«Ես որ խաչմերուկում էլ կանգնեմ, անմիջապես թատրոն կդառնա». Վարդան Աճեմյան
Ծննդավայր, ծննդավայր… Ինչ ասեմ, Վանի գրողները, հատկապես Մահարին, շատ լավ են նկարագրել քաղաքը, մարդկանց, կենցաղը: Հիշում եմ Զըմբ-զըմբ-մաղարան, այսինքն՝ քարայրը: Ասում էին, թե դա Մհերի դուռն է: Չէինք համարձակվում մտնել, զանազն ձայներ էին լսվում: Պատմում էին, թե ծայրը գնում-հասնում է ծովին:
Շատ փոքր էի, որ դպրոց գնացի: Մորս շնորհիվ արդեն գրաճանաչ էի: Հայրս նույն դպրոցի ուսուցչապետն էր՝ Մկրտիչ Աճեմյան: Մայրս՝ Կալիփսեն, զվարթ կին էր: Որքան հիմա կարող եմ դատել՝ ուներ դերասանական ձիրք:
Երբ մեր տանը հավաքույթներ էին լինում, երգում էր, պարում, ուշադրություն գրավում: Հայրս նրա հակապատկերն էր՝ զուսպ, կենտրոնացած, ինքն իր մեջ ամփոփված, հազարից մեկ խոսք ասող: Բայց եթե ծիծաղը բռներ, արցունքներ կթափվեին աչքերից:
Մանկությունից գտնվել եմ մտավորական շրջապատում: Իմ ընկերական շրջապատը Մահարին էր, Աղասի Խանջյանը, որ մորաքրոջս տղան էր: Իմ սերը դեպի նկարչությունը Աղասուց է եկել: Գալիս էր մեր տուն, բարձրանում մեր տան կտուրը և նկարում… Նայում էի ու զարմանում: Ծնողներս թատերասեր էին: Մորեղբայրս թատերական գործի կազմակերպիչներից էր Վանում: Մի կարճ ժամանակ հաճախեցի դպրոց: Պատերազմը, հետո հայերի անապահով վիճակը ստիպում էին դասերը կիսատ թողնել, գնալ տուն: Հիշում եմ ապրիլյան հերոսամարտը: Հայրս այդ իրադարձությունների մասնակիցն էր: Հիշում եմ ռուսական բանակի մուտքը, ռուսների նահանջը, վերջապես գաղթը… Մի օր էլ արթնացանք՝ Աբաղայի դաշտն է. մի կողմից գեղեցիկ բնություն, մյուս կողմից՝ գաղթականներ: Մեկ էլ հայրս հայտնվեց ձիով, մեզ էր փնտրում: Տեսա ու ճչացի: Եկանք Իգդիր, Էջմիածին, Երևան, հետո Թիֆլիս: Հորս հրավիրեցին Ալեքսանդրապոլ: Թատերական խումբ ստեղծվեց: Ես էլ այդ խմբում էի: Սովորել եմ հիմնականում Երևանում: Հայրս համոզված էր, որ ես նկարիչ եմ դառնալու: Միաժամանակ ջութակ էի սովորում ու նկարչություն: Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան եկավ Երևան… Հայտարարեց ընդունելություն: Քննություն տվի և ընդունվեցի: Ասքանազ Մռավյանից կարգադրություն եկավ՝ ստուդիան ավարտած դերասաններին ուղարկել Երևան: Ինձ էլ ավարտեցրին, թեև նոր էի եկել: Ես մնացի Մոսկվայում: Մտածեցի՝ ինչ եմ սովորել, որ գնամ: Ուզում էի ռեժիսոր դառնալ: Լսեցի, որ Պրոլետկուլտին կից գործում են ռեժիսորական դասընթացներ: Միաժամաակ դիմում ներկայացրի կինոստուդիա: Բայց հետո հրաժարվեցի կինոդերասան դառնալու մտքից: Լավ ուսուցիչներ ունեինք: Քառասուն հոգի էինք: Երկու հոգի ավարտական ստացանք:
Եկա Լենինական… Լենինականի թատրոնում և՛ բեմադրում էի, և՛ խաղում: Մեծ հաջողություն բերին ինձ «Լեռը» և «Մարոկկոն»: Մի տասը տարի մնացի Լենինականում: 1938-ին փոխադրեցին Երևան՝ Սունդուկյանի թատրոն: Հանձնարարեցին «Պատվի համար», որ իմ մտքում չկար և չէի ուզենա դրանով անել իմ առաջին քայլը Երևանում: Լենինականի և Սունդակյանի թատրոնները համատեղեցի մինչև 1946-ը: Բացի Սունդուկյանից գործել եմ երաժշտական կոմեդիայի թատրոնում, նաև օպերայի թատրոնում:
Ինձ շատ է օգնել նկարչական վարժությունս: Ինձ համար պատահական ոչինչ չկա բեմում: Խտացված հոգեբանական վիճակներ, ինչպես անել, որ ավելի արտահայտիչ լինի: Այստեղից էլ հակադրություններին դիմելու ձգտում հատկապես տրամադրության իմաստով: Ներկայացումս կարող է թույլ լինել, բայց ձանձրալի՝ ոչ: Լավ ներկայացումն այն է, որի լեզուն չգիտես, բայց հասկանում ես, թե ինչ ներքին ապրում ունի հերոսը:
…Ես որ խաչմերուկում էլ կանգնեմ, անմիջապես թատրոն կդառնա:
Վարդան Աճեմյան