ԶԻՆՎՈՐԻ նոթատետրից…
«Երրորդ օրն էր, արագ տեղափոխվեցինք հիմնական կրակային կետ ու սկսեցինք արկեր իջեցնել՝ կրակելու համար: 80 կգ արկերն իջեցնելուց աչքս ընկավ ինձնից մի 30 մետր հեռու գտնվող մեծ ու կարմիր պտուղներով նռնենու վրա: Երկու օր ոչինչ չընդունած ստամոքսս ու կռվի լրջությունը պատկերացնող ուղեղս սկսեցին պատերազմել: Ոտքերս վազում էին՝ մեքենայից արկ իջեցնելու, բայց աչքս նռնենուց չէր կտրվում: Ուշք ու միտքս ծառին մոտենալն ու նուռ խժռելն էր:
Ականջիս սուլոց լսվեց, գլուխս վախվորած թեքեցի վերև, ու վրաս կարմիր անձրև թափվեց: Պայթյունը մի պահ խլացրել էր, ինձ գցեցի
գետնին ու սկսեցի գոռալ տղերքի անունները, որ համոզվեմ՝ բոլորը լավ են…:
Չորսն էլ լավ էին: Նայեցի կողքերս՝ ամեն ինչ նույնն էր, մենակ նռնենին չկար. արկն ընկել էր ուղիղ վրան ու փոշիացրել…: Նրա տեղում մուգ ծուխ էր բարձրանում: Տպավորություն էր, թե ընկեր եմ կորցրել: Քայլեցի թաքստոց, նստեցի հողին ու սկսեցի դեմքս մաքրել քաղցր կարմիրից: Իմ ուղղությամբ կրակված առաջին արկն իր վրա վերցրեց նռնենին»:
https://www.facebook.com/photo/?fbid=109784175229783&set=a.102786735929527