ԷՐԳԻՐ։ ՎԵՐՋԱԿԵՏ
Դու, անշուշտ, հորդ ճանաչում ես, պապդ էլ քիչ թե շատ ստվերոտ, բայց գաղտնիք չի մնա: Իսկ որ ափովդ մշուշը հրես, քո մեծ պապն էլ երևի քիչումիչ ճղրտված նկարների միջից երևա: Իսկ հետո՞: Հետոն անհայտ է, եղբայրս, մեգ է ու հիշողության քաղց: Դու նստիր հանգիստ, սովետական նստարաններից կորացած թիկունքդ մի հարմար դիրքով հենիր բազկաթոռին ու լսիր: Տո, մի հատ էլ սիգարետ կպցրու, սուրճը դառն է՝ իսկը ծխելու: Էպոսը կարդացե՞լ ես: Աչքերդ մի պահ փակիր ու պատկերացրու սարյանական գույներ: Լեռներ, ծերպեր, գետեր, դուրաններ ու ցորյան անդաստաններ: Պատկերացրու Մհերին, Դավթին, Օհանին ու Թորոսին, տո հե՛րն անիծած, Վերգոյին էլ տես: Սասուն… մի խոսքով: Մերոնք սասունցի էին: Մեր Էրգրում մանրիկ կռիվներ շատ են եղել, եղել են և լեռնային բորբոքուն մարտեր, եղել է և կարկուտ՝ թուրանական ժահրոտ փամփուշտների պես, բայց եղել է խոշորագույնը՝ եղեռնը, հետո դաժանը՝ գաղթը:Մեծ պապս՝ Մոսեն, մի տասնհինգ տարեկան, հատուկենտ փրկվածներից, գաղթի ճամփին իր մատներով ճանկռում է հողն ու թաղում իր հյուծամահ եղբայրներին, ու հետո էլ ուժասպառ ընկնում վրաները, որ մարմնով պահի գիշատիչների հարձակումներից:Պատկերացնու՞մ ես: Էպոսագույնը փոխվե՞ց, եղբայրս: Գիտեմ, հիմա մի փոշեգույն ամպ է աչքերիդ դեմ, իսկ կոպդ թրջվել է ավազեհատիկից:Այս Մոսե պապս ճանապարհին միանում է Անդրանիկին ու գալիս, հասնում են Ուջան՝ Արագածի սրունքներին գտնվող մի պստլիկ գյուղ, որտեղից արդեն չքվում էին թաքուբիր թուրքերը: Պապս տուն շինեց, որդիներ ունեցավ, ապրեց էլի, եղածը կյանք չի՞, տուրևառի մի զավզակ հրմշտոց է, էլի: Իրենց ապրածից մնաց մի բուռ թութուն, որ Անդրանիկի մահից էլ հետո դեռ ճամփվում ու ճամփվում է երկրե-երկիր՝ երևակայական հայդուկին իբրև թե ընծա…1967-ին երիտասարդ սասունցիները գյուղում կանգնեցրին Անդրանիկի արձանը (չեկիստների ականջը խուլ), գյուղացիք բահով ու փոցխով հերթապահ էին կանգնում, որ ջղային սովետը՝ մի երկու նամռոտ մռութի տեսք ստացած չգար ու քանդեր իրենց պաշտած Զորավարին: Է՜հ, օրեր էին, խաշամի պես մխացին ու անցան: Խորհրդային միրաժը փլվեց: Նորից կռիվ (ես դիտմամբ հայրենական կռվի ու երկրաշարժի սով ու բութ տարիները շրջանցում եմ): Բայց ինչի՞ համար է այս մութ օրերի հիշատակումը: Մի անձրևոտ օր ծնվեցի ես՝ գաղթականների վերջին թոռը, որ, իհարկե, փախեփախ չեմ տեսել, բայց մեջքս մի քիչ ապաթարցի է նման, և ծռվել է ոչ թե դպրոցական նստարանից, այլ գաղթի ցավագար գիտակցումից: Հայաստանը քիչ թե շատ լուսավորվեց: Միայն թե չասես՝ մարգարինի, կետչուպի ու ապուխտների զանազանության ի հայտ գալով: Ուղղակի մի քսանհինգ տարի կռիվ չեղավ: Դու դեռ փոշեգույնը մտքումդ պահիր: Կռիվ, կռիվ ու կռիվ: Դե ինչ անեմ, եղբայրս, լաո՜… ի՞մալ չխոսեմ: Մենք ի՞նչ տեսանք որ. Կռիվ, կռիվ, տեղահան, նորից կռիվ ու հակառակը: Մեր ցեղի տղամարդկային մի յոթ հաջորդականություն որ գումարես իրար՝ երջանկության մի կարճ պատանեկություն չի դառնա: Հիմա ես, դու, մենք, ապրում ենք այս էթիլենի ու մալուխի դարում և մեծ-մեծ ճամարտակում ենք թե՝ «օ՜, կյանքը բերկրանք է կնոջ ստինքին սեղմված», «օ՜, ես Վեռլեն եմ սիրում», «Եվրոպան մարդասե՜ր է», «ռուսը սրիկա է», «քեզ էսպրե՞սո», «ոչ, սիրելիս, ինձ ցեյլոն»: Ժամանակը չռռում է, հին վերքերը իրենց մաշկին կրողները մեռնում ու թաղվում են, իսկ մեզ երջանիկ երկրի երազների դիմաց տրվում են նոր վերքեր, որոնք մեր մեռնելով գուցե թարմանալու կարիք զգան ու աճեն՝ պուտ-պուտ բշտերի պես, նոր կռիվների տեսքով: Շատ կուզեի խոսել վառվռուն մայթերից, ակումբային էլեկտրիկ կապույտից, կոկտեյլներից, շատրվաններից, կամ առհասարակ քաղցր-մեղցր կեցության շորշոփ շփող երկրներից, բայց մերը սա է՝ այս դիասայլը, որը պիտի հրենք ցկեանս: Հիմա կասես՝ բա ասածդ Էրգիրն ու՞ր մնաց: Էրգիրը, լաո, հալվե՜ց, Մեղրագետով հոսեց ու գնաց: Մեզ մնաց մի մոմպասի պես հալվող ոտնատեղ (չգիտեմ՝ աջի՞ թե՞ ձախի համար), որի անունը դրեցինք երկիր: Հիմա կասես՝ հետո՞ ինչ: Հետոն ի՞նչ իմանամ: Հետոն մառախուղ է, մեգ է, հետոն վազք է, աղջամուղջ ու փոշեպտույտ:Կոպիդ տակից հանեցի՞ր ավազեհատիկը: Դե սիգարետիցդ մի հատ էլ ինձ տուր, կամ, իմը կծխեմ. մոտս մի բուռ ունեմ էն դառնահամ փաթթովիից։ ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ