«Երբ հայտարարվի իմ մահվան մասին, մի քանի անգամ ճշտեք փաստը, ստուգեք. միգուցե կենդանի՞ եմ». Մելինա Մերկուրի
Մելինա Մերկուրի, Հունաստանի մշակույթի նախարար
Ութ տարի շարունակ Մելինան զբաղվում է ողջ Հունաստանի տարածքում հնագույն ժամանակներից պահպանված ամենաչնչին իսկ գտածոյի որոնումներով: Նրա նախարարության դռները բաց էին բոլոր արվեստագետների առջև: Մշակույթի նախարարությունը ստանձնել էր ազգային մշակույթի վերելքին նպաստելու առաքելությունը: Կառուցվում են թանգարաններ, համերգասրահներ ու թատրոններ: Մելինան դառնում է բոլոր ժամանակների լավագույն մշակույթի նախարարը: Սակայն ոչ միայն նախարարության. նրա տան դռներն էին բաց բոլորի առջև, ուր կարող էր հյուրընկալվել դժբախտը, վշտաբեկը կամ հուսահատ քաղաքացին՝ պատմելու իր ցավը: Յուրաքանչյուրը, անկախ քաղաքական կողմնորոշումից, կուսակցական պատկանելությունից, կարող էր Մելինայի հյուրը լինել, արտահայտել իր բողոքը, խորհուրդ հարցնել: Այդ տանը կարող էր մի բաժակ ջուր խմել ցանկացած ոք, ով ծարավ էր, սնվել ամեն մեկը, ով քաղցած էր, անհատույց պարտքով գումար վերցնել դրա կարիքն ունեցողը: Սիրելի պապի երբեմնի տունը մի տեսակ հարություն էր առել Մելինայի բնակարանի տեսքով, ուր ամեն ոք կարող էր խնդրարկու և հյուր լինել:
— Դժվա՞ր է ճանաչել Մելինային,- հարցրել են նրան:
«Մելինա» հիմնադրամի շենքը Աթենքում, որի հիմնադիրն է Ժյուլ Դասենը
— Ո՛չ, դժվար է ապրելը Մելինայի հետ, նրան ճանաչելը դժվար չէ, -հնչել է պատասխանը:
— Ինչու՞ է այդքան դժվար:
— Դժվար մարդ է՝ խստապահանջ, քմահաճ, նույնիսկ երես առած: Շատ սխալներ ու վախեր ունի: Դժվար է ապրել Մելինայի հետ:
1988 թ. Մելինան հիվանդացավ քաղցկեղով: Սակայն աշխատանքը կանգ չառավ: Անտեսելով մարմնական ցավերը՝ նա ժողովրդին ներկայանում էր խոստումնալից, վճռական ու վստահություն ներշնչող տեսքով:
1994 թ. մարտի 6-ին Նյու Յորքի «Մեմորիալ» հիվանդանոցում Մելինա Մերկուրիի սիրտը դադարում է բաբախելուց: Հույներն իրենց պաշտելի աստվածուհու մահը սգում են՝ եռօրյա սուգ հայտարարելով, իսկ նվիրումի պարտքը տալիս և ջերմ սիրո հավաստիքն արտահայտում են՝ նրան հուղարկավորելով իբրև ազգային ականավոր գործչի, իբրև վարչապետի: Նրա մահը համազգային խորը վիշտ էր, որն անկեղծ արցունքներով էր թրջում մարդկանց աչքերը: Երկու օր շարունակ երախտապարտ հույներն ու օտարերկրացիներն իրենց հարգանքի տուրքը նրան մատուցում և վերջին հրաժեշտն էին տալիս Աթենքի Մայր տաճարում, ուր դրված էր Մելինայի աճյունը: Հուղարկավորությունը, որին մասնակցում էր երեք միլիոն մարդ, տեղի ունեցավ 1994 թ. մարտի 10-ին՝ Աթենքի տեսարժան վայրերից մեկում՝ թիվ 1 գերեզմանատանը, որտեղ ամփոփված են հույն ազգի մեծերի աճյունները:
Մելինա Մերկուրիի գերեզմանը
Ըստ ներկաների վկայության՝ երբ Մելինայի մարմինը փոխադրող ինքնաթիռը վայրեջք է կատարել, տպավորությունն այնպիսին է եղել, կարծես ինքնաթիռից իջել է ողջ Մելինան և մահացած Ժյուլ Դասենը: Մի ականատես ավելի ուշ պատմել է, որ երբ մի քանի դերասաններով այցելել են նրան, Դասենը, հսկայական սենյակի ողջ հատակը ծածկած Մելինայի լուսանկարներով, քայլել է դրանց միջև և մեկ առ մեկ պատմել բոլոր լուսանկարների պատմությունները, տարեթվերն ու ժամերը՝ վերհիշելով Մելինայի կշտամբանքը. «Ա՜խ, Ժյուլի, դու այդպես էլ չճանաչեցիր ու չհասկացար Հունաստանը»…
Ժյուլ Դասենը մահանում է 2008 թ. մարտի 31-ին, Աթենքում և թաղվում Մելինայի կողքին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մելինայի մահվան օրը՝ մարտի 6-ը, հայտարարել է Մշակույթի միջազգային օր՝ սահմանելով «Մելինա Մերկուրի» միջազգային մրցանակը, որը ներառում է 20,000 ամերիկյան դոլար. այս մրցանակով երկու տարին մեկ պարգևատրվում են միջազգային մշակույթի պահպանման գործում առավել աչքի ընկնող անձինք և կազմակերպություններ:
Մելինան այն լուսառաք փարոսն էր, որի կարիքը մարդը զգում է խավարում հանկարծակի հայտնվելիս, երբ սպառվում է խավարից դուրս գալու ամեն փորձ, հույս, և անսպասելիորեն մի վառ աստղ ցրում է մութն ու առաջնորդում բաղձալիի, լույսի աշխարհը:
Նայելով Ակրոպոլիսին՝ հույները տեսնում Մելինային՝ իր կենսալի ժպիտով ու թափանցող հայացքով՝ միաձուլված Պարթենոնին: Անհնազանդ հայացքով այդ կինը կարծես անմար կրակի հուն էր, որ պայքարի էր կոչում հանուն գեղեցիկի, բարու աշխարհի կառուցման: Մելինան այն մարտնչող ոգին էր, որից ժայթքում էր կյանքի ծարավն և ազատության տենչը:
Մելինա Մերկուրիի կիսանդրին Աթենքի Մերկուրի հրապարակում
Հարցին, թե ո՞րն է մարդկային երջանկությունը, պատասխանել է.
«Երջանիկ եմ զգացել, երբ մանուկ հասակում նվեր եմ ստացել իմ առաջին քաղցրավենիքը… Երջանիկ եմ զգացել, երբ առաջին անգամ սիրով եմ զբաղվել… Երջանիկ եմ զգացել, երբ իմ առաջին մրցանակն եմ ստացել Կաննի կինոփառատոնում՝ որպես լավագույն դերասանուհի… Երջանիկ եմ, որ ինձ շրջապատող իմ սիրելի մարդիկ ինձ հավատում են, որ նրանք հավատով են լցված դեպի ապագան… Սա է երջանկության իմ մեկնությունը»:
Մելինա Մերկուրիի խաղացանկը կինոյում.
1. «Ստելլա» 1955. (“Στέλλα”)
2. «Քրիստոսը կրկին խաչվում է» 1956. (”Celui qui doit mourir”)
3. «Բարոնը և գնչուհին» 1957. (”The Gypsy and the Gentleman”)
4. «Օրենքը» (Հունաստանում ցուցադրվել է «Էգ դևը» վերնագրով) 1958. (”La legge”)
5. «Երբե՛ք կիրակի» 1958-1960. (”Never On Sunday”)
6. «Կեցցե սերը» 1960. (”Vive Henri IV… vive l’amour!”)
7. «Մեծ ճգնաժամի ժամանակ» 1961. (”Il giudizio universale”)
8. «Ֆեդրա» 1962. (”Phaedra”)
9. «Հաղթողները» 1963. (”The Victors”)
10. «Տոպ կապի» 1964. (”Topkapi”)
11. «Մեխանիկական դաշնամուրներ» 1965. (”Los pianos mecánicos”)
12. «Հանդիպում Լիսաբոնում» 1966. (”A Man Could Get Killed”)
13. «Չիկագոյի թագուհին» 1969. (”Gaily, Gaily”)
14. «Արշալույսի խոստումը» 1970. (”Promise at Dawn”)
15. «Փորձություն» 1973. (”The Rehearsal”)
16. «Մեկ անգամը բավական չէ» 1974. (”Once Is Not Enough”)
17. «Խորամանկ օրենքներ» 1976. (”Nasty Habits”)
18. «Կանանց ճիչը» 1978. (“Κραυγή Γυναικών”
Սույն նյութը սիրով նվիրում եմ Մելինա Մերկուրիի լուսավոր հիշատակին, Հունաստանի Հանրապետությանը՝ իմ երկրորդ հայրենիքին, որն իր ջերմ գրկում արդեն 20 տարի փայփայում է ինձ, հույն ընկերներիս և բարեկամներիս, որոնք բոլոր այս տարիների ընթացքում մշտապես գտնվում են իմ կողքին կյանքիս երջանիկ ու տխուր պահերին:
Պերճ Դոլինյան
Աղբյուրը` Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan