ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ. Կայքը առցանց մատյան է, իրական մագաղաթյա ձեռագրատուն
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, հոգեբան ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ Մագաղաթ պատմամշակութային կայքի մասին
Մագաղաթ.ամ կայքի ամենաառաջին համակիր հետևորդներից մեկը լինելով՝ անկեղծորեն ուզում եմ շնորհակալ լինել իբրև ընթերցող՝ այն վեհացնող ու ազնվացնող պահերի համար, որ կայքում տեղադրված նյութերի ընթերցումն է պարգևում:
Կայքը առցանց մատյան է, իրական մագաղաթյա ձեռագրատուն: Անվանումը բնորոշ է իր գործառնությանը, այն է՝ «սեփական կաշվի վրա» վերցնել հայապահպանմամբ մտահոգ անդուլ ու անխոնջ սերմնացանի դերը:
Ինչո՞ւ չէ, ազգայնական նահանջի այս դժվարին ժամանակներում կոչված է նաև հոգևոր այլափոխման մառախուղը ցրել մագաղաթե ձեռքով՝ դառնալով մշակութապահպանման ջահակիր: Հանու՞ն: Հանուն նոր ժամանակների դիմապատկերով հայի համակողմանի ու ներդաշնակ զարգացման: Այս ամենը, ինչ խոսք, անչափ կարևոր ու մտահոգիչ խնդիր է ինձ համար՝ որպես կրթության գործի պատասխանատու, որպես մտավորական, ում առաքելությունը դպրոցի պատերում և նրանից դուրս սերունդների միջև կապող օղակ ու հայեցիության ջատագով լինելն է:
Ասվում է՝ ապագա չունի այն ժողովուրդը, որն իր անցյալը չի ճանաչում: Իրավ որ, անցյալի ու ներկայիս ճշմարիտ ավանդները հավատարմորեն մատուցելը, այն էլ՝ այսպիսի փոփոխությունների ժամանակներում, անգնահատելի է:
Սիրելի՛ մագաղաթցիներ, դուք մեր մշակույթի գանձատուփը բաց եք պահում սերնդի հայացքի առաջ, որն ակամա տարվում է երբեմն անարժեք կցմցումներով եվրոպականացված խառնածին որակներով: Անծանոթության հմայքին տեղի տալով՝ առավել պատրաստ է յուրացնել օտար մշակութայինը: Տպավորություն չստեղծվի, թե դեմ ենք դրան: Մեր մեծ մտածողների հայացքը միշտ էլ ուղղված է եղել դեպի արևմուտք… բայց ոչ՝ առանց դավանանքի:
Աչք չփակելով նահանջի առաջ՝ օգնում եք, որ բարձրանանք ինքներս մեզնից: Մեր ներկայանալիությունը աշխարհին մշակույթով է, և զգույշ ու իմաստուն քայլեր եք հուշում: Երիտասարդության մեջ ոգևորության պակաս կա. հակազդման ի՜նչ «տեխնիկական հագեցվածություն» է պահանջվում՝ նրան ոչ միայն գիտելիք տալու, այլև ճշմարտության ճանապարհի վրա պահելու համար:
Այդ ամենը անելու համար, իրավ որ, մի բուռ Աստված պիտի ներսում լինի:
Ու դա բովանդակային ի՜նչ գեղեցիկ գործելաոճով են անում մագաղաթցիները՝ ոչ թե դատելու, քննադատելու, այլ լուսավորելու, հատիկ-հատիկ մոմ վառելու ճանապարհը բռնած:
Ուզում եմ, որ գտնվեն աջակիցներ, որ տևական ու շարունակական լինի կայքի անցնելիք ճանապարհը, ուզում եմ՝ հատկապես երիտասարդներին հետևորդներ դարձնելու ուղիներ ու ճանապարհներ որոնվեն: Դրանում, պարզ է, մեծ է ուսուցչության դերը: Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացնում ենք մեզ…
Անխաթար ու անխափան ուղի, սիրելի Մագաղաթ.ամ…