ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
Պատմվածք
Ընտանիքն աչքի առաջ դանդաղ ու հիմնավորապես ծվեն-ծվեն է լինում: Մայրը որերորդ անգամ դա մտածեց ու որերորդ անգամ աշխատեց դիմախաղով կամ ավելորդ խոսքով ներսի տագնապները չմատնել:
Դեբորայի ուսանող դառնալուց հետո քույր ու եղբայր տարբեր ժամերի են տանից դուրս գալիս, բնականաբար, ընտանիքում 19 տարի գոյատևած սովորությունները ենթարկվում են նրանց օրակարգին: Ամուսինն ավելի վաղ է աշխատանքի գնում, ամենաուշը վերադառնում, այդ պատճառով ընտանիքի հետ լինելու ժամանակ գրեթե չի ունենում: Տիկին Մերիին դա շատ է անհանգստացնում, բայց հայերի ընտանեսիրության մասին իմացածը բավարարում է, որ հոր պարտականություններն էլ սիրով իր ուսերին տանի:
Զավակների հարաբերությունների օրեցօր վատթարացումն է, որ նրան մշտական
ապրումների մեջ է պահում: Այդ օրն էլ դստրիկը ճաշասենյակ իջավ, որպեսզի շտապով նախաճաշի ու եղբորը հանդիպելու առիթ չունենա: Դա հասկանալու համար պետք չէր, որ տիկին Մերին հատուկ դասընթացներ անցած լիներ, մայր էր, դա ամեն ինչ ասում էր:
Դուստրը տարված էր երազային մտքերով, չէր նկատում, թե շուրջը կենսադաշտն ինչպես է շիկացել: Վերջապես տիկին Մերին խիզախեց: Ու քանի որ սկսել էր՝ ասելիքը մեկ շնչով շարադրեց:
– Դեբորա, քո և Դևիդի հարաբերություններն ինձ սկսել են անհանգստացնել: Կարծես թե քույր ու եղբայր չլինեք: Հասկացանք, որ տարբեր քոլեջներում եք սովորում ու հակառակ հետաքրքրություններ ունեք, բայց դա չի նշանակում, թե պետք է իրարից խորթանաք: Երեկ էլ նկատեցի, որ նա քո բերած ամսագրերին ձեռք չտվեց, նույնիսկ դրանց կողմը չնայեց, թեև ինքն էր խնդրել, որ բերես: Դա ոչ թե անուշադրություն էր, այլ ուրիշ մի բան: Չգիտեմ՝ ինչ անուն տամ: Կպատմե՞ս, թե ինչ է պատահել, որտեղի՞ց եկավ այդ սառնությունն ու բույն դրեց ձեր հարաբերություններում:
Աղջիկը թեյի գավաթն ափերի մեջ շուռումուռ էր տալիս, երբեմն տաք ըմպելիքից կում անում, բայց ընդհանուր առմամբ ուշադիր լսում էր մայրիկի հանդիմանությունը:
– Կարծում եմ,– ասելիքը ձգեց նա,– Դևիդի վրա սարսափելի ազդել է թենիսի չեմպիոնությունից զրկվելը: Մեկուկես տարի տիտղոսն իր ձեռքին էր, ոչ մեկին չէր զիջում, բայց հանկարծ տեսավ, որ իրենից լավ մարզիկ կա: Դրանից է ընկճվել, ուրիշ բան չկա, սիրելիդ իմ մայրիկ:
– Ոչ թե ընկճվել է, այլ գազազել:
– Համաձայն եմ՝ հաջողությամբ մեղվի մի ամբողջ փեթակի կարող է փոխարինել:
– Միգուցե չես սխալվում՝ մարզական անհաջողությունն է նրան զայրացրել, բայց դու թենիսի հետ ի՞նչ առնչություն ունես, ուշքդ ու միտքդ նանոտեխնոլոգիաներն են:
– Ես առնչություն չունեմ՝ Արին ունի:
– Ո՞վ է նա, աղջի՞կ է, թե տղա: Ես նրան ճանաչո՞ւմ եմ:
– Տղա է, ընդ որում՝ իսկական տղամարդ, Եգիպտոսից եկած հայ է: Դու նրան չես ճանաչում, որովհետև Դևիդը կգերադասի իր բոլոր հավաքածուներից ու մրցանակներից հրաժարվել, քան նրան մեր տուն հրավիրել:
Տիկին Մերին հարց տալու հնարավորություն չունեցավ՝ որդին շտապ ներս եկավ, «բարի լույս» փնթփնթալով սեղանի մոտ նստեց ու լուռ սպասեց նախաճաշին: Նա ի տարբերություն քույրիկի՝ ոչ թե չինական, այլ հնդկական թեյն է գերադասում, բայց վերջերս նույնիսկ թեյախմության սիրելի արարողությունն է նրան հունից հանում: Տիկին Մերին էլ ամեն ինչ անում է, որպեսզի զավակների միջև լարվածությունը նվազագույնի հասցնի:
Տեսնելով, թե մայրն ինչ փութկոտությամբ է եղբոր շուրջը պտույտ գալիս՝ Դեբորան ծիծաղեց.
– Մայրիկ, սիրելի, ի՞նչ ես ոտուձեռ ընկել, հիմա մենք ոչ մի տեղ չենք շտապում, համալսարանում այսօր դասեր չկան:
– Բայց մրցումներ կան,– զայրացած մռլտաց Դևիդը,– ես դրա փետուրները քամուն եմ տալու: Արդեն ձեռքիցս չի պրծնելու: Այդ մեծամոլն իրեն Գեյթս է երևակայում: Չէ, ի՞նչ Գեյթս, հայտարարել է, որ պիտի դառնա Քեմբրիջն ավարտած 23-րդ վարչապետը: Երեկ գիտե՞ս ինչ էր հոխորտում, ասում էր՝ ձեր Ալբիոնն ինչ-որ շատ մշուշոտ չէ՞:
– Արի՞ն,– անմեղորեն հարցրեց տիկին Մերին:
Տղան զարմանքից ծառս եղավ.
– Դու նրա մասին որտեղի՞ց գիտես, Բիբիսիի հաղորդագրությունների՞ց, խորհրդարանի հայտարարությունների՞ց:
Տիկին Մերին զգաց մոտալուտ փոթորկի շունչն ու աղջկան խորամանկ ժպիտ նվիրելով՝ վեհապանծ կեցվածքով արձագանքեց տղայի նետած մարտահրավերին.
– Այո, երկրորդ ալիքով նրա հետ հարցազրույց էին ցուցադրում: Խելացի երիտասարդ էր երևում, անմիջապես զգացվում էր, որ իր երկրի պատմությունն ու մշակույթը հիանալի գիտի: Դրանք ինձ էլ շատ հետաքրքրեցին, մանավանդ Էհնաթոնի գործունեությունը: Փաստորեն նա է Եգիպտոսում միաստվածություն մտցրել:
Դա էլ բավական էր, որ գարշելի Արին թենիսից չի խոսել, և Դևիդը հանկարծակի խաղաղվեց: Նույնիսկ քույրիկին մի բարեհաճ հայացք պարգևեց: Դեբորան դրանից ոգևորվեց.
– Այսօր Ալբիոնի մշուշից ոչինչ չի մնացել, նայեք՝ դրսում ինչ արևոտ լուսաբաց է: Այդ առիթով ուզում եմ քեզ մի ավետիս հայտնել, եղբայրս:
– Ասա, խոնարհաբար լսում եմ: Բայց իմացիր՝ միայն հանուն արևոտ լուսաբացի:
– Այսպես՝ Արին, ում դու ատելով ատում և ումից պարտվելով պարտվում ես…
Դևիդը ջղայնացած նետվեց քրոջ կողմն ու այն է՝ երկար վարսերը քաշելու էր՝ նա ճարպկորեն թաքնվեց մոր թիկունքում, նրան վահան դարձրած ճչաց.
– Քեմբրիջից հեռանում է… Գնում է, հետ է գնում Հարավ:
Եղբայրն սկզբում ասածին չհավատաց, բայց քրոջ դեմքին հայտնված լրջությունը նրան ստիպեց ընկրկել: Նստեց բազմոցին, ձեռքերը կրծքին դարսեց ու զմայլանքով սպասեց անակնկալի շարունակությանը: Աշխարհի ամենաերջանիկ երիտասարդը կլինի, եթե Արի կոչվածն ասպարեզից անհետանա, չքվի, թեկուզ գրողի ծոցը գնա:
– Ինչո՞ւ է գնում,– իր դերասանական խաղից գոհ՝ հարցրեց տիկին Մերին:
– Մշուշի պատճառով,– երգաձայն բացատրեց Դեբորան,– տղան հիվանդացել է, թոքերը լավ չեն: Հենց քեզ հաղթելու օրը մշուշի մեջ քրտնած զբոսնել է ու հիվանդացել: Բժիշկներն էլ խորհուրդ են տվել վերադառնալ Արևելք, դա էլ քիչ է՝ ինչքան կարող է՝ պետք է արև շնչի:
Դևիդն անսպասելիորեն զվարթացավ: Ինչպես պատերազմից վերադարձած լեգեոներականն է զրահը վայր դնելով վայելում ազատության բերկրանքը՝ նա էլ մարմինը ձգեց, խոր շնչեց ու գոչեց.
– Այդ ասիացին լավ պրծավ, որոշել էի այսօր նրա հետ ուրիշ լեզվով խոսել:
– Թենիսի կորտում միակ լեզուն թենիսերենը չէ՞,– ծաղրեց Դեբորան:
– Կորտից բացի ուրիշ վայրեր էլ կան, քույրիկս,– հեգնանքով բացատրեց Դևիդը,– որոնց մասին դու ոչ մի տեղեկություն չունես: Նա էլ չէր իմանալու, եթե բրոնխիտը չփրկեր:
Քրոջ դեմքը տհաճությունից աղավաղվեց. եղբորը չափից դուրս շատ էր սիրում, որպեսզի նրան պատկերացներ խուլիգանի կամ հանցագործի դերում:
Տիկին Մերին սովորություն էր դարձրել զավակների խոսակցություններին չխառնվել, միշտ ուշադիր լսում էր, ամուսնու հետ դրանք մանրամասնորեն քննարկում, ապա որոշում, թե ում հետ ինչպես վարվի, ինչ խորհուրդ տա: Այդ առավոտ համբերելու ուժ չունեցավ, քանզի սիրտը շշնջաց, որ դուստրը Արի անունը տալիս է առանձնահատուկ ներշնչանքով, այնպիսի քնքշանքով, թվում է՝ հիմա թևեր կառնի ու հենց հյուրասենյակի առաստաղի տակ կճախրի: Մայրն ավելին հասկացավ՝ եղբայրն էլ է դա զգում, ինչից անգիտակցաբար կատաղությամբ է լցվում:
– Քանի որ ամեն ինչ բարի ավարտ ունեցավ՝ խնդրում եմ այդ տղայի մասին մի քիչ մանրամասնորեն պատմեք. ինչո՞ւ է նրա անձը երկուսիդ էլ այդքան հետաքրքրում:
Դևիդը ցուցադրաբար ներողություն խնդրեց, որ ժամանակն ավելի խելացի օգտագործելու բազում միջոցներ գիտի ու գնաց: Մայրը չվիրավորվեց, թերևս մի քիչ էլ ուրախացավ, որ դստեր հետ շփվելու լրացուցիչ հնարավորություն ստեղծվեց:
– Կուզենայի նրա հետ ծանոթանալ,– ասաց՝ շիփշիտակ նայելով դստեր հուզախռով դեմքին: Դեբորան միշտ է այդպիսին եղել, հենց որ զգացմունքները հորդում են, ու ինքն էլ փորձում է դրանք սանձել՝ կակաչի նման կարմրում է: Կարմրությունը պուտ- պուտ տարածվում է հատկապես ճակատին ու դնչին, իսկ աչքերում դառնում է մարմանդ ցոլք:
Մայրն այլևս չէր կասկածում, որ նա սիրահարվել է: Այն էլ ո՜ւմ՝ Եգիպտոսից Լոնդոն եկած հայ երիտասարդի: Արթինն էլ էր հոր հետ Հարավից եկել, բայց այդ Հարավը Հունաստանն էր ու նա իր հնգամյա կյանքից ոչինչ հետը չէր բերել: Մեծացել, կրթվել, բիզնեսն առաջ է տարել աշխարհիս հզորագույն երկրում, իր՝ Մերի Սմիթի հայրենիք Անգլիայում: Կուզենար, որ ամուսինն ու որդին իրենց արմատներին ավելի ջերմորեն կապված լինեին, բայց կարող է երդվել՝ ներկա սառնության պատճառն ինքը չէ: Արթինին կյանքն է պարտադրել այդպիսին դառնալ, ավելի ստույգ՝ իր գործարար համբավը: Նա այլևս չի կարող այդ համբավն ինչ-որ արժեքի հետ նույն կշեռքին դնել: Եթե կամենա՛ էլ՝ չի կարող, կաշկանդված է պետական ու միջազգային բազմաթիվ կապանքներով:
– Լսեցի՞ր, Դեբորա, ինձ այդ երիտասարդի հետ ծանոթացրու,– խնդրեց տիկին Մերին, գրեթե աղերսեց:
– Լավ, մայրիկ,– հնազանդություն ձևացավ Դեբորան:– Նա մի մեծ գործ է ձեռնարկել, ես նրան օգնում եմ, եթե ուզում ես… Բայց սպասիր, վաղը Հայաստանի Հանրապետության դեսպանատան առջև բողոքի մեծ ցույց է լինելու, ես ու Արին մասնակցելու ենք, կարող ես ինքդ էլ գալ: Նա դեմ չի լինի, ցույցին շատ անգլիացիներ են գալու:
– Ցո՞ւյց,– աստիճաններից լսվեց պարոն Արթինի ձայնը:
Նա որոշել էր այդ օրը հանգստանալ, բայց կնոջ ու զավակների ձայներից արթնացել էր ու հյուրասենյակ իջել: Մտքին դրել էր գոնե մեկ անգամ ուշադիր հոր դերը վարպետորեն կատարել: Ու ինչի՞ է ականատես լինում՝ որդին ընտանիքից փախչում է, դուստրն էլ հարազատ մորն ինչ-որ խառնաժողովի է հրավիրում:
– Դա խառնաժողով չէ,– հոգու ամբողջ ավյունով հորը հակադարձեց Դեբորան:– Վերաբերում է մեր ազգին, որին ի դեպ դու, սիրելիդ իմ հայրիկ, դավաճանել ես:
– Ինչո՞վ եմ դավաճանել,– իր համար ամենատհաճ թեմայից պարոն Արթինի հոնքերն իրար եկան:– Քեզ բազում անգամներ ասել եմ, որ ես քաղաքական գործիչ չեմ, գործարար եմ, երբ ինձ տեղեկացնում են, որ համազգային հանգանակություն են անում, ես բարեհաճորեն մասնակցում եմ: Ազգային մնացած հարցերով իրենք են զբաղվում: Եթե ես քաղաքական հարցերով զբաղվեմ՝ գործին վնաս կտամ, ուրեմն թող հմուտներն ու գիտակները դա անեն:
– Այդ ի՞նչ գործ է, գոնե անունը գիտե՞ս:
Հայրը հարկ չհամարեց պատասխանել, կնոջը հայացքով ակնարկեց, որ իրենց դստրիկը ոչ մեծանում է, ոչ ավելի բարեկիրթ դառնում, ուղղակի անտանելի է: Տիկին Մերին տեղնուտեղը հիշեց ընտանեկան շրջանակին վերաբերող նորություններն ու սկսեց դրանք որպես հաշտության քաղցրավենիք շուրջբոլորը շաղ տալ:
– Աշխարհիկ խոսակցություններն ինձ չեն հետաքրքրում, մամա, ավելի լավ է որոշես՝ հետս գալո՞ւ ես, թե ոչ:
Դեբորան հարցը տալիս ոչ թե մորն էր նայում, այլ հորը և դա անում էր բացահայտ մարտահրավերի շեշտով: Կարելի էր կարծել, թե հենց նրան է ցույցի հրավիրում:
Պարոն Արթինին դա արդեն անկրթություն թվաց:
– Եթե չեմ սխալվում,– պաղ ձայնով ասաց նա,– երեք շաբաթ առաջ եմ ձեզ տեղեկացրել, որ հայրիկին ծերանոցից հյուր եմ բերելու, բոլորս պարտավոր ենք տանը լինել: Նա շատ հազվադեպ է նման զիջումներ անում, վաղը հենց այդ օրն է:
– Վաղը… ո՞ր ժամին,– հուզվեց տիկին Մերին, բայց ամուսնուն նայելու փոխարեն սպասեց դստեր բացատրությանը:
– Մենք ժամը 3-ին տանը կլինենք, հարմա՞ր է,– հարցրեց Դեբորան: Նրա հոգում մեծ ճակատամարտ էր սկսվել՝ պապիկին պաշտում է, նույն ժամանակ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հեռանկարը հունից հանում է, մանավանդ որ Արին է ցույցի գլխավոր կազմակերպիչներից մեկը:
Պարոն Արթինն անելիքն ավարտած համարելով բարձրացավ երկրորդ հարկ, որն ամբողջությամբ տրամադրված էր նրա աշխատասենյակին, ննջարանին, գրադարանին ու պատկերասրահին:
– Ես չեմ գա, աղջիկս, անհարմար է, հայրդ կվիրավորվի,– տխուր-տխուր արդարացավ տիկին Մերին:
– Իսկ մենք պապիկին կպատմենք, որ գնացել էինք նրա ազգի արդար իրավունքները պաշտպանելու: Նա անպայման մեզ կդրվատի: Մոռացե՞լ ես՝ նա վերապրածների զավակների հետ շարունակում է կապեր պահպանել ու չնայած պատկառելի տարիքին՝ ազգային բոլոր հարցերով հետաքրքրվում է:
– Իրավացի ես, բայց… Աղջիկս, այդ երիտասարդի հետ հետո կծանոթանամ, անպայման մի առիթ կլինի:
– Գուցե, բայց արդեն՝ Եգիպտոսում կամ Երևանում,– ուսերը թոթվեց Դեբորան,– չէ՞ որ նա լքում է մեր մշուշները:
Ու մորը սենյակում մենակ թողեց:
– Մերի,– վերևից կանչեց պարոն Արթինը,– հայրիկը համաձայնեց, մյուս օրն է գալու:
– Իսկապե՜ս,– երեխայի նման հրճվեց տիկին Մերին: Դա չէր սազում հպարտ անգլուհու նրա կեցվածքին, բայց այդ պահին այլ բան էր մտածում՝ ինչպես անի, որ աղջկա փեսացուն ու որդին ընկերանան:
Հաջորդ օրը վաղ առավոտյան Դեբորան հետաքրքրասեր մայրիկին մանրամասնորեն պատմեց, թե ինչ նպատակով են Հայաստանի դեսպանատան առջև հավաքվելու.
– Արիի կարծիքով Հայաստանը չպետք է վավերացնի Թուրքիայի հետ ստորագրած արձանագրությունները, որովհետև Թուրքիան ուրանում է Հայոց ցեղասպանությունը, շրջափակել է Հայաստանը և Արցախի դեմ պատերազմում պաշտպանում է Ադրբեջանին: Այդ երկիրը պետք է ընդունի իր ոճիրը և հայությանը հատուցի, ըստ որում ոչ միայն հսկայական գումարներով, այլև մեր պատմական տարածքները վերադարձնելով: Մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանի կառավարությունն ընկճվի և ամոթալի փաստաթուղթ ստորագրի: Հայրենիքում պետք է հասկանան, որ աշխարհի բոլոր հայերն իրենց հետ են, միակամ են և անդրդվելի: Ի դեպ աշխարհի 21, թե 22 երկիր արդեն ընդունել է հայերի ցեղասպանությունը, դատապարտել Թուրքիային, և այդ ցանկում Մեծ Բրիտանիան չկա, սիրելիդ իմ մայր: Բայց հոգ չէ, հիմա ավելի կարևոր արժեք չկա, քան բնիկ ժողովուրդների իրավունքը: Իսկ մենք ո՞վ ենք՝ Հայկական լեռնաշխարհի բնիկները և մարդկության մայրը: Թերահավատությունդ փարատելու համար խորհուրդ եմ տալիս բացել 1634 թվականին Լոնդոնում տպագրված անգլերեն Աստվածաշունչը և ուշադիր նայել՝ կազմին մոլորակի ազգերի տոհմածառն է՝ «Արմենիա» արմատով:
Դստեր ոգեշունչ ճառը մայրը լսում էր խորացող զարմանքով՝ այդքանը ե՜րբ է յուրացրել, ե՜րբ է իր կյանքի իմաստը դարձրել: Դա քիչ է՝ ապրում է այդ ամենով: Այդ տղա՜ն է, Արին, նա է անտարբեր լոնդոնցուն կրակի կտոր հայուհի դարձրել:
Մայր ու աղջիկ զրուցելով էլ միացան ցուցարարներին: Տիկին Մերին զարմանքով շուրջն էր նայում՝ այդքան շատ հայկական դեմքեր երբեք չէր տեսել, երբեք չէր նկատել, որ նրանք արտաքինով ոչ այնքան արևելցի են, որքան եվրոպացի, շատերն անգամ բաց մազեր ու մաշկ, կապույտ աչքեր ունեն: Սպասիր, Դեբորան մի օր ի՞նչ էր ասում՝ իբր առաջին բրիտանացիները՝ բրետոնները, հենց Հայաստանից են եկել, մեր երակներում հոսող արյան 80 տոկոսը հայկական է: Ասում էր՝ Սթոունհենջը նրանք են կառուցել, ամբողջ աշխարհում քաղաքակրթություն ու արիական բարքեր տարածել: Իր դստրիկի հավաքած նյութերի համաձան ամբողջ Եվրոպան հայկական ծագում ունի՝ բավարացիները, բասկերը, էտրուսկները, բոհեմները, գալլերը… Բայց դա ի՞նչ նշանակություն ունի, թող որ ազգային պոռոտախոսություն համարվի, իրականությունն այն է, որ այս ժողովուրդը դարասկզբին բախվելէ պատմական անարդարությանը և հիմա հատուցում է պահանջում: Ոչ ոք, մանավանդ ցեղասպան Թուրքիան չի կարող նրան վերստին խաբել ու նվաստացնել:
Տիկին Մերիի մտածումներն ու ապրումներն այնքան բուռն էին՝ մոռացել էր, որ եկել է դստեր փեսացուի, միևնույն ժամանակ՝ որդու հակառակորդի հետ ծանոթանալու միակ նպատակով: Համլետ և Լարետ, հավերժական հակամարտություն… Ինչպե՞ս կծանոթանան, ի՞նչ բառերով է պետք նրա հետ շփվել: Անհամբեր էր, բայցև հույզերի առատությունից տագնապահար:
– Դեբորա,– խնդրեց աջուձախ վազվզող ու այդ պահին իր կողքին պատահականորեն խարիսխ նետած աղջկան,– այդ երիտասարդին ե՞րբ կտեսնեմ:
– Վախենամ, թե այսօր դա չհաջողվի, մայրիկ,– կցկտուր բացատրեց Դեբորան ու շտապեց դեպի ցուցարարների նոր խումբը: Մորը պատվիրել էր չհեռանալ «Թուրքիան ուրանալով հայերի ցեղասպանությունը՝ բացառում է մարդկության հետ իր համակեցությունը» պաստառը կրողների խմբից: Նա էլ ճշտորեն կատարում էր դստեր հանձնարարությունը, որովհետև ամբողջ Լոնդոնը թնդացրած այդ գործողությունն այնքան մարդաշատ ու արագընթաց էր՝ ինքը կարող էր մոլորվել ու երկար ժամանակ տուն չհասնել:
– Տես, մայրիկ,– վերստին մոր մոտ հայտնվելով՝ ոգևորված ասաց Դեբորան,– այն բարձրահասակ շիկահերը, որ պարզել է «Ամոթ մանկասպան Թուրքիային» պաստառը, Արին է:
Տիկին Մերին այդ երիտասարդին շուտ էր նկատել, չնկատել չէր կարող, քանի որ ըստ երևույթին ցույցի կազմակերպիչներից էր ու անդադար գործողությունների կենտրոնում էր հայտնվում: Արևելցի… Ավելի շատ լորդ Բայրոնին է նման, եթե իհարկե… Ոչ, ավելի լավ է՝ այդ տղան ոչ կաղ լինի, ոչ էլ ազատագրական պատերազմների մասնակցի: Տիկին Մերին տեսավ, թե Արին ինչպես իր նման գեղեցիկ ու կրակոտ երիտասարդների մի խմբի հետ ցուցարարների շարքերից պոկվեց ու մոտեցավ Հայաստանի դեսպանատան շենքին: Իրենց պատրաստած փաստաթութղթը դեսպանին հանձնելուց և բանակցություններ վարելուց հետո ևս անհնար եղավ նրան գտնել. անվերջ վազվզում էր, հրահանգներ տալիս, նորանոր խմբերի ուղղորդում:
Բողոքի գործողությունից հետո երթ սկսվեց, ու արդեն ոչ մի հույս չկար, թե տիկին Մերիին կհաջողվի ապագա զոքանչի իր առաքելությունը կատարել: Փոխարենը հիանում էր շուրջը կատարվող իրադարձություններով, որոնք նրան հեքիաթ էին հիշեցնում: Կուզենար, որ ամուսինն ու որդին էլ հայերի այս կուռ շարքերում լինեին, միանային նրանց արդար պայքարի կոչերին: Չէ՞ որ այս մարդիկ մի հինավուրց ազգի թանկ նշխարներն են, եթե կորչեն՝ մոլորակից մի շատ կարևոր բան կպակասի:
– Մայրիկ,– հանկարծ լսեց դստեր հուզված շշնջոցը,– հապա հետ նայիր:
Տիկնոջը մի պահ թվաց, թե կշրջվի ու կտեսնի ամուսնուն: Ճիշտ էլ կանի, եթե գա, այստեղ հավաքվել են նրա ազգակիցները, ինքն էլ պետք է նրանց հետ լինի: Գումար հատկացնելը մի պարտականություն է, սրտակցելը՝ միանգամայն այլ: Ճիշտ է՝ դա Դեբորայի մտքերից մեկն է, սակայն իսկը տեղին է: Փութով շրջվեց, բայց տեսավ ոչ թե ամուսնուն, այլ ուրիշ մարդկանց: Սայլակին նստած էր իր սկեսրայրը՝ պարոն Արթին ավագը, իսկ սայլակի երկու կողմերում կանգնած էին Արին ու իր որդի Դևիդը: Պարոն Արթինը երկու ձեռքերով ամուր բռնել էր մի հնատիպ լուսանկար, որը ժամանակակից միջոցներով խնամքով արտատպված ու խոշորացված էր:
Դեբորան բռնեց մոր ընդարմացած ձեռքն ու հետևից քարշ տալով վազեց դեպի արտառոց խումբը: Տիկին Մերիի համար շուրջը հնչող աղաղակները, բացականչությունները, հանգերգող կարգախոսները ասես մեկեն լռեցին, ասես ամբողջ աշխարհը դարձավ տրոփուն սպասում:
Խումբը նրանց արդեն նկատել էր: Տղաները պապիկի սայլակը ցուցարարների շարքերից հեռացրին, մոտեցրին մոտակա տաղավարին: Եկողներին նայում էին թաքնաժպիտ աչքերով՝ սպասելով ավելի մեծ պայթյունի, քան հայկական ցույցն էր թագավորության մայրաքաղաքում:
– Պապիկ,– շնչասպառ դիտողություն արեց Դեբորան,– բժիշկները քեզ արգելել են հուզվել, ինչո՞ւ ես այստեղ, ընդհանրապես… այս ի՞նչ եռյակ է:
– Հետո կպատմենք,– քրոջը հանգստացրեց Դևիդը,– հիմա դուք տուն գնացեք, ես ու Արին շատ գործեր ունենք, կավարտենք՝ կգանք:
– Իսկ պարոն Արթի՞նը,– տարակուսեց տիկին Մերին ու ակնդետ նայեց Արիի աչքերին:
Հարցի պատասխանին չէր սպասում, գիտեր, որ ցույցի կիզակետ հասած սկեսրայրին տղաներն այդտեղ չեն թողնի, այլ սպասում էր, թե իրեն ո՞վ կծանոթացնի ապագա փեսայի հետ: Ոչ մեկի մտքով կարծես թե նման բան չանցավ, քանզի երկու վայրկյան անց արդեն Դեբորայի հետ տաքսու մեջ էր՝ գլխի էլ չընկնելով, թե դա ինչպես պատահեց:
Ամեն ինչ պարզ դարձավ հաջորդ օրն առավոտյան, երբ Դևիդն ու Արին ուժասպառ, բայց շատ բարձր տրամադրությամբ Արթինների առանձնատուն եկան:
– Պատկերացնո՞ւմ ես, Դեբորա,– ծիծաղելով պատմեց Դևիդը:– Սույն չեմպիոնը մեր պապիկի վաղեմի ընկերն է, նրանք շատ վաղուց են իրար հետ կապ պահպանում: Դո՛ւ պատմիր, Արի, ինձ հաստատ չեն հավատա, կկարծեն՝ դեռ քո ախոյանն եմ:
– Ուրեմն… դուք արդեն ընկերնե՞ր եք,– անակնկալից տիկին Մերին լացակումեց,– և ոչ թե Համլետ ու Լաե՞րտ:
Երիտասարդների հոմերական քրքիջը տիկնոջն արդեն ոչ թե արցունքներ, այլ հրճվանք պատճառեց: Նա զգաց մի բան, որը մշտապես խլրտում է մայր կոչվող արարծների սրտի խորշերում ու արևերես դուրս չի գալիս միայն մի պատճառով՝ որ հանկարծ չցնդի: Լավատեսության այն պայծառ ցոլքը, որ մայրերին ստիպում է ապրել ու իրենց զավակների համար լավագույն ապագա սպասել: Հիմա արդեն՝ երեք զավակների համար:
– Ախր չեք հարցնում, թե երեկ թենիսի չեմպիոնատն ինչ ավարտ ունեցավ,– լրջացավ Դևիդը:– Ուրեմն գնում եմ մրցասրահ ու ի՞նչ իմանում՝ Արի Փարյանը հրաժարվում է խաղից և իր տիտղոսը զիջում է ո՞ւմ՝ նվաստիս:
– Ես քո անունը չեմ տվել,– առարկեց շփոթված Արին,– միայն ասացի, որ վերադառնում եմ տուն, ուրիշ գործերով եմ զբաղվելու:
Դևիդը խոսքը փոխեց.
– Հիմա՝ ուրիշ գործերի մասին: Արիի հոր պապը՝ Միսաք Փարյանը և մեր Արթին պապի հայրը դարասկզբին կռվել են զորավար Անդրանկի զորքում: Ձեր տեսած լուսանկարում նրանք կանգնած էին Զորավարի աջ ու ձախ կողմերում: Միմյանց այդ նկարի շնորհիվ են գտել ու կապը վերականգնել: Այո, մայրիկ, սա հայկական սովորական պատմություն է: Եվ ընդհանրապես՝ հերիք է զարմանաս:
– Օրն է շատ զարմանալի,– արդարացավ տիկին Մերին,– թվում է՝ նոր եմ աշխարհ եկել: Շուրջս ամեն ինչ նոր է, արտասովոր:
– Կանցնի,– սփոփեց որդին:– Ինչևէ. ես ջղայնացած գնացի նրան փտրելու, որպեսզի համոզեմ եզրափակիչում ինձ հետ խաղալ, բայց գտա համակարգչի առաջ՝ պապի ձայնագրությունը թվայնացնելիս: Եվ դու դա գիտեիր, չէ՞, Դեբորա: Դուք միասին եք վերապրածների խոսքերը թվայնացնում ու համացանցում տեղադրում: Հայրենասիրական գործ էիք անում, խոսք չունեմ, բայց ինչո՞ւ մենակ: Դուք հայ եք, իսկ Արթիններս՝ ո՞չ: Բացատրիր, Արի:
Երիտասարդը տան շքեղությունից ու տանտերերի անբռնազբոս պահվածքից մի քիչ շփոթահար էր, այդուհանդերձ ասաց.
– Դեբորան ասել էր, որ դու այլ կարգի մարդ ես, քաղաքականությունից հեռու ես:
– Սա քաղաքականություն չէ,– բորբոքվեց Դևիդը,– Հայկական հարցը քաղաքականություն չէ, սա ապրելու իրավունքի պաշտպանություն է, անկախ նրանից, թե որ հայն ինչ հետաքրքրություն ու ապրելակերպ ունի՝ այս հարցում նա պետք է միասնական լինի: Ցանկացած հայ պետք է իր ավանդն ունենա այն սրբազան պայքարում, որը կոչվում է Հայ դատ: Ամոթ է, որ սա ես եմ ասում, ոչ թե դուք, որ զինվորագրվել եք այդ պայքարին ու դա… կներեք՝ պետք է ասեմ. զինվորագրվել եք ու սեփականաշնորհել: Լավ, մի հուզվեք, ծափեր պետք չեն, սա կյանքիս առաջին ճառն էր ու այնքան էլ հաջող չէր: Միայն ուզում եմ ասել՝ սիրելի Դեբորա, քույրիկ ջա՜ն, աննման ընկեր Արի՜, ինձ էլ ձեր խմբում ներգրավեք, ես էլ եմ ուզում ցեղասպանությունից փրկվածների վկայությունները թվայնացնել: Դա մեր միակ զենքն է՝ հայրենիք վերադառնալու և հայ արմատը թարմ ուժերով սնելու գործում:
Դեբորան եղբոր խոսքերը լսում էր աննկարագրելի հրճվանքով, արդեն հավատում էր, որ իր ու Արիի նախաձեռնած դժվարագույն առաքելությունը շատ կարճ ժամանակում կիրագործվի: Ցուցարար տղաներից ու աղջիկներից մի քանիսն էլ են պատրաստակամ, այնպես որ գործն առաջ կգնա: Արին, պարզ է, դեռ կմնա Քեմբրիջի համալսարանում, նրա համար իրենք լավագուն բժիշկների հետ կխորհրդակցեն: Որ նյութական աջակցությունն էլ հորից կստանա՝ աղջիկը չէր կասկածում: Միայն թե այդ հանդիսավոր պահին նրա մտքում մի շատ անսպասելի խնդիր էր տարուբերվում՝ ինչպես ավելի քիչ ջանքեր ու ժամանակ վատնելով՝ հայրական Արթին ազգանունը կրկին տոհմական Հարությունյան դարձնի: Պապիկը շատ կուրախանա, միգուցե հայրն էլ շատ չառարկի… Հապա եղբոր անունը՝ Դավի՜թ Հարությունյան:
ՀԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ
2013թ.