«Երանի՜ այսպես եկող-գնացողներին». Արա Բերքյան
Մարդը, որ ապրում էր Արցախով և երազում էր ապրել Շուշիում:
«Արցախ գալով՝ ես ինքս ինձ համար գտա մի նոր Արա Բերքյանի: Հաստատեցի ինքս ինձ: Թերևս երկու-երեք տարի հետո վերջնականապես կգամ Արցախ: Եթե արցախցիները ինձ ընդունեն՝ կդառնամ շուշեցի: Կնախանձեմ Շուշիում ապրողներին: Այս խաչքարերի գոյությունն եմ ցանկանում արցախցիներին, որ իր արդարացի պայքարն է մղում, իսկ արդարությունը միշտ էլ հաղթում է: Կգա այդ օրը» ( հարցազրույցից):
Նա ուներ իր բառը: Բառը հարցականով՝կճանչնա՞ս … «Սուրբ Մեսրոպ եկեղեցին Տաք գյուղում կճանչնա՞ս»: «Մազի կամուրջը Կառկառ գետի վրա կճանչնա՞ս»: «Վարանդայի Մելիք Շահնազարյանների աթոռանիստի պարիսպը կճանչնա՞ս»: «Արաքս գետի տասնհինգ աչքանի կամուրջը կճանչնա՞ս»: «Իշխանագետի Հալիվորի կամուրջը կճանչնա՞ս»: «Որվան-Ազոխ քարանձավը կճանչնա՞ս»: «Ծծախաչ-Թաղլար քարայրը կճանչնա՞ս»: «Ղարաբաղում գտնված Տիգրան Մեծի պատկերով արծաթե դրամը կճանչնա՞ս»: «Գլխո կամ Հոռեկավանքի գերեզմանատան տապանաքարերը կճանչնա՞ս»: «Գանձասարի մասին Յակոբոսոնի խոսքը կճանչնա՞ս՝ հորինվածքով՝ խիզախ, կառուցվածքով՝ իմաստուն և Հայաստանից դուրս ոչ մի տեղ չկռված»: « Թարգմանչած եկեղեցին կճանչնա՞ս»: «Ճարտարը կճանչնա՞ս: Ամբողջ Ղարաբաղը ճարտար է կճանչնա՞ս»: «Կիրակոս Գանձակեցու պատմությունը կճանչնա՞ս»… Այդպես ՝ կճանչնա՞ս, կճանչնա՞ս… Նա կարող էր անձանձիր հազար անգամ ասել՝ կճանչնա՞ս: Պատմաճարտարապետական հազարավոր հուշարձաններ, հուշարձաններին նվիրված անուններ, պատմություններ, զրույցներ ունի Արցախը: Ամեն մի անուն արտաբերում է երախտիքով , այն իր սրտի մեջ, լեզվի վրա դարձնելով խնկելի:Ամեն մի անուն ասելուց հետո թվում է, թե ճանապարհ է ընկնում: Ճանապարհ, որ տանում է դարերի խորքը: Վանքերի, եկեղեցիների, պարիսպների չափ գիտի ամեն մի մատուռ, աննշան համարվող ամեն մի հնության տեղ: Բոլորի տեղը գիտի: Նա առաջին անգամ էր լինում Արցախում: Տեղացիններից մեկը ճիշտ նկատեց. «Ոչ մի կույր աշուղ իր սազի լարերի տեղն այնպես չգիտի, ինչպես մեր հյուրը՝ Արցախի հնությունների տեղը»: Այս խոսքի վրա ժպտաց. « Սխտորաշենի երկու հազար քսան տարեկան չինարին կճանչնա՞ս: Պատիվ է այստեղ շունչ առնելը»:
-Արա Բերքյան: Ձեռափը, երգի նման նվիրելու պատրաստ հարազատորեն արտաբերած անուն-ազգանունը մատնեցին հոգու ջերմությունը: — Շատերը Բերկյան կասեն ու կգերն: Այդպես չէ: Բերքյան: Միայն ք-ով: Բերք բառն է, բերք, ցորենի բերք… Բերքառատ դաշտեր, այգիներ: Պապերս Բիզալիկյան եղած են: Ես Բերքյան եմ:
— Բերքն, անշուշտ, լավ է, բայց լավ ասենք նաև բերկ, բերկրանք, բերկրալի, բերկություն, բերկրա… բառերին: Օրինակ, հրապարակախոսիս համար բերկրալի պահ է, երբ հանդիպում է ճարտարապետության դոկտոր Վիսբադենի քաղաքապետարանի ճարտարապետ, մի քանի գրքերի հեղինակ, մի քանի անգամ Հայաստան այցելած, Մայնցի հայ համայնքի նախագահ Արա Բերքյանին՝ համայնքի հանգանակած ու վստահված օգնությունը: Արցախ հասցրած հայ մարդուն: Կրկնակի բերկրալի է, որ ես ձեզ հանդիպում եմ ձեր կնոջ, սիրելի Լիզայի հետ: Ուրեմն՝ բերկրալին, բերկրանքը թող մնան ձեր կյանքի մեջ:
— Երբ Շուշի գնամ մշտական բնակության, թող բերկրանքը մտնի իմ կենսագրության մեջ… Մեր պատմությունը, ճարտարապետությունը ես իմ գործուն նվիրվածությունը կբերեմ, այդ մի մաղթանքն էլ ինձ կտամ, որովհետև արժանի կհամարեմ…
Հոգում, սրտում գաղտնիք չունի: Ոնց որ մարդ ասի ուզում եմ տուն կառուցել: Ոնց որ մարդ ասի՝ ես տուն ունեմ: Այդ ասելու նման էր հնչում՝ Շուշիում ապրելու տարիներ ունեմ:
— Անուն- ազգանվանդ նման լիքն ես, ասացի մտերմորեն,- կանչող և վաստակած:
— Անելիքներ շատ ու շատ կան: Արածի տերը չեմ: Երեկ ապրած կյանքիս չեմ այլևս: Ամեն մեկս ինչ արել ենք՝ մոռանանք: Գործը նոր է սկսվում: Հայաստանը չտեսած՝ միշտ էլ հայաստանցի եմ ինձ համարել: Արցախը չտեսած՝ միշտ էլ արցախցի եմ ինձ համարել: Պարտքս մարելու համար, գոնե մի քիչ մարելու համար պիտի ապրեմ Շուշիում: Հայ մտավորականը պիտի ձգտի ապրել Շուշիում:
Երկրաշարժի ցնցող լուրը նաև Արա Բերքյանին բերեց Հայաստան: Էլ իր տեսած Հայաս-տանը չկար: Ամեն մի տուն նրա համար ճարտարապետական կոթող էր: Այս ի՞նչ կոթողներ են փլվել, այս ի՞նչ զանգեր են լռել: Մարդիկ, մանուկներ…
Վերջերս երկու-երեք տասնամյակների ընթացում մեր ժողովուրդի, հայ մշակույթի մեր դեսպանը Արա Բերքյանը, իմ ընկեր Էննո Մեյերի հետ այնպիսի գիրք է ստեղծել, որի գերմաներեն հրատարակչությունը պարզապես ցնցել է ընթերցողին ( հայերեն առայժմ միայն հատվածներ են տպագրվել):
Մայնցի հայկական համայնքն իր «Բանբեր» թերթն ունի: Հայերեն ու գերմաներեն: Ինչ էլ լինի՝ պետք է երեխաներին սովորեցնել հայերեն: Դպրոցը հարկավոր է:
…Դպրոց է, մի սրահ է, Մաշտոցի դիմանկարն է, պատերին Հայաստանի ու Արցախի քարտեզներն են, մեր եռագույնն է փողփողում. մեր զինանշանն է, արթնացնող խոսքեր են՝ «Ապրելու համար պետք է հիշել», «Գովք լեզվին» , Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարներն են. «Հայաստանի Հանրապետություն, սեպտեմբերի 21-ը անկախության օր» … Համայնքի նախագահ Արա Բերքյանը շնորհավորում է բոլորին, հիշեցնում, որ յուրաքնչյուր ազգի ինքնության կարևորագույն բնորոշիչը լեզուն է: « Մայրենի լեզուն մեզ կօգնի՝ հավատարիմ մնանք մեր ծագումին՝ հայությանը: Ահա թե ինչու , յուրաքանչյուր պարտք ունենք ոչ միայն սիրելու, այլև լավ իմանալու մեր զավակներին ժառանգելու հայերեն լեզուն»:
Չեմ կարող չկարդալ տարեմուտի մի հանդեսի ծրագիրը, որտեղ նորից երևում է համայնքի ոգին: Բացման խոսք՝ Արա Բերքյան: «Մեր հայրենիք» օրհներգը կատարում է Մայնցի հայկական համայնքի երեխաների խումբը, նվագակցում է Սուսաննա Դավթյանը: Այսպես՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Շիրազ, Կապուտիկյան, Սևակ, այսպես Շոպեն, Մոցարտ, Բախ… Կատարողները՝ երեխաներ: Այսպես՝ Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի» կատարում է Լիզա Բերքյան-Աբրահամյանը: Այսպես՝ հայկական ժողովրդական պարեր՝ բոլորի համար: Մյուս սրահի մեջ զեկուցում՝ «Հայաստանի և Արցախի մասին»: Այսպես՝ հայոց կյանք, կյանքի երակի մոտ կանգնած անձնվեր մի հայ՝ Արա Բերքյան:
Ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը վկայում է.
«Հարազատ ժողովրդի ճարտարապետական ժառանգությունը ուսումնասիրման տենչը քառորդ դար առաջ նրան Հայաստան բերեց: Ծանոթացանք և հայտնեց, որ զբաղված է միջնադարյան Հայաստանի բերդերի ու ամրաշինական արվեստի ուսումնասիրմամբ, խնդրեց խորհրդատու լինել, տրամադրել նյութեր, ծանոթացնել Հայաստանում գտնվող մի քանի բերդերի: Արայի հետ բարձրացանք լեռները, եղանք Ամբերդում, Բջնիում, Սմբատա-բերդում … Նյութերի հարուստ ավարով մեկնեց Բերքյանը, որից հետո մեր միջև հաս-տատվեց կանոնավոր նամակագրություն: Իմացա, որ հայցել է դոկտորի աստիճան, թեման ընտրելով միջնադարյան Հայաստանի պաշտպանական բերդամրոցները: Ապա այն հրատարակեց գերմաներեն որպես մենագրություն: Գիրքը լրացրել է բազմաթիվ գծագրերով, լուսանկարներով, պատմական քարտեզներով: Մենագրության մեջ ներգրավված են նաև վանք-ամրոցներ: Իմ հարուստ գրադարանում ես պահում եմ նաև Արա Բերքյանի արժեքավոր գիրքը, որը «երախտագետ հեղինակը» նվիրել է ինձ… Արա Բերքյանին հանդիպում էի ոչ միայն Հայաստանում, այլև հայ արվեստին նվիրված միջազգային գիտաժողովներում, ավելի շատ Իտալիայում: Այդպիսի մի գիտաժողովում. 1988-ին Վենետիկում, նա ելույթ ունեցավ ոմանց տարօրինակ թվացող թեմայով՝ հայ վարպետների մասնակցությունը Գերմանիայի որոշ հուշարձանների կառուցմանը: Որպես ապացույց նա խնամքով հավաքել էր քարերի վրա հայ վարպետների թողած նշանները, նաև հայերեն տառաձևերը: Արա Բերքյանը մշտապես հետևում էր հայ ճարտարապետության վերաբերյալ արտասահմանում լույս տեսած աշխատություններին: Բարեկամս մի զայրագին նամակ ուղղեց ինձ հայտնելով, որ Էդի Նոյբաուերի հայկական ճարտարապետությանը նվիրված գրքում նենգափոխված են հայ-վրացական ճարտարապետության առնչությունները, առանձին հուշարձանների կառուցման թվագրությունները: Արա Բերքյանը ճշմարտությամբ զինված հանդես եկավ, նաև պահանջեց հեղինակից, որ իր խոսքն ասի: Եվ հեղինակը մեղանչեց, որ դա կատարել է խորհրդատու վրացի գիտնականների թելադրությամբ»:
Կյանքում միշտ լավատես Արա Բերքյանը լավատես էր նաև նամակներում: Նա հավատում էր, որ «ձմեռեն ետք գարուն կուգա» հավատում էր, որ մեր ազգը այս ձմեռվա «պաղերում ալ պիտի տոկա», ներկա դժվարությունները պիտի հաղթահարի… Արա Բերքյանը մեծ գործ արեց, հայ ճարտարապետությունը ներկայացրեց աշխարհին, «Հռենոսի և Արաքսի միջև» գրքում գերման ժողովրդի ներկայացրեց արիացի հայերիս:
Լրագրող, ազատամարտիկ Շուշանիկ Դահրավեցին վկայում է.
«Արցախի հուշարձանների մասին խոսում էր երկյուղածությամբ: Նա ճանաչում էր ամեն մի հուշարձան: Պատմում էր Արցախի իշխանների, մելիքների, ճարտարապետների, քարագործ վարպետների, հոգևոր առաջնորդների, գրիչների, մշակների մասին: Այնպես էր պատմում, որ թվում էր, թե տեսել է նրանց, հետները դարավոր ճամփա կտրել: Իսկ երբ տեսավ Գանձասարը, ուրախությունից շունչը կտրվում էր, ոնց որ վաղուց չտեսած իր հարազատին է հանդիպել: Հետո ասաց. «Գրել եմ ու պատմել ճարտարապետության այս մարգարիտի մասին: Հեռվից հեռու, առանց տեսնելու: Հիմա աչքերիս չեմ հավատում: Հոգիս խաղաղվեց, Արցախը տեսա»:
Գանձասարը տեսավ:
Արցախը տեսավ:
Տեսավ Շուշին:
Պաշտշանական ամրությունները տեսավ, Ղազանչեցոց սուրբ Ամենափրկիչ եկեղեցին տեսավ, Կանաչ ժամը տեսավ: Քաղաք է եղել: Մի հայացքով յոթ եկեղեցի է երևացել: Մշակույթ է ստեղծել Շուշին: Ավերել են, ավերել են, ավերել են…
Շուշին աշխարհի գեղեցկությունն է: Ի՞նչ բարբարոս ձեռք է եղել՝ վառելու հավերժալույս գեղեցկությունը: Ստեփանակերտում երկար էր նայում «Մենք ենք մեր լեռները» քանդակը: Մենք կանք մեր լեռների պես: Հավերժ ենք, կանք:
Մեր զրույցը կիսատ մնաց: Երկրորդ հանդիպում ու զրույց չեղավ:
Արա Բերքյանը գնաց: Ասաց՝ քեզ պիտի իմ տունս հրավիրեմ, այնտեղ կզրուցենք: Ես ո՞վ Գերմանիան ով: Ասաց՝ երեք տարի հետո Շուշի, իր տուն է հրավիրելու:
Այս տարի փետրվարի 5-ին Գերմանիայում հանգավ մեր հայրենակիցը, նորից լուրեր էր լսում, նորից ավերածություններ, նորից սպանվածներ, վիրավորներ: Սիրտը չդիմացավ: Կինը՝ Լիզան, պիտի ասի, որ վերջին խոսքերն էին՝ Հայաստան, Արցախ, Շուշի… Պիտի ասի, որ նա մտքով ապրում էր Շուշիում ու մտածում էր շուտ վերադարձի մասին:
Ապրիլի 20-ին Արա Բերքյանը դարձավ 60 տարեկան: Հռենոսի ու Արաքսի միջև կանգնած է նա հպարտ, հավատով, արծվենի: Խոնարհվենք նրա մեծության և դեռ նոր ճանաչելի դարձող նրա մեծ վաստակին:
Հրաչյա Մաթևոսյան
«Լրագիր», ապրիլի 20 1994
Լիզա Բերքյան-Աբրահամյանի ֆեյսբուկյան էջից