«Եթե նույնիսկ իմ կյանքի ընթացքում ինձ չհաջողվի վերադարձնել մարմարները, ապա երբ էլ որ դրանք վերադառնան, ես նորից կծնվեմ». Մելինա Մերկուրի
Սկիզբը` «Իմ մասնագիտությունը դերասանուհի է, սակայն իմ գերագույն պարտքը քաղաքացի լինելն է». Մելինա Մերկուրի,
Մելինա Մերկուրի. վերջին հույն աստվածուհին
Մաս երրորդ
Անընդմեջ պայքարը, հեռավորությունն ու կարոտը Հունաստանի նկամամբ ուժասպառ են անում Մելինային, և նրա հմայիչ ժպիտը սկսում է նկատելիորեն թախծոտ դառնալ: Խոշոր, գեղեցիկ աչքերը հաճախ են արցունքոտվում: Տունդարձի բաղձանքը ծվատում է հայրենակարոտ սիրտը, կոտրում ոգին, սակայն զենքը վայր չի դնում: Շարունակում է երգել ու խաղալ իր դերերը: Հույն աշխարհահռչակ երգահան Միկիս Թեոդորակիսի հայրենասիրական երգերը արցունքոտ աչքերով էր փոխանցում ժողովուրդներին:
1972թ. մոր մահը թևաթափ է անում նրան: Հարկավոր էր հայրենիք մեկնել՝ կազմակերպելու թաղման արարողությունը: Խունտան միայն 13 ժամ է տրամադրում Մելինային, որից հետո դերասանուհին վերադառնում Փարիզ, որտեղ բնակվում էր այդ տարիներին:
Դասենի՝ «Փորձություն» նոր կինոնկարը (գլխավոր դերերում՝ Մելինա Մերկուրի, Միկիս Թեոդորակիս, հույն ճանաչված երգահան Յաննիս Մարկոպուլոս) նվիրվում է 1973 թ. նոյեմբերի 17-ի «Պոլիտեխնիոյի» (Հունաստանաի պոլիտեխնիկական համալսարանի) ուսանողների՝ Խունտայի դեմ կազմակերպած դիմադրությանը, որի արդյունքում հունական դիկտատուրան տապալվեց: Բռնապետության անկումից երեք օր անց Մելինան վերադարձավ հայրենիք միանգամայն նոր՝ քաղաքական գործիչ դառնալու ծրագրով՝ շարունակելով պապի և հոր գործը: 1977 թ. ընտրվում է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր:
1978-ին նկարահանվում է իր վերջին՝ Դասենի՝ «Կանանց ճիչը» ֆիլմում: 1981-ին հրաժեշտ է տալիս նաև թատրոնին և նվիրվում քաղաքականությանը: Վարչապետ Անդրեաս Պապանդրեուի կողմից նշանակվում է Հունաստանի մշակույթի նախարար: Մելինայի վարած քաղաքականությունը նրան դարձնում է Հունաստանի նորագույն պատմության ընթացքում լավագույն նախարարը: Ութ տարի զբաղեցնելով այդ պաշտոնը՝ նա ապացուցեց իր նվիրվածությունը երկրին ու ժողովրդին, հաստատեց այն ճշմարտությունը, որ մշակույթը հատկապես փոքր, հնագույն ազգերի քաղաքականության հիմքը պիտի դառնա, քանի որ դրա մեջ է նրանց երկարակեցության գաղտնիքը: Մելինայի հայացքը սևեռված էր Պարթենոնի կողոպտված մարմարները հայրենիք վերադարձնելու խնդրին:
1982 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր երկրների մշակույթի նախարարների վեհաժողովում Մելինան առաջին անգամ պաշտոնապես Հունաստանի հանրապետության անունից բարձրացնում է մարմարներին առնչվող խնդիրը: Բրիտանիայի կտրուկ ու հեգնական մերժումը, թե Հունաստանը չունի մարմարե քանդակները պատշաճորեն պահպանելու հնարավորությունը, Մելինային անդրդվելի թողեց: Վեճի բռնվելով Բրիտանիայի մշակույթի նախարարի հետ՝ նա մասնավորապես ասել է.
«Պարթենոնի մարմարները մեր ազգային հպարտությունն են, հույն ազգի ինքնությունը, անձնագիրը, դրանք են մեզ կապող թելը մեր անցյալի հետ, դրանք են մեզ հաղորդակցում հին Հունաստանի հրաշալի ոգու և փիլիսոփայության հետ: Դրանք մեկ ամբողջություն են կազմում հույների կողմից աշխարհում տարածված հասկացությունների՝ դեմոկրատիայի և
ազատության փիլիսոփայության հետ: Դրանք ունենալը, պահպանելը մեր իրավունքն է, մեր սուրբ պարտքը մեր ազգի գենի առջև: Արդյոք դուք՝ քաղաքակիրթ համարվողներդ, գիտակցու՞մ եք, որ ոչնչացրել եք համաշխարհային մշակույթի կոթողներից մեկը՝ մասնատելով այն ամենաանպարկեշտ ձևով՝ կողոպտելով: Դուք՝ քաղաքակիրթ համարվող անգլիացիներդ, հաշմանդամ եք դարձրել Պարթենոնը: Դուք, եթե իսկապես
ձեզ քաղակիրթ եք համարում, ապա պետք է ընդունեք մեղքի ձեր բաժինն ու վերադարձնեք գողոնը հույն ժողովրդին: Դուք դրանք գողացել եք ոչ միայն հույն ժողովրդից, այլև ամբողջ աշխարհից և բանտարկել ձեր ազգային թանգարանում՝ այցելուներից անհաշիվ գումարներ կորզելու նպատակով: Դիմում եմ ձեզ մեկ հարցով. աշխարհում քանի՞ Պարթենոն գոյություն ունի, պատասխանեք խնդրեմ, շա՞տ Պարթենոններ կան»:
Գիտաժողովի ավարտից հետո Մելինան վճռեց Աթենքում կառուցել Ակրոպոլիսին վայել շքեղ և ընդարձակ թանգարան, որտեղ մնացած գտածոների հետ միասին կպահպանվեն կողոպտված մարմարները:
Համոզված էր, որ կապրի և կկառուցի այդ թանգարանը, կտեսնի
մարմարների վերադարձը հայրենիք: Բայց և այնպես, ասել է. «Եթե նույնիսկ իմ կյանքի ընթացքում ինձ չհաջողվի վերադարձնել մարմարները, ապա երբ էլ որ դրանք վերադառնան, ես նորից կծնվեմ»:
Ակրոպոլիսի՝ Մելինայի համար բաղձալի թանգարանն իր դռները բացեց միայն 2009 թվականի հունիսի 10-ին, երբ Մելինան այլևս կենդանի չէր: Բրիտանացիների կողմից մարմարների վերադարձը Հունաստանին դեռևս տեղի չի ունեցել:
Նյութը՝ Պերճ Դոլինյանի
Աղբյուրը` Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan ֆեյսբուկյան էջ