ԶԵՄՖԻՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ. «Որքա՜ն է հեշտացել հրապարակային ստախոսությունը, վայրահաչությունը, զրպարտությունը, հայհոյանքը…»
«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք գրող ԶԵՄՖԻՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
— Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:
-Ես երազում էի բանասիրական կրթություն ստանալու մասին։ Սակայն անգլերենի մասնագետ չունենալու պատճառով մեր՝ Ջերմուկի միջնակարգ դպրոցում միայն 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարաններում անգլերենի ուսուցում անցանք, որը այն ժամանակներում (1969-1970 թ․թ) բավարար չէր բանասիրականի բարձր մրցութային շեմը հաղթահարելու համար։ Խ․ Աբովյանի անվ․ պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի
մատենագիտություն և գրադարանագիտություն բաժնում անգլերենը մրցութային չէր և ընտրությունս դա եղավ։ Սկզբում տխրել էի․ մատենագիտության մասին պատկերացում չունեի, իսկ գրադարանագիտության մասին պատկերացումս շատ պարզունակ էր՝ ի՞նչ են անում, որ․․․։ Բայց հենց առաջին կուրսում դասախոսությունները, ուսումնասիրվող առարկաները ինձ գրավեցին։ Հետո շատ առիթներ են եղել, որ ես գոհ եմ եղել իմ ընտությամբ։
— Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:
-Դեռ դպրոցական տարիներից ոտանավորներ էի գրում և հոդվածներ՝ առօրյա թեմաներով, որոնք տպագրվում էին շրջանային թերթում։ 1970 թվականին արձակագիր Վլադիմիր Հարությունյանի ջանքերով ստեղծվեց «Ջերմուկ» գրական ստուդիան, որը ընդգրկում էր Սյունիքի և Վայոց ձորի ստեղծագործողներին։ Ստուդիայի հրավերով Ջերմուկ եկան Պարույր Սևակը և արձակագիր Ստեփան Ալաջաջյանը։ Մի քանի օր քննարկվում էին սկսնակ ստեղծագործողների ներկայացրած գործերը։ Ես պատմվածք էի ներկայացրել (ձեռագիր, աշակերտական տետրով)։ Ընթերցելով այն, Ալաջաջյանը առաջարկեց մեքենագրել և ուղարկել իրեն՝ իր առաջաբանով «Գարուն» ամսագրում տպագրելու համար։ Ես այդ օրերին ընդունելության քննությունների էի պատրաստվում և դա թողեցի հետոյի։ Այդ հետոն շատ ուշացավ և մնաց այս հուշը․․․ Հետո կրթություն, աշխատանք, ընտանիք և այլն։ Ստեղծագործելու համար պետք է առանձնանալ, կենտրոնանալ, նվիրվել։ Դա եղավ արդեն կենսաթոշակի անցնելուց հետո․ գրվեցին ու 2012 թ․ գրքով հրատարակվեցին առաջին յոթ հեքիաթներս՝ սեփական նկարազարդումներով։ Իսկ հետո արդեն գրվեցին ևս հինգ հեքիաթներ, հիսունից ավելի մանկական բանաստեղծություններ։ 2020 թ․ լույս տեսավ վիպակներիս, պատմվածքներիս ու մանրապատումներիս ժողովածուն։ Մանկական բանաստեղծություններիս մի մասը թարգմանվել են ռուսերեն և տպագրվել առանձին գրքով՝ հայերեն բնագրերով զուգորդված։ «Խոսող գաթաները» հեքիաթի մոտիվներով գրել եմ տիկնիկային բեմադրության պիես, այն տպագրվել է Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության «ԺԱՄԱՆԱԿԿԱԿԻՑ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» մատենաշարի 4-րդ հատորում։ Նկարազարդված և տպագրման համար պատրաստ են բոլոր հեքիաթներս և մանկական բանաստեղծություններս։
—Ձեր արձակն ու բանաստեղծությունները ծրագրային առումով ինչ ընդհանրություններ ու տարբերություններ ունեն:
-Վիպակներն ու պատմվածքները մարդկային փոխհարաբերությունների բարդ հոգեբանական դրվագներ են, կերպարների՝ բարոյականության անհատական ըմբռնումներով, մեղանչումներով, զղջումներով ու արդարացումներով։ Մանկական հեքիաթների հասցեատերերը կրտսեր տարիքի երեխաներն են, գործողությունները կատարվում են մեր օրերում, այո, մեր օրերում էլ կարելի է ստեղծել մանկական հրաշապատում հեքիաթներ․ համացանցի ու բջջային կապի հնարավորությունները ինքնին հեքիաթային են, ուղղակի պետք է ստեղծել հետաքրքիր սյուժեներ որոշակի նպատակադրվածության հենքով․ դրանք պետք է լինեն ուսուցողական, ճանաչողական ու դաստիարակչական, գրված լինեն երեխաների համար պարզ ու մատչելի բառապաշարով, գովերգեն բարին, ազնիվը, աշխատասիրությունը, սերը, հոգատարությունը շրջակա մարդկանց ու միջավայրի նկատմամբ և այլն։ Այդպիսին են նաև իմ մանկական բանաստեղծությունները։
— Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:
-Հայ կինը պետք է ընտանիքին նվիրված լինի, դաստիրակի հասարակության մեջ օրինակելի զավակներ։ Ես այդ առաքելությունը պատվով եմ կրել ու հասել ցանկալի հանգրվանի։ Հպարտ եմ իմ զավակներով։ Նրանք իմ կյանքի ամենաթանկ արդյունքն են։ Որպես գրադարանային գործի մասնագետ ավելորդ համեստություն չեմ անի ու կասեմ․ Ջերմուկի քաղաքային գրադարանը իմ համառ ու ամենօրյա ջանքերի գնով անշուք ու գրեթե մոռացված վիճակից դարձել է մարզի առաջատար գրադարան, ձեռք բերել ներկայանալի պայմաններ, ժամանակակից տեխնիկական հնարավորություններ ու դարձել ընթերցողների համար կանչող միջավայր, այն էլ՝ համացանցի ներկա մրցակցային հնարավորությունների առկայությամբ։ Պարբերաբար թարմացվել ու համալրվել է գրադարանային հավաքածուն։ Ես կարողացել եմ ըստ արժանվույն բարձրացնել գրադարանային գործի հեղինակությունը։
— «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:
-Այո, իհարկե, սերնդի դաստիարակության գործի ծանրագույն մասը կանանց ուսերին է և որքան կրթված են կանայք, այնքան սերունդը հուսալի որակներ կունենա։
— Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:
-Հպարտություն, որ հայ ենք ու Հայաստանն է մեր հայրենիքը, ուրիշ ոչինչ։ Աշխարհաքաղաքական որևէ շոշափելի ու գործնական քայլ, ավա՜ղ, երբևէ չի կապվել և չի էլ կապվում Շլիմանի վկայության հետ։
— Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:
-Խաղաղ գոյակցությունը․ լինի թե կենցաղում, թե շրջապատում և թե ներքին ու արտաքին քաղաքականությունում։ Միայն խաղաղ պայմաններում է հնարավոր մարդու բազմակողմանի ինքնադրսևորումը։
—Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործություններում:
-Ինչպիսին որ այն կա․ առանց գունազարդումների ու կեղծ պաթոսի։
— Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները իրականացնելուն:
-Եթե մասնակիցները կամ կատարողները միանման ու միատեսակ մոտեցումներ չունեն։
-Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է։
-Այսպես երկար շարունակվելը ոչ մի լավ արդյունք չի տա։ Որքա՜ն է հեշտացել վերևից ներքև և ներքևից վերև հրապարակային ստախոսությունը, վայրահաչությունը, զրպարտությունը, հայհոյանքը․․․։ Խոսքի ազատությունը մի՞թե դա է ենթադրում։
— Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:
— Խաղաղ ու հստակ սահմաններով, օրինապաշտ ու գրագետ հասարակությամբ։
ՄԱԳԱՂԱԹՑԻ