ու հարազատ քաղաքում։Եվ աշխատեց առանց հոգնելու․ո՛չ ցերեկ հարցրեց, ու ո՛չ էլ՝ գիշեր, և սիրտ ու հոգի դրեց մեկը մյուսի հետևից ծնվող ներկայացումներում, հավատ ու սեր, անսպառ եռանդ ու վառ երևակայություն։Թատրոնը դարձավ նրա տունը,ներկայացում արարելը՝ կյանքը։Եվ դա չէր կարող չտալ իր պտուղները․սկսելով Սունդուկյանի
<< Ամուսիններ>> -ով, աստիճանաբար ընդլայնեց ու կայացրեց խաղացանկը՝ հայ, ռուս և համաշխարհային դասականներով ու ժամանակակից հեղինակների գործերով։Երեսուն տարի, վաթսունին հասնող բեմադրություններ, միշտ լեփ-լեցուն դահլիճներ և իր շնորհիվ Կիրովական քաղաքում կայացան բարձրարվեստ պրոֆեսիոնալ թատրոն և թատրոնը սիրող, հասկացող ու գնահատող հանդիսատես։Բազմաթիվ ներկայացումներից հնարավոր չէ չառանձնացնել գոնե մի քանիսը․Շիրվանզադեի <<Քաոսը>>,
Յուժին-Սումբատովի <<Դավաճանություն>>-ը, Բուզնիկի <<Հատակը երերում է >>, Լերմոնտովի <<Դիմակահանդեսը>>, Զորյանի <<Խնձորի այգին>>, Արմեն Ծովակի<<Խնայեցեք
տղամարդկանց>>, Շեքսպիրի <<Ռիչարդ 2րդ >>-ը , Օստրովսկու <<Անմեղ մեղավորները>>, Մուրացանի <<Ռուզանը>> ։ Դե,իսկ Չեխովի <<Երեք քույրը>>դարձավ աբելյանցիների այցեքարտը՝ գլխավոր մրցանակներ բերելով թատրոնին, թե՛ նախկին ՍՍՀՄ –ի քաղաքներում կայացած Չեխովյան փառատոներից, թե՛ Եվրոպայի տարբեր քաղաքներից։Շահվերդյանի ղեկավարած թատրոնի մի ոտքը ներսում էր, մյուսը՝ դրսում, հյուրախաղերի ու փառատոների․Մոսկվա, Բառնաուլ, Յալթա,Ռիգա,Քիշնև, Լիսաբոն, Փարիզ, Մարսել,
Բանյո, Վալանս, Լիոն, Ժնև, Ուժգորոդ, Օրյոլ, Թբիլիսի, Ստեփանակերտ, Երևան, և սա դեռ ամբողջը չէ։
Ղարաբաղյան շարժում, աշխարհացունց երկրաշարժ, կիսավեր քաղաք, փլատակներ ու զոհեր, շփոթված ու ողբացող մարդիկ և ցավ,ամենուր ցավ ու ցավի միջից՝ փլատակի տակից դուրս եկած վիրավոր մարդ,որ Մոսկվայից ժամանած Գորբաչովին ասում է՝ Ղարաբաղը մերն է։
Ապահով տեղ հեռացողներ շատ եղան, երբ առաջարկեցին թատրոնը հանել քաղաքից, Շահվերդյանը ընդդիմացավ․<<Մենք, որ հեռանանք այս վիրավոր քաղաքից , ժողովուրդը կհուսահատվի․ պիտի մենք մնանք, որ օգնենք մնացողներին ապրելու>>։Դերասանները տեղավորվեցին տնակներում, իսկ ինքն իր տնակը հենց թատրոնի բակում դրեց և ո՛չ մի քայլ թատրոնից։Փորձերը վերսկսվեցին իր տնակում և դեռ ռմբակոծվող Ստեփանակերտ էլ ներկայացում տարան․Մուրացանի <<Ռուզան>> կամ <<Արցախի դուստրը>>։Մեծ ռիսկ էր ու պատասխանատվություն այդ օրերին դերասանախմբին Արցախ տանելը, բայց Շահվերդյանը գնաց դրան՝ գտնելով, որ հենց ա՛յդ օրերին արցախցին պետք է տեսնի <<Ռուզան>> ներկայացումը։
Դահլիճում ոգևորված զինվորերներ էին՝ զենքերը ձեռքներին,որ ներկայացումից հետո ուղիղ կռվի դաշտ էին գնում։Անմոռանալի ոգևորության ու հիացմունքի օրեր էին այդ օրերը ստեփանակերտցիների համար։Ես այս ամենի ականատեսն էի ու վկան՝ իբրև հանդիսատես, իբրև մեկը, ով մեծ Վարպետի շնորհիվ սիրեց թատրոնն ու անդառնալիորեն կապվեց նրա հետ։
Հիմա՝ Սունդուկյանի թատրոն,1997 թիվ ու ես նրան գործընկեր․
Եվ սկսվեց ․․․ նոր թատրոն,նոր կենսագրություն, հաճախ թշնամական մթնոլորտ, վայրիվերո հոդվածներ, բայց ըստ էության թատրոն էլ չկար․ չկային ներկայացումներ ու հանդիսատես, ցուրտ էր ու մութ, բայց նա չասաց՝ <<Ես աւերակացս զի՞նչ թագաւորեմ>>,այլ ստեղծեց ներկայացումներ, որ հաշտեցրին անգամ չկամներին ու բերին թատրոն։Ներկայացումներ, որոնք հետագայում ապրեցին 17,18,20 տարիներ։
Ծանրագույն տարիներ էին, անմնացորդ սեր ու նվիրում էր պետք աշխատելու, հանդիսատես գրավելու, արարելու համար։Տեսնել էր պետք նրան փորձերի ժամամակ, թե ինչպես էր խորանում նյութի մեջ, լրիվ կերպարանափոխվում, բացում կերպարները, դերասանին խնդիր տալիս, աշխատում առանց հոգնելու՝ մինչև հասներ իր ուզածին։Ներկայացում ստեղծելիս Շահվերդյանը սիրահարվում էր բեմում աշխատող ողջ դերասանակազմին։Բայց որքան մոտենում էր ներկայացման հանձնման օրը, այնքան մեծանում էր անհանգստությունը՝ կարծես առաջին անգամ էր ներկայացում բեմադրում․դառնում էր դյուրագրգիռ, երբեմն՝ կռվարար, նույնիսկ կարող էր կոպտել՝ տագնապելով, որ զգեստները կամ դեկորացիան չեն հասցնի։Կարմիր նշան ուներ,որ հոնքամիջից դեպի ճակատ միտվող ակոս էր հիշեցնում․ ուրախ ու հանգիստ պահերին այն գրեթե հարթվում էր, դառնում աննկատ, իսկ հուզմունքի և զայրույթի պահերին՝ ընդգծվում էր, կարմրում, դառնում արտահայտիչ։ Այդպիսի պահերին Շահվերդյանը նմանվում էր զայրացած քրմապետի և անիմաստ էր նրան հակառակվելը։ Շահվերդյանի ներկայացումներում մշտապես գերիշխում էին գեղեցիկը, բարձր ճաշակն ու պոեզիան․ո՛չ մի գետնաքարշ, ո՛չ մի էժանագին, ո՛չ մի կենցաղային բան։
<<Ի՜նչ հրաշալի էին բալի այգու կենդանի ծառերը՝սպիտակ,բալենու ծաղիկներով ու տերևներով քողավորված աղջիկները՝ բալենիները, որ շարժվում էին, շնչում , տխրում ու տառապում և հուսահատված հառաչում, երբ Լոպախինը այգի ն կտրելու մասին էր խոսում>>։
Տեսողական հիշողությանս մեջ մեկընդմիշտ ֆիքսվել է <<Տրամվայ ցանկություն>> ներկայացման ֆինալը․ չեմ մոռանում և չեմ մոռանա դեպի մահն ընթացող ճերմակազգեստ Բլանշին․հուզիչ էր, գեղեցիկ, ցնցող․կատարյալ գեղանկարչական պատկեր։Մահը բա՜րձր- բարձր ամֆիթատրոնի վերևում՝ դարձյալ ճերմակազգեստ, բայց տեսնում ու զգում էիր, որ մահն է՝ անողոք ու սև, և Բլանշը դանդաղ քայլում էր դեպի մահը։ Առանց հուզմունքի ու արցունքների դժվար էր նայել այդ տեսարանին։
Պատերի ետևում բանտված աղջիկները (Գ․Լորկա, <<Բեռնարդա Ալբայի տունը>>),որ երբեք տղամարդու երես չեն տեսել, հանկարծ նկատում են հնձից վերադարձող ուժեղ, մկանուտ, արևախանձ դեմքերով տղամարդկանց և պատրաստ են խորտակելու ամեն պատ ու պատնեշ։Անհնարին էր չտեսնել նրանց հուզմունքը, կիրքը, բուռն ցանկությունը, սիրո կարոտը․․․
<<Հին Աստվածների>> մեջ բեմում տեսնում էիր ալիքվող ծովը, զգում ծովի շունչը, դեպի կյանքը ձգտող,ալիքներին հանձնված Աբեղային, որ երևակայական Սեդային գրկած համբարձվում էր երկինք․․․Անսպառ երևակայությամբ գեղեցիկ միզանսցեններ դնելու, մասսայական տեսարաններ ստեղծելու, թատերական սիմվոլներ օգտագործելու անկրկնելի Վարպետ․․․ Այո՛, թատրոնը Վահե Շահվերդյանի համար հոգևոր տաճար էր , որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ, ներկայացում արարելը՝ ծիսակատարություն։
Իսկապես նրա յուրաքանչյուր ներկայացման մեջ հեքիաթ կար, հեքիաթ ու անսահման սեր, հեքիաթ՝ խառնած իրականությանը։ Նա թողել է անջնջելի հետագիծ, և ես վստահ եմ, որ ինձ նման շատ շատերը մշտապես հիշելու են և կարոտելու թատրոնի բոլոր գաղտնիքների հրաշալի գիտակ, ինքնատիպ ու առինքնող բեմի մեծ Հեքիաթաստեղծին։
Գնաց հավերժի ճամփորդը, և որբացան նրան պաշտող ուսանողները, որբացան աբելյանցիները, բացառիկ մեծ կորուստ կրեց հայ թատրոնը․․․ նրա տեղը միշտ բաց է մնալու․․․
ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ