Զուխրա Երվանդյան. ԻՄ ԳՈՒՆԱՎՈՐ ԵՐԱԶԸ
Չէ՛, ընկնող աստղի հետ երազանք չեմ պահել. միշտ վախեցել եմ հիասթափվեուց, երեքնուկներով «Սիրի-սիրի… ո՞ւմ սիրի» չեմ խաղացել. վախեցել եմ սխալ անուն ընտրել-պոկելուց և ոչ էլ երիցուկի թերթիկներ եմ փետել՝ վերջինը «սիրում է»-ով պոկելու հույսով:
Ապրել եմ՝ հավատալով, որ երազանքներիս իրականանալը ինձանից է կախված. ես հո տիեզերքը իմ աշխարհում տեղավորել չէի երազում. երազում էի էդ տիեզերքի իմ բաժինն ունենալ, և քանի որ ընդամենը ի՛մ բաժինն էի ուզում, ուրեմն, պարզ էր, ես էլ պիտի ստեղծեի այն:
Ասացի, թե «Սիրի-սիրի…ո՞ւմ սիրի»-ն ինչու չեմ խաղացել, իսկ երիցուկի թերթիկներ էլ չեմ պոկել, որովհետև մտածել եմ, թե ծաղկին ցավ պատճառելով՝ գուշակություն անելը մեղք է, որ ծաղկի թերթերը իրենց ցավ պատճառելուս համար ինձ կպատժեն և կավարտվեն «չի սիրում»-ով:
Մանկությունից երազանքներս գունավոր են եղել. իմ սիրած գույներով եմ ներկել… Եվ հենց այդպես, գունավոր երազանքներով և գունավոր երազներ տեսնելով էլ ապրում եմ: Լա՞վ է, թե՞ վատ, չգիտեմ: Բայց գիտեմ, որ ապրել ուզելուն օգնում է:
Այսօրվա տեսած երազս էլ էր գունավոր: Էդ գունավոր երազիս մեջ կարմիր պուտերով ճերմակ շորիկ հագած աղջիկը, փոքրիկ կուլան առած, գնում էր աղբյուր՝ իր մեղվաբույծ պապի համար սառը ջուր տանելու. ըստ պապի՝ կավե կուլայի մեջ աղբրաջուրը սառն ու համով է մնում, մանավանդ եթե բերողը իր լեզվանի խենթուկն է լինում: Էդ լեզվանի խենթուկն էլ պապին ջուր տանելու իր շահն ուներ. պապը հրաշալի պատմող էր, սիրուն հեքիաթներ ու պատմություններ էր պատմում: Տատը ոնց որ մի քիչ խանդում էր. աղջիկը պապի հետ ավելի շատ էր կապված, քան իր հետ: Ու քանի որ խանդում էր, ասում էր՝ պապը եղածը չեղածի հետ խառնած է պատմում. շատ բան հնարում է: Պապի պատմություններում միշտ, ինչպես տատն էր ջղայնացած ասում, մի թորքի լամուկ է լինում: Ճիշտ որ, պապի պատմությունների մեծ մասում թուրքի լամուկներն անպակաս էին: Բայց աղջկան այդ պատմությունները դուր էին գալիս, որովհետև պատմություններն ավարտվում էին այդ լամուկների ծեծվել-ջարդվելով, խեղումներով: Պապն իմաստուն էր. գիտեր՝ ինչ և ինչի մասին էր պատմում և ինչու: Նման պատմություններից հետո աղջիկը աղբյուր գնալիս ավելի համարձակ էր լինում և միշտ պատրաստ՝ հիմար-հիմար ժպտացող թուրք լակոտների գլխին կուլան ջարդելու:
Պապի պատմություններից մեկը աղջիկը երբեք չմոռացավ:
Գյուղը հայերինն էր, հայկական էր, օդ ու ջրով անգամ հայկական էր. չասեք օդն ու ջուրն ի՞նչ կապ ունեն. դրանք էլ հո ազգություն, ազգային պատկանելություն չունե՞ն: Ունեն: Երկուսն էլ, հողն էլ հետները, հիշողություն ունեն, և այդ հիշողությունը ազգային է լինում: Օդը նաև շնչած-արտաշնչածդ է, խոսք ու մտածածդ լսող-կրողն է, քո լավ ու վատի վկան է…Հող ու ջրի մասին փիլիսոփայողներ, սիրուն տողեր ու երգեր գրողներ աշխարհի չափ շատ են եղել, որ մեկը պակասի, պոետի ասածի նման՝ «աշխարհիս մե մազ չի պակսի», ու ես այդ մասին հազարմեկերորդ անգամ չեմ ասի: Ուղղակի կհաստատեմ. հողն ու ջուրը հայկական էին ու հայերինն էին:
Անցյալ դարասկզբի հայտնի ջարդերի ժամանակ անտուն տնանկները եկել, ջարդել, կոտորել էին ու որ տանը որ ուզել, բնավորվել էին: Թորքերը մի լավ ամբոխային սովորություն ունեն (սովորությո՞ւն, թե՞ բնավորություն). ոտքներ տեղ արած տեղին շատ արագ ընտելանում, իրենցն են համարում ու, որ ամենակարևորն է, ուղնուծուծով հավատում են, որ իրենցն է, իրենց ապուպապերից եկող հալալ-զուլալ ժառանգությունն է, և նույնիսկ այն կուժն ու սկուտեղը, որի վրա մի հայր հայատառ գրել է տվել «իմ սիրէլի դուստր Մարյամին հօրից յիշատակ». դրանք էլ են մամեդ-սադխներից մնացած օժիտացուներ… Լավ սովորություն է: Տնանկից տուն ունեցող դառնալու, ամբոխից ազգ դառնալու ամենակարճ ճանապարհը ունեցողից խլելն ու հավատով տեր կանգնելն է: Այսպես անցյալ դարասկզբին կովկասյան թաթարների մի հրոսակախումբ եկել, կրկժնեցի էր դարձել:
Կոտորածից մազապուրծ մի բուռ մնացած հայերը անտառներում, քերծերի քարանձավներում պատսպարվել էին, և երբ երկիրը քիչ թե շատ խաղաղվել էր, հետ են դարձել ու, հանրահայտ աղբյուրը բաժանարար դարձնելով, «շենին տվերի» հատվածում սկսել քողտիկներ սարքել ու տնավորվել՝ հետագայում հայի դարավոր սովորությամբ քողտիկները շեն տների վերածելով: Այսպես էր Նապոլեոնի սիրելի զորապետ Մյուրատի կարոտած աղբյուրը դարձել տիերի շենն ու տվերի շենը իրարից բաժանողը:
Աղբյուրի ջուրը թորքեր էշով ու մեջքով վերև էին կրում, հայերը՝ կուժ ու կուլայով՝ ներքև:
Տեսնել էր պետք կուժ ու կուլայով ջրի եկող-գնացող հայ հարսների ու աղջիկների սիրուն շորորալը…
Կրկժնեցի աղջիկները գեղեցկուհիներ էին. ստեփանակերտցի տղաները սառը ջուր խմելու պատրվակով աղբյուրի չորս կողմերից պոկ չէն գալիս… Ու քանի որ գյուղում համարյա բոլորն իրար հեռու ու մոտ ազգականներ էին, գյուղը անկասելի օրենք էր սահմանել. ներսում աղջիկ տղա պիտի միշտ հիշեն իրենց հարազատական կապերը, բացառեն սիլի-բիլի անելն ու ամուսնանալը: Շահում էին ստեփանակերտցի և մոտիկ գյուղերի տղաներն ու աղջիկները: Մանավանդ որ կրկժնեցի տղաներն էլ պակաս չէին. անխտիր աչքի ընկնող, առնականորեն գեղեցիկ փեսացուներ էին:
Աղբյուրը չէր մոռանում, որ ինքը հայ աղբյուր է, իրեն փառքի մեջ պահողը հայ սարերից սկիզբ առնող հայ ջուրն է… Ու բաժանարար դերը կատարելուց բացի, իր ջրերը առատորեն տալիս էր տվերի շենի այգիներին:
Ինչու սա հիշեցի: Ինչպես բոլոր գյուղերում, Կրկժանում էլ միշտ լինում էր ջրի հերթը պահող մեկը: Ուրիշ գյուղերում չգիտեմ ինչպես, Կրկժանում հերթափոխով էր, ամեն օր մեկը կատարում էր այդ պարտականությունը: Գյուղը սիրում էր, երբ հերթը հասնում էր Հերիքին:
Հերիքը մտնում էր դերի մեջ՝ ամենայն լրջությամբ ստանձնելով իր մեկօրյա «պաշտոնը»: Դե արդեն գիտեք, որ գյուղի հարսները դրսեկ էին… Ինչ որ մի օրինաչափությամբ բերած հարսները լեզվանի ու իշխող էին լինում, իսկ դուրս հարս գնացող աղջիկները մեկ որ պսակվելիս ասում էին՝ «Հնազանդ եմ», մի ամբողջ կյանք հնազանդ էլ ապրում էին: Եկածների հնազանդությունը մինչև պատճառավոր դառնալն էր: Ինչպես տատս էր սիրում ինքնակերպ մեկնաբանել, արդեն պատճառ ունեին հնազանդ չլինելու:
Քարենտակեցի Հերիքը ոչ էլ սպասել էր պատճառավոր դառնալուն: Սկեսրանց տանից սինու մեջ բերած, իրեն հագցրած շապիկը երկրորդ օրը հանել էր, իր հոր տնից հետը բերածը հագել, մտքում թե՝ իմ հերանց տանինը հանել, ձերը հագցրել եք, որ ձեր տան օրենքով հա՞ շարժվեմ… Արաքսու աղջիկ հերիքին ոնց նստի- ոնց վեր կենա ասող դեռ չի եղել, չի էլ լինելու: Մտածել էր, շատ ցուցադրական սկեսրանց հագցրած շապիկը լվացել, չորացրել ու թիթեղագործքով սնդուկի խորքերում տեղավորել… Այնպիսի շարժումներով էր տեղավորել, որ սկեսուրը ծպտուն հանելու համարձակություն անգամ չունենա: Սկեսուրը երեկոյան, երբ ամուսնու հետ գլուխը մի բարձի էր դրել, համարյա շշնջալով ասել էր. «Սրանց ինչքան շուտ առանձնացնենք, էնքան երկար կապրենք. մի բան պիտի մտածենք. սոված-ծարավ մնալով էլ է, մի տուն պիտի սարքենք, տանք իրենց»: Ամուսինը լռել էր: Ասելու բան չէր ունեցել. խոսք ուզելու գնացած օրն էր հասկացել, որ կաշվից դուրս գալով էլ է տնանման մի բան պիտի սարքեն, առանձնացնեն… Եվ հնարավորինս շուտ, որ ամեն ինչի համը դուրս չգա ու գյուղով մեկ դառնա: Հասկացել էր ու լռել: Լռել էր, քանի որ տղան առաջնեկն էր ու մինչև ականջները սիրահարված էր:
Տուն էլ էին սարքել, առանձնացրել էլ էին, ու այդ ամենը մնացել էր անցյալում: Հերիքը տղաներ, աղջիկներ էլ ուներ, թոռներ էլ ու գյուղի ամենակռվար կինն էր. ասում են մորն էր քաշել. մայրն էլ իրենց գյուղի կռվարարն էր եղել: Անգամ մինչ այդ գյուղում կռվարարի անուն հանած Վարդուշը չէր կարողանում Հերիքի հախից գալ: Ավելին, որպեսզի Վարդուշից հետ չմնար, Հերիքն էլ էր սկսել երեք լեզվով կռվել՝ թուրքերենով անիծում էր, ռուսերենով սպառնում, մնացածը հայերեն ճղճղոցով ասում: Մեկ-մեկ էլ իր իմացած թուրքերենով էր կռվում, որ ջրի եկած թորքերը խոսքը յէրի շենը տանեն, իրենց թայ-թուշին հասցնեն. նրանք էլ չափները ճանաչեն, աչքները վախեցած ապրեն ու աղբյուրի մոտ իրենց ազատ չզգան:
Հերիքի անեծքներից մեկը տարօրինակ էր հնչում, շատ ջղայնանալիս ասում էր՝ Այուփին օրն ինգնիս:
Պապը էս ամբողջ նախապատմությունը ներկայացրել էր, որ Հերիքի անեծքի հետ կապված պատմությունը պատմեր:
Քանի որ մինչև անցյալի ջարդերը հայերը յերի շենում էին ապրում, դեպի աղբյուր իջնող ճանապարհի աջ բլրատակին մի փոքրիկ մատուռ էին կառուցել: Հավատով էին կառուցել, հավատով էլ ապավինում էին նրա զորությանը: Մատուռի ճակատագրի մասին տարբեր պատմություններ կային: Ըստ մի պատմության՝ գյուղը գրաված թորքերի առաջին գործը մատուռը քանդելն է եղել: Խաչքարերը թողել էին: Ասում են, դրանց ծերերից մեկին երազում զգուշացրել էին, որ ջարդողները կպատժվեն…
Ըստ պապի պատմածի՝ թորքերը երկար ժամանակ չէին համարձակվել մատուռին մոտենալ: Մի օր իրար գլխի հավաքված մի քանի երիտասարդներ սկսել էին ծաղրել հայերի հավատն ու հայհոյել: Դրանցից մեկը հայտարարել էր, որ ինքը ոչ միայն կքանդի իրենց ճամփին ցցված մատուռը, այլև ի տես բոլորի՝ կապականի: Գրազ էին եկել: Գյուղի ծերերից մեկը փորձել էր խելքի բերել ջահելներին: Անօգուտ էր եղել: —
Գրազի հաջորդ օրը երեք ընկերներով լինգ ու քլունգներով քանդել-ավերել էին մատուռը: Այուփը իր խոստումը կատարելիս կաթվածահար էր եղել: Ամբողջ կյանքն ապրել էր այլանդակված ու խեղված՝ մի մե՜ծ փայտի օգնությամմբ փողոցներն ընկած, հայերից հաց մուրալով: Մյուս երկուսն էլ մի քանի ամսվա ընթացքում էին աշխարհից հեռացել: Չեք հավատա՝ ինչպես: Մեկը ոչխարի հետևից հանդ գնալիս քարընկեց էր եղել, մյուսի վրա մատուռի թիկունքի բլրի վրայից ահռելի ժայռաքար էր ընկել:
Մատուռի քարերն էլ կան, որոնց կողքին հավատավորները մոմ են վառում, մատաղ անում, մե՜ծ, ահռելի ժայռաբեկորն էլ կա, ասես պահպանում է մատուռից մնացած քարերը:
Զուխրա Երվանդյան
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ