Մի դիմանկարի պատմություն. Ալեքսանդր Գրիգորյան
«Գրիգորյանը իսկական դիմանկարչին հատուկ ձիրք ունի: Շատ ուրախալի է, որ նա կերպարվեստի այդ ամենաբարդ ժանրի ասպարեզում լավ արդյունքների է հասել: Սուր աչք ունի, բնորդի արտաքին ու ներքին նմանությունը որսալու եւ միաժամանակ կտավի գեղանկարչական որակը պահելու ընդունակություն»:
Սարյանի մասին պատմեք` խնդրում եմ նրան: Ալեքսանդր Գրիգորյանի աչքերը փայլում են ոգեւորությունից, ու նա ընդհատում է նկարելը` «Գիտե՞ս, ես Սարյանի մասին կարող եմ անվերջ, անդադար խոսել, ասում է արվեստագետը, Վարպետի հետ իմ ծանոթությունը կայացել է 1947-ին, երբ ես ավարտում էի Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Այդ ժամանակ նա պիտի գլխավորեր ավարտական քննական հանձնաժողովը եւ ինձ էր վստահված Սարյանին ուսումնարան ուղեկցելու պարտականությունը: Եվ ահա պայմանավորված ժամին ես նրա տանն եմ, Վարպետն ինձ թեյով հյուրասիրեց, հետո մենք ուղեւորվեցինք ուսումնարան: Մինչ հանձնաժողովին մոտենալը, նա ինձ ասում է`«Արի առաջինը քո նկարը նայեմ, տեսնեմ ինչպիսի նկարիչ ես դու, Ալեքսանդր»: Ու ես Սարյանին եմ ցույց տալիս «Հունձ» կոչվող իմ կտավը: Նա երկար- երկար նայեց իմ նկարին ու գոհունակ դեմքի արտահայտությամբ ասաց. «Դու արդեն նկարիչ ես, Ալեքսանդր»: Եվ դա իմ կյանքում լսված ամենաոգեւորիչ արտահայտությունն էր, որն իմ հասցեին ասել էր ոչ ավել, ոչ պակաս մեծն Սարյանը: Այս հանդիպումը հետագայում բարեկամության վերածվեց, ստեղծագործական նորանոր ձեռքբերումների առիթ հանդիսացավ: Մինչ այդ ես ետեւում էի թողել իմ ծննդավայր Լենինականը, Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցը, արդեն նաեւ Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Ինձ գեղարվեստաթատերական ինստիտուտն էր սպասում, ինչպես նաեւ կյանքը` բազում հանդիպումներով եւ ոգեւորություններով», պատմում է նկարիչը: