Զուխրա Երվանդյան. «….Եվ խորհուրդն իր մեջ պատգամ ու խրատ ունի»
Էլի էս գրեմ-չգրեմը․․․ Ու պարտվողը ես եմ։ Ինչի օր ասես, ում օր ասես կա․ ասում են գրողների օր էլ կա։Լավ է, որ դարձվածքային իմաստով չկա, թե չէ աշխարհը կպայթեր շնորհավորանքների տարափից։ Ի՞նչ իմանաս, կարող է շորշոփներն էլ Հայաստանով անցնեին․ ի՞նչ է, Հայաստանում գրող ու ցավեր չկա՞ն․․․ Դարձվածքային իմաստով՝ չգիտեմ, բայց գրողական իմաստով գիտեմ, որ շատ կան, էն էլ՝ ինչքա՜ն ու քանի՜սը․․․ Ու մեծ մասը՝ մրցանակակի՜ր, մեդալակի՜ր, պատվոգրակի՜ր, գովասանագրակի՜ր, եսիմ էլ ինչակիր․․․ Մի խոսքով՝ Հայաստանում գրողը նա է, ով ինչորբանակիր է։ Ուրեմն այսօր մեր օդում շնորհավորանքների տարափ կլինի (ուռ-ուռ-ուռաաա՜)։Լրջանամ։ Լավ է, որ նման օր կա։ Օրն իր խորհուրդն ունի, ու այդ խորհուրդն իր ներսում պատգամներ ու խրատներ ունի, անցյալն ու ներկան իրար բերելու, ջոկել-ջոկջկելու և մնայուն արժեքները եկող հետոյին տանելու պատգամն ունի, ունեցածի վրա դողալու, պահել-պահպանելու խրատն ունի․․․Չէ՛, խոսքս չեմ ծանրաբեռնի։ Համ էլ զգում եմ, որ մեր գրականության դասագրքերի սրտնեղությունն ինձ է անցնում, և որպեսզի սրտնեղությունս չվերածվի դառնության, ավարտի վերջակետը դնեմ ու շնորհավորեմ ճշմարիտ գրականություն ստեղծող գրիչ ունեցող բոլոր գրողներին։ Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, արձակագիր, բանաստեղծ ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆԻ ֆեյսբուքյան գրառումից