Ընկավ՝ անկատար թողնելով Արցախի հետ կապված բազում երազանքներ ու նախագծեր. ՀՐԱՅՐ ԱՍՐՅԱՆ
Ասրյան Հրայրը ճարտարապետ էր։ Նա մի անհասկանալի կերպով էր սիրում Արցախ աշխարհը: Ու, երբ 2018-ին Արցախի Հանրապետությունից առաջարկ ստացավ Շահումյանի շրջանում աշխատանքի անցնելու, անմիջապես ընդունեց ու թողնելով Երևանի բարեկեցիկ կյանքը, գնաց իր սիրելի Քարվաճառը շենացնելու։ Շահումյանի շրջանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետն էր նա։ Ու հենց Քարվաճառի չքնաղ, ամենագեղատեսիլ բարձունքն էր ընտրել տուն, գրասենյակ, արվեստանոց, ձիարշավարան կառուցելու նախագծեր իրականացնելու համար:
Ավաղ, սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը անկատար պիտի թողներ Հրայրի նախագծերը։ Նա պատերազմի առաջին իսկ օրվանից կամավոր գնաց պաշտպանելու իր երազանքներն Արցախ աշխարհում իրագործելու հնարավորությունը: Սկզբում պաշտպանեց Քարվաճառի դիրքերը, ապա՝ հոկտեմբերի 20-ին, «Շահեն Մեղրյանի» անվան կամավորական ջոկատի կազմով մեկնեց Շուշի, մարտեր մղեց
Ավետարանոցում, Քարին Տակում։
Երկու տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 31-ի առավոտյան, հերթական առաջադրանքը կատարելիս, Սղնախ գյուղի մատույցներում թշնամու արկից ընկավ Հրայրը։ Ընկավ՝ անկատար թողնելով Արցախի հետ կապված բազում երազանքներ ու նախագծեր։ Նրա զոհվելուց 25 օր անց, թշնամին առանց կրակոցի մտավ Քարվաճառ, ու տեր դարձավ Հրայրի այդքան սիրած բարձունքներին…
Հրայրը ծնվեց 1988-ին՝ Արցախյան շարժման տարիներին, ու Արցախի համար մղվող մարտերում էլ մարտիրոսվեց։ Պատերազմն իրեն բերել էր, պատերազմն էլ տարավ…
Լույսերի մեջ մնաս, Հրայր ջան։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ։
ԱՐԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ