Զուխրա Երվանդյան. Քար լռության մեջ քար անտարբերության անզգա սառնություն կա
Առաջ կարծում էի, թե «քար լռություն»-ը և «ծանր լռություն»-ը համարյա նույնիմաստ հոմանիշներ են. այսօր հասկացա, որ քար լռության մեջ ծանրությանը միաձույլ, նրան ներթափանց՝ անտանելի ցավի մի մեեե՜ծ, շատ մեծ ու խոր խտացում կա: Քար լռության մեջ քար անտարբերության անզգա սառնություն կա. գլխավոր հատկորոշիչը մարդու մեջ աստվածային բարեպաշտության և զուտ մարդուն տրված առաքինություններից մեկի՝ իր նմանի նկատմամբ ունեցած կարեկցանքի զգացողության իսպառ բացակայունն է:Քար լռությունը քար անտարբերության հետևանք է, իսկ վերջինս մարդու անասնաբնազդ էության վկայությունն է:Աշխարհի հերն անիծած, աշխարհը մերը չէ, աշխարհը օտար է… Մերը… Մեր արյունակից-ազգակիցը, հայ հայրենակիցը, ճակատագրով բախտակիցը, հայ հացով, հայ ջրով սնված-մեծացածը, հայ արյունով հայրենիք ստեղծած-պահածը, հայ մոր կաթ կերածը… Ո՞նց, ո՞նց է կարողանում քարորեն լռել, լռել ու մարդկային մեծ ողբերգության ոչ միայն դիտորդը, այլև հանցավոր մասնակիցը դառնալ:Ինը ամիս արցախցիները անմռունչ դիմացել են անմարդկային տառապանքներին, ու պատերազմ… Իսկ հիմա գիտե՞ք՝ ի՞նչն է նրանց ավելի շատ ջլատում ու «սպանում». դավաճանված ու լքված լինելու փաստի գիտակցումը. հպարտ արցախցին օգնություն է աղերսում, աղերսում, հասկանո՞ւմ եք, ու քար անտարբերություն…Երեխաների ճակատագիրն է խեղճացնում արցախցուն, մարդի՜կ… Արցախցին խեղճացողը չէ. կարո՞ղ եք, դե մի պահ նայեք ձեր երեխաներին ու պատկերացրեք, եթե նրանք լինեին այդ վիճակում, ի՞նչ կանեիք: Մի՞թե այսքան անկարեկից ենք դարձել, մի՞թե չենք վախենում բումերանգի օրենքից:Հ.Գ.Չէի գրի: Միտք չունեի այս ապրումներս հանրայնացնելու: Չդիմացա, երբ փոքրիկ Արսենի մոր հուսահատ աղերսանքը կարդացի՝ գոնե հիմա՜ օգնեք, խնդրում ենք՝ օգնե՜ք: Իսկ գիտե՞ք՝ երբ ծնվեց այս հուսահատ ճիչը… Երբ ամիսուկեսկան Արսենը առաջին անգամ, հրետակոծվող քաղաքի տագնապներից կուչ եկած, փոքրիկ թաթիկներով կառչել է մորից, կպել նրա կրծքին ու զգացել, թե ինչ է վախը:Թող դուք երբեք օգնություն աղերսելու կարիք չունենաք: Զուխրա Երվանդյան
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ