Էրգրի մատաղի պես բաժանվող էրգրականչ
— Խումա՛ր, թոնրի առաջին խեր՝ էս լավաշներ Էրգրի մատաղի պես կբաժանիս հարևաններին, առավոտ շուտ վար ու ցանքի գնացողներին, ճամփորդներին չմոռնաս…Վրեժ Սարուխանյանի «Թոնիր» պատմվածքից մեջբերված այս խոսքով սկսեցի, չգիտեմ՝ ինչու: Թերևս այն պատճառով, որ այսօր առիթ եմ ունեցել նորից սասունոտվելու:Հեղինակի «Ագռավաքար» գրքի շնորհանդեսն էր: Անկեղծ ասած՝ նման միջոցառումների սիրահար չեմ. ցանկությունս գրողին նման իրավիճակում ու որոշակի կարգավիճակում տեսնելն էր: Ամեն ինչ շնորհահանդեսային էր՝ ջերմ խոսքեր, պարգևատրում, երգ, անուշիկ աղջնակի պարարուն ասմունք… Սրտաբուխ խոսքեր ու հիացական դիտարկումներ: Սակայն նպատակս այս ասելը չէր և ոչ էլ այն, թե ինչքան էի հիացած Կամո Արեյանի՝ որպես Վրեժ Սարուխանյանի երբեմնի նվիյալ աշակերտի և բոլոր ժամանակների երդվյալ ընթերցողի առինքնող խոսքով և Անդրանիկ Ավետիսյանի՝ որպես համակուրսեցի գրչընկերոջ հակիրճ, բայց ժողովածուի խորաշերտը վերհանող, սեպը ճիշտ քարին խփող դիտարկումով:Մի ուրիշ ասելիքի համար եմ գրիչ վերցրել:Կորուսյալ եզերքի, ցավ ու վշտի թեմայով գրական ստեղծագործություններին կարողացածիս չափով ծանոթ եմ և հնարավորությանս չափով անդրադարձել եմ գիտական հոդվածներով ու մենագրություններով: Սակայն երկու սասունցի Վրեժների՝ Վրեժ Իսրայելյանի և Վրեժ Սարուխանյանի գործերում կանգառ ունեմ. մնացել եմ ինչ-որ բան որոնելիս…Վրեժ Սարուխանյանի գործերը ուշագրավ մի առանձնահատկություն ունեն. միշտ որոնել եմ այդ առանձնահատկության ինքնօրինակությունը ու զգացել, որ բանաձևել չեմ կարողանում: Մուշեղ Գալշոյանի մի տողն անգամ անվերլուծել չեմ թողել. ես ինձ սասունցիներից ավելի էի սասունցի կարծում. ուղնուծուծով սասունականից բացի, ի՞նչ կա Վրեժի գործերում, որ չեմ կարողանում իրար մոտ բերել ու խտացված մի խոսքով բնորոշել: Այսօր հասկացա: Երևի հենց հասկանալիքս էր ինձ տարել շնորհանդեսի: Տարօրինակ թող չթվա ասածս:Վրեժ Սարուխանյանը իր արձակ ու չափածո գործերը «….Թոնրի առաջին խեր՝ լավաշների» նման ընթերցողներին է բաժանում «Էրգրի մատաղի պես… »:Այս առանձնահատկությունը արձակագիրն ապահովում է ոչ միայն իր համերկրացիների կարոտի կերպարավորումով ու նրանց կոթողայնացումով, այլև սասունական մտածողությանը հատուկ, ինչպես և խոսքի ու զգացումի փոխհարաբերությունը ներդաշնակող բնաշխարհիկ բառուբանով:Վրեժ Սարուխանյանի արձակը շատ ավելի պոետական է, քան չափ ու ոտքով գրված բազմաթիվ ոտանավորներ. դիտարկե՛ք հերոսների խոհ ու մտածումների, երկխոսությունների կառուցվածքայնության ներքին երաժշտականությունը, կհամոզվեք:Ես այսօր իմ բաժին մատաղից մի քիչ էլ տուն բերեցի: Զուխրա Երվանդյան
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ